Բյուզանդիան Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով նրա արևելյան մասում առաջացած պետություն էր IV դարի վերջից մինչև XV դարի կեսերը: Իր ողջ պատմության ընթացքում քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ:
Բյուզանդիայի պատմության սկիզբ ընդունված է համարել 395 թ., երբ Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվել է Թեոդոսիոս Մեծ կայսեր երկու որդիների միջև: Արևելյան մասը (Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան, Ասորիքը, Պաղեստինը, Եգիպտոսը, Հայաստանի և Ղրիմի թերակղզու մի մասը) բաժին է ընկել Արկադիոսին, իսկ արևմտյանը՝ Հոնորիոսին: Բյուզանդիան պաշտոնապես կոչվել է Արևելյան Հռոմեական կայսրություն: XVIII դարում պատմաբանները Բոսֆորի նեղուցի եվրոպական ափին գտնվող հին հունական քաղաք-պետության` Բյուզանդիոնի անունով, որը 330 թ-ին Կոստանդիանոս կայսրը դարձրել էր Հռոմեական կայսրության մայրաքաղաք (ավելի ուշ կայսեր անունով կոչվել է Կոստանդնուպոլիս), անվանել են Բյուզանդական կայսրություն:
Բյուզանդիայի բնակչությունը բազմազգ էր՝ հույներ, ասորիներ, ղպտիներ, հայեր, հրեաներ, վրացիներ և փոքրասիական տարբեր ցեղեր: Հաղորդակցության լեզուն հունարենն էր, իսկ պաշտոնականը շարունակում էր մնալ լատիներենը: Տերության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը համաշխարհային առևտրի կենտրոններից էր: Պետական կրոնը քրիստոնեությունն էր, եկեղեցու ղեկավարը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքը: Կայսրը կամ բասիլևսը (հունարեն է, նշանակում է թագավոր) և՜ պետության, և՜ եկեղեցու առաջնորդն էր: Նա կարող էր պատկանել երկրի ցանկացած ազգության և հասարակական խմբի:
Կայսերական աստիճանը համարվում էր սրբազան: Կայսրը կառավարության ղեկավարն էր, միակ օրենսդիրը, գերագույն դատավորը և զորքի գլխավոր հրամանատարը: Նրա իշխանությունը բացարձակ էր. նա օրենքից բարձր էր կանգնած, և նրա կամքից էին կախված հպատակների կյանքն ու ունեցվածքը:
Բյուզանդիան մեծ վերելք է ապրել Հուստինիանոս I կայսեր (527–565 թթ.) օրոք, որը ձգտում էր վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու փառքը: Նրա ժամանակ Միջերկրական ծովը գրեթե ամբողջությամբ անցել է Բյուզանդիայի տիրապետության տակ: VII դարից մինչև IX դարի կեսը լանգոբարդների (գերմանական ցեղ), սլավոնական ցեղերի և արաբների նվաճումները կրճատեցին Բյուզանդական կայսրության տարածքը՝ թողնելով հիմնականում Բալկանյան թերակղզու և Փոքր Ասիայի մի մասը: Բյուզանդիան վերստին հզորացել և ծաղկում է ապրել Հայկական կամ Մակեդոնական հարստության ժամանակաշրջանում (867–1056 թթ.), որի հիմնադիրը Մակեդոնիա բանակաթեմում ծնված հայազգի Վասիլ (Բարսեղ) I-ն էր:
1204 թ-ին խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը և քաղաքի ու նրան հարող տարածքներում ստեղծել Լատինական կայսրությունը: 1261 թ-ին Միքայել VIII Պալեոլոգոս կայսրը վերագրավել է Կոստանդնուպոլիսն ու վերականգնել Բյուզանդական կայսրությունը՝ հիմնելով Պալեոլոգոսների հարստությունը (1261–1453 թթ.): 1453 թ-ին օսմանյան թուրքերը 63-օրյա պաշարումից հետո՝ մայիսի 29-ին, գրավել են Կոստանդնուպոլիսը. Բյուզանդական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց:
Բյուզանդիայի մշակույթը
Բյուզանդական կայսրությունում ստեղծվել է գրականության ու մշակույթի մի շերտ, որը հետագայում կոչվել է բյուզանդական մշակույթ: Բյուզանդիայի ու Հայաստանի մշտական հարաբերությունների ընթացքում հայ և բյուզանդական մշակույթները որոշակիորեն փոխազդել են:
Բյուզանդական գրականության լեզուն հունարենն է: IV–VII դարերում այն արտացոլել է քրիստոնեական մշակույթի ծագման ու զարգացման ընթացքը: Տիրապետողն արձակն էր, որի բովանդակությունը նոր կրոնի և կրոնական գործիչների փառաբանումն էր: Հեթանոսական մշակույթը յուրացնելուն նպաստել են Բարսեղ Կեսարացին (մեկնություններ), Գրիգոր Նյուսացին (փիլիսոփայական արձակ), Գրիգոր Նազիանզացին (էպիգրամներ, հոգևոր երգեր): Հովհան Ոսկեբերանը զարգացման գագաթնակետին է հասցրել ճարտասանական արձակը: VI դարի պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչ Ռոմանոս Մելոդոսը հիմնադրել է պաշտամունքային պոեմը. գրել է շուրջ 1000 պոեմ (պահպանվել է 85-ը):
IX–XII դարերի հեղինակների գործերում երևան են եկել արձակ և չափածո սիրավեպեր, կատարվել են թարգմանություններ: XI դարի վերջին հունարեն թարգմանվեցին «Քալիլա և Դիմնա», «Գիրք Սինդիբադի մասին» և այլ գործեր: Աշխարհիկ բովանդակություն ունեին հայազգի Մարիամ Նորավկայի վարքերը: Սիմեոն Մետաֆրաստեսի ստվարածավալ «Վարք սրբոց»-ում տեղ է գտել նաև Գրիգոր Լուսավորչի վարքը: Բանաստեղծ Հովհաննես Կիրիոտն իր էպիգրամներում փառաբանել է հայազգի Նիկեփորոս II Փոկաս և Հովհաննես I Չմշկիկ կայսրերի սխրանքները: XI դարում նշանավոր էր երգիծաբան Քրիստափոր Միտիլենացին:
XII դարի գրական գործերից հայտնի է հայազգի ռազմական գործիչ Կեկավմենոսի «Ստրատեգիկոնը» (օգտակար խորհուրդների ձեռնարկ), իսկ Թեոդորոս Պրոդրոմոսն առաջինն է ստեղծագործել սիրավեպի ժանրով («Ռոդանթե և Պիոկլեսո»)` օգտագործելով խոսակցական լեզուն:
Կոստանդնուպոլսի անկումից հետո բազմաթիվ գրողներ (Վիսսարիոն, Խալկոնդիլես, Կոստանդին ու Հովհաննես Լասկարիսներ, Հովհաննես Արգիրոպուլոս և ուրիշներ) տեղափոխվել են եվրոպական երկրներ և նպաստել հունասիրական շարժման առաջացմանը:
Բյուզանդական երաժշտարվեստը հունա-հռոմեական, սլավոնական, հայկական, մերձավորարևելյան բազմազան տարրերի «համաձուլվածք» է և դրական ազդեցություն է ունեցել Արևելքի ու Արևմուտքի ժողովուրդների երգ-երաժշտության վրա: Բյուզանդացի նշանավոր բանաստեղծ-երաժիշտներից են Ռոմանոս Երգեցողը (կոնդակի ժանր, VI դար), Անդրեաս Կրետացին և Հովհան Դամասկացին (կանոն, VIII դար), եկեղեցական երաժշտության հռչակավոր կենտրոններից էր Ստուդիե վանքը: Հայ երաժիշտները մեծապես նպաստել են բյուզանդական հոգևոր երգարվեստի զարգացմանը և երգաոճի բյուրեղացմանը:
Բյուզանդական կերպարվեստի առանձնահատկությունները որոշակի են դարձել VI դարում՝ դրսևորվելով որպես եկեղեցու և պետության պահանջները բավարարող արվեստ՝ տաճարների որմնանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն (հիմնականում՝ պաշտամունքային ձեռագրերում): Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարի խճանկարները ներկայացնում են մայրաքաղաքային արվեստը, որին հատուկ են կերպարների խտությունը, գույնի և գծի նրբագեղությունը: Մայրաքաղաքում են արարվել նաև սրբանկարչության լավագույն գործերը («Վլադիմիրյան Տիրամայր», XII դար, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա): Խճանկարչության բազմաթիվ գործեր են ստեղծվել նաև Դափնիկի (Աթենքի մոտ, XI դար), Նեա Մոնի (Քիոս կղզի, XI դար), Սբ Ղուկաս (Փոկիս, XI դար) մենաստաններում, Կոստանդնուպոլսի Քորայի վանքում (XIV դարի սկիզբ, այժմ՝ Կահրիե Ջամի), Սալոնիկի Առաքյալների եկեղեցում (մոտ 1315 թ.):
Գրքազարդարման արվեստում VI դարից մեծ տեղ է գրավել հոգևոր-հայեցողական սկզբունքը (ոսկե և արծաթե տառերով, մանրանկարների ոսկե ֆոնով Վիեննայի մագաղաթե «Գիրք ծննդոցը», «Ռոսսանոյի ծիրանե կոդեքսը», VI դար, Ռոսսանոյի տաճար, Իտալիա, «Ռաբուլայի Ավետարանը», 586 թ., Ֆլորենցիա): IX դարի վերջին մանրանկարչության մեջ իշխել է «բարձր ոճը» («Փարիզյան սաղմոսագիրքը», X դար, Ազգային գրադարան, Փարիզ). այդ մանրանկարները նուրբ կոլորիտով և պլաստիկ գեղեցկությամբ վերակենդանացնում են անտիկ մոտիվները:
IX–XII դարերում Բյուզանդիայում ստեղծվել են նաև դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարժեք գործեր (գործվածքներ, փղոսկրե ու մետաղե գեղարվեստական իրեր և այլն):
Բյուզանդական ճարտարապետությունը բաժանվում է 4 շրջանի. առաջին ոսկեդար (527–726 թթ.), պատկերամարտության (726– 867 թթ.), միջին բյուզանդական կամ երկրորդ ոսկեդար (867– 1204 թթ.) և ուշ բյուզանդական կամ Պալեոլոգոսների շրջան (1261–1453 թթ.):
Կոստանդին Մեծի կառուցած Կոստանդնուպոլսից պահպանվել են միայն ջրամատակարարման կառույցները:
Հուստինիանոս I-ի օրոք կառուցված շենքերից կարևորագույնը Սբ Սոֆիայի տաճարն է (532– 537 թթ., ճարտարապետներ՝ Անթեմիոս Թրալացի և Իսիդորոս Միլեթցի), որի երկրաշարժից ավերված գմբեթը վերականգնել է հայ ճարտարապետ Տրդատը 989–992 թթ-ին: Հայազգի կայսրերի գահակալության շրջանում տարածված էր գմբեթավոր, ապա` ազատ կանգնած գմբեթակիր մույթերով, քառանկյան մեջ առնված խաչաձև հորինվածքը:
Երկուսուկես դար տևած պատկերամարտության շրջանից մեզ են հասել Թեսալոնիկեի Սբ Սոֆիա (VIII դար), Նիկեի Ննջեցելոց, Սբ Կլեմենտե (Անկարա), Միրայի Սբ Նիկողոս և Բիզիեի Սբ Սոֆիա կաթողիկե եկեղեցիները:
Երկրորդ ոսկեդարում Վասիլ I կայսրը պալատում կառուցել է 8 եկեղեցի և նորոգել 31-ը: Նրա կառուցած եկեղեցիներից կարևորագույնը հնգագմբեթ Նեա Էկլեսիան էր (Նոր եկեղեցի, օծվել է 880 թ-ին, ավերվել XV դարում):
Պալեոլոգոսների շրջանին բնորոշ էին պալատական շենքերի հատուկ լուծումները եկեղեցական ճարտարապետության մեջ: Պալատական կառույցներից հիշարժան է Նիմֆայունի պալատի նմանությամբ կառուցված Ծիրանածին կայսեր պալատը:
Երկրորդ ոսկեդարից սկսած՝ բյուզանդական ճարտարապետությունը տարածվել և զարգացել է Բուլղարիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Մորավիայում, Ռուսաստանում, Ռումինիայում, նաև Հայաստանում:
Բյուզանդիայի և Հայաստանի փոխհարաբերությունները նպաստել են երկու երկրների մշակութային կապերի ամրապնդմանն ու փոխազդեցությանը: Հունարենից հայերեն թարգմանվել են եկեղեցական, փիլիսոփայական, պատմական երկեր, Հայաստանում ձևավորվել է հունաբան դպրոց:
Բյուզանդիայի մշակույթի երկրորդ ոսկեդարում հայկական ճարտարապետությունից փոխանցվող տիպերը ենթարկվել են ոճական վերամշակումների, սակայն հիմնականում պահպանվել է հայկական կառուցվածքը:
Ոչ միայն բյուզանդական ճարտարապետության մեջ (խաչագմբեթային եկեղեցիները դառնում էին գերիշխող), այլև կերպարվեստում որոշակիորեն զգացվել է հայկական և արևելյան տարրերի ազդեցությունը: Փոխազդեցությունը նկատելի է նաև երաժշտության մեջ. հայերն ազդվել են հունական ժողովրդական և գուսանական երաժշտությունից, միաժամանակ ներազդել նրանց վրա:
Հայ-բյուզանդական մշակութային կապերի արտահայտություններից է բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, որն ստեղծվել է հայկական միջավայրում, գործող անձանց մեծ մասը հայեր են, էպոսում պահպանված են հայկական ժողովրդական երգեր ու հայկական տեղանուններ: