 | Գնդացիր (Մաքսիմի, 1943 թ-ի նմուշ) |
 | Ամերիկյան տանկ Մ-1 «Աբրամս» |
 | Ամերիկյան կործանիչ F-117 «Ստելս» |
 | Միջուկային զենքի պայթյուն |
 | Կալաշնիկովի ինքնաձիգ AK-47 |
 | Ձեռքի հակատանկային նռնականետ |
 | Կալաշնիկովի հաստոցային գնդացիր |
 | Հրթիռային հրետանու ռազմական մեքենա «Գրադ-2» |
 | Ինքնագնաց հրթիռային արձակման կայանք «Կուբ-9» |
Զենքը հակառակորդի կենդանի ուժը, տեխնիկան և ամրաշինական կառույցները ոչնչացնելու համար կիրառվող սարքերի և միջոցների ամբողջությունն է: Զինված պայքարում հակառակորդին ոչնչացնելու համար օգտագործվող միջոցները կոչվում են մարտական զենք: Կան նաև անհատական գործածման՝ ծառայողական և քաղաքացիական զենքեր, որոնք, ի տարբերություն մարտական զենքի, ունեն սահմանափակ հեռահարություն, փոքր ճշգրտություն և տրամաչափ: Տարբերում են ժամանակակից մարտական զենքի հետևյալ տեսակները՝ սովորական, զանգվածային ոչնչացման ու ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված՝ ռազմավարական, օպերատիվ-մարտավարական և մարտավարական:
Հնագույն ժամանակներից մարդիկ թշնամիների ու վայրի կենդանիների հարձակումներից պաշտպանվել են զենքով: Նախնադարյան մարդիկ կռվում էին պարզունակ զենքերով՝ մահակով, քարակոփ փայտե նիզակներով, պարսատիկներով, ավելի ուշ՝ նետ ու աղեղով և քարե կացիններով: Մետաղի հայտնագործումից հետո երևան եկավ «սառը զենքը»՝ բրոնզե և երկաթե սուր շեղբերով նիզակները, սակրերը, թրերն ու դաշույնները: VIII դարում չինացիները հայտնաբերեցին վառոդը, որի` մարտական գործողություններում կիրառումով ստեղծվեց հրազենը: XIII դարում ստեղծվեցին առաջին թնդանոթները, ավելի ուշ՝ հրացանները (հաջողված էին արկեբուզները): Թնդանոթների նոր տեսակների (ռմբարդ, մորտիր և այլն) մարտական կիրառության առաջին փորձերի, հրետասայլակի և թուջե արկի նախագծմանը զուգընթաց` 1521 թ-ին ստեղծվեց հարթափող պատրույգավոր հրազենը՝ մուշկետը: XVII դարում ստեղծվեցին կայծքարե փականքով, ապա՝ ակոսավոր հրացանները (շտուցեր) և թղթե պարկուճով փամփուշտները, որի հետևանքով նվազեց զենքի քաշը, ու մեծացավ արագաձգությունը: 1870-ական թվականներին ստեղծվեցին միափող գնդացիրներ: 1884 թ-ին Պաուլ Վիելը ստացավ անծուխ (պիրոքսիլինային), 1888 թ-ին Ալֆրեդ Նոբելը՝ բալիստիտային, իսկ 1892 թ-ին Դմիտրի Մենդելեևը՝ պիրոկոլոիդային վառոդը, ստեղծվեցին մետաղական պարկուճով միասնական փամփուշտը և արկը: 1890-ական թվականներին ստեղծվեցին առաջին սուզանավերը, 1903 թ-ին՝ ինքնաթիռները, 1916 թ-ին՝ տանկերը և ինքնալիցքավորվող (ավտոմատ) հրացանները: Սովորական զենքի (հրազեն, ռեակտիվ, հրթիռային, ռմբակոծման, տորպեդային և հրկիզող զենքեր, ճարտարագիտական ու ծովային ականներ և սառը զենք) մարտական կիրառման հետևանքով զանգվածային կորուստներ և փլուզումներ չեն լինում: Զանգվածային ոչնչացման զենքը (միջուկային, քիմիական և կենսաբանական, ԶՈԶ) առաջացնում է զանգվածային կորուստներ և փլուզումներ՝ ընդհուպ շրջակա միջավայրի պայմանների անվերադարձ փոփոխությունները: Միջուկային զենքի գործողությունը հիմնված է ուրանի և պլուտոնիումի իզոտոպների ծանր միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի (ատոմային ռումբ) կամ ջրածնի իզոտոպների (դեյտերիում, տրիտիում) թեթև միջուկների սինթեզի (ջերմամիջուկային ռումբ) հետևանքով անջատվող հսկայական էներգիայի ավերիչ հատկության վրա: Այս զենքի հիմնական կործանիչ գործոններն են հարվածող ալիքը, լուսային ճառագայթումը, ներթափանցող ճառագայթումը, տեղանքի ճառագայթաակտիվ վարակումը և էլեկտրամագնիսական ազդակը: Ատոմային ռումբն առաջինը փորձարկել են ԱՄՆ-ում 1945 թ-ի հուլիսին, իսկ օգոստոսի 6-ին և 9-ին ատոմային ռումբեր նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա, որի հետևանքով զոհվեց մոտ 300 հզ. մարդ, իսկ այդ քաղաքները գրեթե ամբողջությամբ ոչնչացվեցին: Հետագայում միջուկային զենքի տարածումը կասեցվեց՝ նման զենք ունեցող երկրների կնքած պետական համաձայնագրերով, որոնց կատարմանը հետևում է 1957 թ-ին ՄԱԿ-ին առընթեր ստեղծված Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (2008 թ-ին միավորում էր ավելի քան 140 երկիր): Քիմիական զենքում օգտագործվում են մարտական թունավորող նյութեր (նյարդակաթվածահարույց, մաշկաթարախահարույց, ընդհանուր թունավորման, հեղձուցիչ, հոգեմետ և այլն), թույներ և բուսաթունանյութեր: Առաջին անգամ քիմիական զենքը կիրառել են գերմանացիները Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18 թթ.)՝ Բելգիայի Իպր քաղաքի մերձակայքում` 1915 թ-ի ապրիլի 22-ի հարձակման ժամանակ: Քիմիական զենքի կիրառումն արգելված է 1925 թ-ի Ժնևի և 1993 թ-ի Փարիզի համաձայնագրերով: Կենսաբանական զենքը հիմնված է կենդանի և բուսական օրգանիզմներն ախտահարող ազդակների օգտագործման վրա: Դրանցից են առավել տարածված հիվանդածին մանրէները (վիրուսներ, բակտերիաներ, ռիկետսիաներ, սնկիկներ) և այդ մանրէների կենսագործունեությունից առաջացող բարձրթունավոր նյութերը, որոնք առաջացնում են մարդկանց ու կենդանիների համաճարակներ (բծավոր տիֆ, խոլերա, ծաղիկ, ժանտախտ և այլն), բույսերի զանգվածային հիվանդություններ (հացահատիկի ժանգ, կարտոֆիլի ֆիտոֆտորոզ և այլն): Կենսաբանական զենքի օգտագործումն արգելված է 1925 թ-ի Ժնևի արձանագրությամբ և 1972 թ-ի ՄԱԿ-ի համաձայնագրով: Իրենց մարտավարատեխնիկական ցուցանիշներով ԶՈԶ-ին բավական մոտ են ժամանակակից գիտության նվաճումների վրա հիմնված նորագույն՝ ոչ ավանդական զինատեսակները. դրանցից են անդրաձայնային (ախտահարում է մարդու զգայարանները), գենետիկական (փոփոխություններ է առաջացնում մարդու ժառանգականության ապարատում՝ վիրուսների և քիմիական մուտածինների ազդեցությամբ), երկրաֆիզիկական (հզոր ֆիզիկական միջամտությամբ առաջացնում են ջրհեղեղ, երկրաշարժ, փոթորիկ և այլն), էլեկտրամագնիսական, լազերային, կլիմայական, օզոնային (երկրագնդի որոշակի շրջանում ընդլայնում են օզոնային շերտի խոռոչի չափերն ու ավելացնում Արեգակից եկող անդրամանուշակագույն ճառագայթների թափանցումը) և այլ զենքեր: Այս զենքերի մեծ մասի կիրառումն արգելված է «Բնական միջավայրի վրա ռազմական կամ որևէ այլ ազդեցության միջոցների թշնամական օգտագործման վերաբերյալ» 1977 թ-ի համաձայնագրով և միջազգային այլ պայմանագրերով:
Սպառազինություն
Սպառազինությունը զենքերի և դրանց կիրառումն ապահովող տեխնիկական միջոցների ամբողջությունն է: Ժամանակակից հրետանային կայանքներից, տանկերից, ռազմանավերից և ինքնաթիռներից յուրաքանչյուրը մարտական մի հենահարթակ (պլատֆորմ) է` օժտված մեծ հնարավորություններով, ինչպիսիք են կրակային հարվածի հզորությունը և բարձր շարժունակությունը, իսկ տանկերի և որոշ ուղղաթիռների դեպքում՝ նաև հզոր զրահը: Օրինակ՝ ժամանակակից տանկերը կարող են ընթացքից կրակ վարելով ավելի քան 60 կմ/ժ արագությամբ սլանալ դժվարանցանելի ճահճապատ տեղանքով` ճանապարհին հաղթահարելով խրամատներ ու գետեր, իսկ տանկերի որոշ տեսակներ նույնիսկ կարող են կարճ ժամանակով սուզվել և ընթանալ ջրի տակով: Հրազենները, ըստ գործարկման եղանակի, լինում են անհատական` ատրճանակ, հրացան, ինքնաձիգ, ձեռքի գնդացիր և այլն, ու խմբային սպասարկման` հաստոցային գնդացիր, նռնականետ և այլն: Հրաձգային զենքի ծանր տեսակները կոչվում են հրետանի, որը գործարկում են մի քանի զինվորներից կազմված մարտական հաշվարկները: Հրետանին լինում է հեռահար, զենիթային, ստացիոնար, քարշարկվող, ինքնագնաց, լեռնային, օբյեկտային և այլն: Ժամանակակից սպառազինությունը տարբերում են` ըստ զենքի տեսակի (հրետանային, հրթիռային և այլն), ըստ կրող միջոցների (ավիացիայի, ռազմանավային, տանկային և այլն) և ըստ տեղաբաշխման (ցամաքային զորքերի գնդի և այլն):
Մարզական զենք
Զենքի հատուկ տեսակ օգտագործվում է նաև սպորտում: Հրաձգային սպորտի մրցումներում օգտագործվում են անհատական հրազենային և օդաճնշական, հարթափող ու ակոսավոր ատրճանակներ և հրացաններ: Հարթափող մարզական զենքով հատուկ մարզահրապարակում` ստենդում, անցկացվող մրցումները կոչվում են ստենդային հրաձգություն, իսկ ակոսավոր զենքով հրաձգությունը՝ գնդակային հրաձգություն: Նետաձգության մրցումներում օգտագործում են պլաստմասսայե և փայտե աղեղներ ու թեթև նյութերից (օրինակ՝ դյուրալից) պատրաստված նետեր: 1998 թ-ին ընդունվել է «Զենքի մասին» ՀՀ օրենքը, որով կանոնակարգվում են զենք կրելու, պահելու, պատրաստելու, ձեռք բերելու և իրացնելու օրենսդրական հիմքերը:
|