Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Զվարթնոցի տաճարի ճակատային քանդակներից
Զվարթնոցի տաճարի վերակառուցվող սյունաշարը
Զվարթնոցի տաճարի վերակազմության մանրակերտը (ըստ Թորոս Թորամանյանի)
Զվարթնոցի տաճարի արևային ժամացույցը
Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է՝ Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք: 1989 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք` 643–652 թթ-ին: Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ Գրիգոր, Առապարի Սբ Գրիգոր անուններով: 
«Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին: Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը: Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը: Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը: XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով. պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ: Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական  և IV–V դարերի կառույցներ: Հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ: Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն): Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ: Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչավոր քարեր, չեչաքար, պեմզա, վանակատ և այլն: 
Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում: Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է: Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով,  որոնք վերին` կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ: Տաճարն ունեցել է 5 շքամուտք: Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը: Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն: Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար` տաճարի ճարտարապետի  անունը: 
Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է: Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի (VII դար), Աղվանքում՝ Լյակիթի  (VII դար), Անիում՝ Գագկաշեն Սբ Գրիգոր  (XI դար) եկեղեցիները:
1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը: 
   «Քարի պլաստիկան Զվարթնոցում արտահայտված է Հռոմի Կոլիզեյի հնչողությամբ: 
Զվարթնոցը Աղթամարից ու Անիի Մայր տաճարից երեք դար առաջ ունեցավ ռենեսանսյան հատկանիշներ ...»:
Հրայր Իսաբեկյան, ճարտարապետ 
«Զվարթնոցը համարվում է հայ ճարտարապետության բոլոր բարեմասնությունների, շինարարական խիզախ մտահղացումների, նկարչության ու արձանագործության սինթեզը»:
Միքայել Մազմանյան, ճարտարապետ

«Զվարթնոցը հրաշալիքների հրաշալիք է»:
Հեկտոր Բեռլիոզ, կոմպոզիտոր
   1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին. ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են]: