Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թորամանյան Թորոս
1864 թ., Շապին-Գարահիսար, այժմ՝ Թուրքիայում 
1934 թ., Երևան 
(թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում)
Թ. Թորամանյանը Անիում  (1907 թ.)
Ճարտարապետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական 
ուսումնասիրության հիմնադիրն է: 

Թորոս Թորամանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, Կոստանդնուպոլսի Գեղարվեստից վարժարանի ճարտարապետության բաժնում: 1895 թ-ին մեկնել է Բուլղարիա, որտեղ 1898 թ-ից նրա նախագծերով կառուցվել են առանձնատներ և հասարակական շենքեր: 1900 թ-ին տեղափոխվել է Ռումինիա, ապա շրջագայել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում: 1902 թ-ին մեկնել է Փարիզ՝ կատարելագործվելու: 
1904 թ-ի գարնանը Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը. ղեկավարել է Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, կատարել չափագրման աշխատանքներ: 1905 թ-ին ավարտել է տաճարի վերակազմության նախագիծը, որը հաստատվել է 1906 թ-ին Անիում Նիկողայոս Մառի  արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ Գրիգոր (Գագկաշեն) տաճարի մանրակերտի նույնանման հորինվածքով: 
Թորամանյանի «Զվարթնոցի եկեղեցին» (1905 թ.) հոդվածով սկզբնավորվել է հայկական ճարտարապետության գիտական գրականությունը: Թորամանյանն ուսումնասիրել ու չափագրել է նաև Հոռոմոսի համալիրը, Արգինայի եկեղեցին, Տեկորի տաճարը, Շիրակ և Արագածոտն գավառների հատկապես V–VII դարերի հուշարձանները: 
1904–12 թթ-ին Անիում պարբերաբար մասնակցել է Նիկողայոս Մառի գիտարշավախմբի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել վերակազմության նախագծեր: Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» (ռուսերեն` 1909 թ., հայերեն` 1910 թ.), «Տեկորի տաճարը» (առանձին գրքով` 1911 թ.), «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911 թ.), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1911 թ.), «Անի քաղա՞ք, թե ամրոց» (1912 թ.) և այլ ուսումնասիրություններ վկայում են հայկական ինքնուրույն ճարտարապետության զարգացման բարձր մակարդակը: Շնորհիվ այդ ուսումնասիրությունների` բազմաթիվ  օտար գիտնականներ վերանայել են իրենց թյուր տեսակետները հայկական ճարտարապետության վերաբերյալ: 
1913 թ-ին Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է Գլխավոր մրցանակի: Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918 թ-ին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը՝ որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման: Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918 թթ.) և նրան հաջորդած գաղթի տարիներին կորել են Թորամանյանի` հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծ քանակությամբ այլ նյութեր: 
Թորամանյանի աշխատությունների հիմնական մասը 2 հատորով լույս է տեսել գիտնականի մահից հետո՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով (1942–48 թթ.): 1923 թ-ին նրա մասնակցությամբ ստեղծվել է Հուշարձանների պահպանության կոմիտեն: Նա շուրջ 30 տարի չափագրել, լուսանկարել ու նկարագրել է Հայաստանի հարյուրավոր հուշարձաններ, որոնցից շատերը պահպանվել և վերակազմվել են նրա նյութերի շնորհիվ: Թորամանյանը ստեղծագործական սերտ կապեր է ունեցել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ, որի արվեստանոցում 1928 թ-ից աշխատել է որպես խորհրդական, կատարել նաև հատակագծման ու նախագծման աշխատանքներ: 
Թորամանյանն առաջինն է դասակարգել ու բնութագրել հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել նրա ինքնատիպությունը, ամբողջականությունը և ոճական ինքնուրույնությունը: Նրա աշխատություններն սկզբնաղբյուր են ուսումնասիրողների համար:
ՀՀ ԳԱԱ-ն 1969 թ-ին սահմանել է Թորամանյանի անվան մրցանակ: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց, տան առջև, որտեղ ապրել է Թորամանյանը, դրվել է հուշաքար:

   «Ես առավել առողջ լույս եմ սպասում ճարտարապետական հուշարձանների լեզվից, երբ մենք սովորենք այն հասկանալ: Թորամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզվի առաջին ուսուցչին»: 
Նիկողայոս Մառ
արևելագետ