 | «Զեյթունի 1862 թ-ի պաշտպանությունը» (1962 թ., գործ՝ Զուլում Գրիգորյանի) |
 | Արաբո (Ստեփանոս Մխիթարյան, 1863–1893 թթ.) |
 | «Սասունի ինքնապաշտպանությունը» (1958 թ., գործ՝ Արա Բեքարյանի) |
 | Սասունի 1904 թ-ի ապստամբության հրամանատարական կազմը. ձախից աջ` կանգնած են Անդրանիկը, Մուրադը, ՍԵպուհը, նստած են Սեյտո Պողոսը, Ավոն, Կայծակ Առաքելը, Սմբատը |
 | Խանասորի արշավանքի մասնակից Նիկոլ Դումանի խումբը |
 | Զեյթունի 1862 թ-ի ապստամբության ղեկավարները. ձախից աջ` իշխան Ղազար Շովրոյանը, տեր Մովսես Խաչուկենցը և իշխան Աստվածատուր Ենիտունյանը |
 | Վազգենի հայդուկային խումբը Վանում |
 | Վանի հերոսամարտի նահատակներին նվիրված «Արծիվ Վասպուրականի» հուշարձանը (1979 թ., ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մերձակայքում |
 | Մուսա լեռան հերոսամարտի հուշակոթողը (1976 թ., ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան) |
 | Շապին-Գարահիսարի ընդհանուր տեսքը |
Ինքնապաշտպանական մարտերը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայերի զինված ելույթներն ու ապստամբություններն են թուրքական բռնապետության դեմ:
Զեյթունի ինքնապաշտպանությունը
XVI դարից սկսած՝ Զեյթունի բնակչությունը զենքը ձեռքին մաքառել է իր անկախության համար և ապահովել կիսանկախ վիճակ Օսմանյան կայսրությունում (Մուրադ IV-ի 1618 թ-ի հրովարտակով): Սակայն Բարձր դուռը երբեք չի հանդուրժել նման կացությունը և 1780–1895 թթ-ի ընթացքում ավելի քան 40 անգամ փորձել է ընկճել լեռնագավառի ըմբոստ բնակիչներին, հպատակեցնել Զեյթունը և ստացել է արժանի հակահարված: Օսմանյան բռնապետության դեմ ամենանշանավոր ընդվզումներից է զեյթունցիների 1862 թ-ի ինքնապաշտպանությունը. առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Հուլիսի սկզբին Մարաշի կառավարիչ Ազիզ փաշան, 10-հզ-անոց կանոնավոր զորքի և բաշիբոզուկների ամբոխի գլուխ անցած, արշավել է դեպի Զեյթուն: Ավերելով տասնյակ գյուղեր և կոտորելով խաղաղ բնակիչներին՝ թուրքական զորքերը հուլիսի 28-ին պաշարել են Զեյթունը: Ապարդյուն բանակցություններից հետո հայերը դիմել են ինքնապաշտպանության: Օգոստոսի 2-ին թուրքական զորքերը (40 հզ.) մի քանի ուղղությամբ գրոհել են Զեյթունը: Զեյթունցիների 7-հզ-անոց ինքնապաշտպանական ուժերը բաժանվել են ջոկատների՝ Զեյթունի 4 թաղապետների գլխավորությամբ: Նրանք ոչ միայն հետ են մղել թշնամու բազմաթիվ գրոհները, այլև, հարձակման անցնելով, պարտության են մատնել Ազիզ փաշայի բանակին: Թուրքական կառավարությունն Ազիզ փաշային փոխարինել է Աշիր փաշայով (հայտնի էր որպես բալկանյան ժողովուրդների դահիճ)՝ նրան հանձնարարելով պատժել ապստամբներին: Սակայն միջամտել է ֆրանսիական կառավարությունը, որն Օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարն օգտագործում էր սեփական նվաճողական նպատակներով, և Զեյթունի խնդիրը լուծվել է «խաղաղությամբ»: Զեյթունցիները պարտավորվել են վերադարձնել գրաված ռազմավարն ու վճարել հարկերը: Քաղաքում նշանակվել է թուրք կառավարիչ: Զեյթունի ինքնապաշտպանության ազդեցությամբ հուզումներ և բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մուշում, Վանում, Չարսնջակում, Էրզրումում, Կոստանդնուպոլսում: Ի պատասխան հարկերի ծանրացման և թուրքական վարչության ճնշումների՝ 1877–78 թթ-ին Զեյթունում բռնկել է ապստամբություն, որին նախորդել էին 1872 և1875 թթ-ի դեպքերը, երբ զեյթունցիները քաղաքից վտարել էին թուրք պաշտոնյաներին և 3 տարի կիսանկախ ապրել: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմը հնարավորություն չէր տալիս թուրքական ուժերին ճնշելու ապստամբությունը: Հայերը փորձեցին կապ հաստատել Արևմտյան Հայաստանում գործող ռուսական զորքերի հետ՝ զենք ստանալու նպատակով, սակայն ապարդյուն: Պատերազմից հետո թուրքական կառավարությունն ուժեր կենտրոնացրեց և կարճ ժամանակ անց գրավեց Զեյթունը: 400 ապստամբ` իշխան Պապիկ Ենիտունյանի (Նորաշխարհյան) գլխավորությամբ, բարձրացավ լեռները և շարունակեց պայքարը: Կառավարութունը եվրոպական միջամտության նոր առիթ չտալու համար բանակցություններ սկսեց Պապիկ իշխանի հետ, հանձնաժողով ուղարկեց Զեյթուն` անգլիական հյուպատոս Չերմայրի գլխավորությամբ: Ի վերջո թուրքական կողմը Պապիկ իշխանին ճանաչեց քաղաքագլուխ, նվազեցրեց հայերից գանձվող հարկի չափը, ազատեց Մարաշում բանտարկված զեյթունցիներին և զիջումների գնով հանդարտեցրեց Զեյթունը: 1895 թ-ին՝ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Զեյթունը դարձյալ դիմեց ինքնապաշտպանության: Օգոստոսին, թուրքական ճնշման ուժեղացման պայմաններում, Զեյթունի ազգային ժողովը որոշեց քաղաք փոխադրել շրջակա գյուղերի բնակչությանը, դուրս շպրտել թուրք պաշտոնյաներին, պատրաստվել դիմադրելու թուրքական ուժերին: Շուրջ 10 հզ. հայ կենտրոնացավ Ֆռնուզ գյուղում: Մարաշի հայերի` 1895 թ-ի հոկտեմբերի կոտորածներից հետո թուրքական 50–60-հզ-անոց զորքը շարժվեց դեպի Զեյթուն: Ապստամբներին առաջնորդում էր Նազարեթ Չավուշը, իսկ ժամանակավոր կառավարության ընդհանուր ժողովի նախագահը Աղասի (Կարապետ) Թուրսարգսյանն էր (հնչակյան). նրանց գլխավորությամբ զեյթունցիները (6 հզ. մարդ) ավելի քան 2 ամիս դիմադրեցին թուրքական բանակին: Չկարողանալով գրավել Զեյթունը՝ թուրքական կառավարությունը հարկադրված բանակցության ուղարկեց օտարերկրյա 4 հյուպատոսի: Կնքվեց համաձայնագիր: Թուրքական զորքերը հեռացան գավառից, ներում շնորհվեց ապստամբած հայերին, նշանակվեց քրիստոնյա կառավարիչ (ազգությամբ` հույն), բնակչությունը 3 տարով ազատվեց հարկերից: 1915–16 թթ-ին զեյթունցիները վերստին դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ: 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը: Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին: Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան: 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ: Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը: Զեյթունի իրադարձությունները լայն արձագանք գտան հայ իրականության մեջ և բազմաթիվ հայ գրողների` Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նահապետ Ռուսինյանի, Սմբատ Շահազիզի, Հարություն Չաքրյանի («Զեյթունի քայլերգի» հեղինակը), Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Մուրացանի և ուրիշների գործերում, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն): Մեծ եղեռնը վերապրած և 1946 թ-ին հայրենիք ներգաղթած զեյթունցիները Երևանի հյուսիսային մասում հիմնադրել են Զեյթուն թաղամասը (այժմ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում):
Սասունի ինքնապաշտպանական մարտերը
Թուրքական բռնապետության դեմ Արևմտյան Հայաստանի նշանավոր զինված ելույթներից են Սասունի 1894 և 1904 թթ-ի ապստամբությունները, 1915 թ-ի ինքնապաշտպանությունը: XIX դարի 90-ական թվականներին օսմանյան իշխանությունները Սասունի հայերի կիսանկախ վիճակը վերացնելու նպատակով հրահրել են հայ-քրդական բախումներ: 1891, 1893, 1894 թթ-ի գարնանը սասունցիները քանիցս պարտության են մատնել թուրքական կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին: 1894 թ-ին թուրքական կառավարությունը Սասունի շուրջն ստեղծել է ռազմական գոտի և հայտարարել պատերազմական դրություն, զորքերի ղեկավարությունը հանձնել Զեքի փաշային: Նրան տրամադրված 12 հզ. թուրք զինվորներից բացի` Դիարբեքիրից Սասուն են փոխադրվել ևս 3 հզ-ը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային 2 գունդ և այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք հրոսակներ: Սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության: Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են: Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս: Օգոստոսի 3-ին թուրքական ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով նահանջել են Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները: Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին անցել հարձակման: Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, որտեղ նրանց շրջապատել են քրդական բազմաքանակ ուժերը: Տղամարդկանց հետ կողք կողքի կռվել են նաև կանայք: Թուրքական և քրդական զորքերն ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել ավելի քան 10 հզ. անզեն հայի: Սասունի 1894 թ-ի ինքնապաշտպանությունը միջազգային արձագանք է ունեցել. առաջադեմ հասարակական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը թուրքական կառավարությանը ներկայացրել են Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) Արևմտյան Հայաստանում որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր: Սասունի հայերի հաջորդ զինված ընդվզումը 1904 թ-ին էր: Հայերին բնաջնջելու նպատակով սուլթանական կառավարությունը նոր արշավանք է ձեռնարկել: Գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն ջախջախվել են: Դրանից հետո թուրքական 10-հզ-անոց և քրդական 5-հզ-անոց զորքերը, Քեոսե Բինբաշու գլխավորությամբ, հյուսիսից` Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի տարածքով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ: Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան): Անդրանիկի ջոկատը հաստատվել է Տափըկ գյուղում՝ խոչընդոտելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը: Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հակոբ Կոտոյանը, Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը: Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ-ի «Մայիսյան բարենորոգումները»: 1904 թ-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռիվներում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Սասունի պաշտպանները և 20 հզ. անզեն բնակիչները հավաքվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են: Երկու օր անց թուրքական զորքն անցել է գրոհի` 12 հրանոթների գնդակոծությամբ: Մի քանի օր դիմադրելուց հետո, երբ սպառվել է զինամթերքը, հայերը թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները: Անզեն ժողովուրդն իջել է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը: Թուրքերը կոտորել են մոտ 8 հզ. մարդու, ավերել ու կողոպտել շուրջ 2 հզ. տուն: Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից: 1915 թ-ի Սասունի ինքնապաշտպանությունը սասունցիների գոյամարտն էր Մեծ եղեռնի շրջանում: Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց երիտթուրքական կառավարությանը իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սասունցիները նախապատրաստվեցին ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացաններ: Սասունի պաշտպանների խմբերը, որոնք գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը (Տեր-Մինասյան), Կոմսը (Վահան Փափազյան), Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Մճոն (Մկրտիչ Պոլեյան), Իշխանաձորցի Արթինը, Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, 1915 թ-ի մարտին հետ են շպրտել Տալվորիկի վրա հարձակված թուրքական և քրդական ուժերին: Ապրիլ-մայիսին համառ մարտեր են տեղի ունեցել Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Արտխոնքի շրջանում: Հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել են դեպի Անդոկ սարը: Հունիսին թուրքերը հարձակման են անցել Փսանքի շրջանում: Օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի գրոհով խուճապի են մատնել քրդերին և գրավել ռազմավարական նշանակության Մազի (Սատանի) կամուրջը: Այդուհանդերձ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմել են պաշարման օղակը: Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30-հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավել է Կուրտիկը: Հուլիսի 20-ին հայերն ազատագրել են Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ: Հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցել են նոր հարձակման, գրավել Անդոկի ստորոտի Հրմոյի գոմերը, կոտորել հայերին, հատկապես՝ կանանց ու երեխաներին: Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրել են մինչև օգոստոսի 3-ը: Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ ջարդարարները 60 հզ. հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորել են, մնացածները թաքնվել են լեռներում ու ձորերում: 1916 թ-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջել են լեռներից և փրկվել կոտորածից:
Վանի ինքնապաշտպանությունը. 1896 թ-ի հունիս
Աբդուլհամիդյան զանգվածային կոտորածների տարիներին նշանավորվել է նաև Վանի ինքնապաշտպանությունը, որը ղեկավարել են քաղաքի ազգային կուսակցությունների տեղական ղեկավարներ Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան, արմենական), Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական): Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում, որը բաժանվել է 4 պաշտպանական շրջանների՝ 30-ից ավելի դիրքերով: Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել է 700–900 երիտասարդ. ունեցել են ընդամենը 518 հրացան: Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տիգրան Տերոյան) և Ներսեսի (Գրիգոր Եռզիկյան) հայդուկային խմբերը: Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հզ. զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով: Ինքնապաշտպանական մարտերն սկսվել են հունիսի 3-ին: Հույսը դնելով հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը: Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին՝ զգալի կորուստներով նահանջել է: Հաջողութամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ քաղաքի պաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների. նման մի գործողության ժամանակ գրավել են հակառակորդի 2 թնդանոթ: Զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին հարկադրել է համաձայնել Վանում անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ վարդապետ Սահակ Բագրևանդցու առաջարկությանը՝ դադարեցնել դիմադրությունը: Իշխանությունները խոստացել են հնարավորություն տալ ինքնապաշտպանության կազմակերպիչներին, մասնակիցներին և նրանց միանալ ցանկացողներին անարգել հեռանալ Պարսկաստան: Մոտ 1500 մարդ հունիսի 8-ին Վանից հեռացել է Վարագա լեռ: Մկրտիչ Ավետիսյանի ղեկավարությամբ անզեն բնակչության մի մասը և մարտիկները (շուրջ 1000 հոգի) որոշել են անցնել Պարսկաստան, սակայն շրջապատվել են Սբ Բարդուղիմեոս վանքի մոտ, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է: Համառ մարտերից հետո միայն 20 հոգու է հաջողվել հասնել Սալմաստ: Նույն ճակատագրին է արժանացել Պետոյի և Մարտիկի 83 հոգուց բաղկացած ջոկատը: Փրկվել է միայն 1 մարդ, իսկ Վարագա լեռան բարձունքներում ապաստանածները Վազգենի առաջարկով վերադարձել են Վան: Քաղաքից մարտիկների հեռանալուց հետո թուրք զինվորներն ու համիդեականներն անարգել ներխուժել են հայկական թաղամասեր և կոտորել խաղաղ բնակչությանը: Մեկ շաբաթ տևած կռիվների ընթացքում զոհվել է շուրջ 500 հայ, սպանվել 300 թուրք: Առավել ծանր կորուստներ են եղել գյուղերում: Ջարդարարները կոտորել են շուրջ 20 հզ. հայի: 1896 թ-ի վերջին Վանում կրկին կոտորածի փորձ է արվել, որը կանխվել է: Վերջին իրադարձությունը Վանի տարեգրության մեջ անվանել են «Վանի փոքր դեպք», իսկ հունիսյանը՝ «Վանի մեծ դեպք»:
Վանի հերոսամարտը. 1915 թ-ի ապրիլ-մայիս
Առաջին աշխարհամարտում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած կոտորածներն արևմտահայերի համար անսպասելի էին, սակայն մի շարք վայրերում նրանք արագորեն համախմբվել և դիմել են ինքնապաշտպանության: Վանի նահանգի Շատախ, Գավաշ, Թիմար, Հայոց ձոր, Արճեշ գավառների բնակիչները 1915 թ-ի մարտին թեժ կռիվներ են մղել թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի դեմ: Բայց նրանք, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ և հարկադրված նահանջել Վան: Ամենատևականն ու արդյունավետը Վանի հերոսամարտն էր: Այդ ժամանակ Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայ, 18 հզ-ը՝ թուրք: Քաղաքը բաժանված էր 2 մասի՝ Այգեստան (20 հզ. հայ) և Քաղաքամեջ (3 հզ. հայ): Թաղամասերը միմյանցից հեռու էին 5–6 կմ, իսկ նրանց միջակայքում բնակվում էին թուրքեր: 1915 թ-ի ապրիլին Վանում կուտակվել էին ավելի քան 70 հզ. վասպուրականցի հայեր: 1915 թ-ի ապրիլին թուրքական զորքերը պաշարել են Այգեստանը, կտրել կապը Քաղաքամեջի հետ: Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ապրիլի 5-ին կազմվել է Վասպուրականի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմին. անդամներն էին Արմենակ Եկարյանը և Գաբրիել Սեմիրջյանը (ռամկավարներ), Գրիգոր Բուլղարացին և Կայծակ Առաքելը (դաշնակցականներ), Հրանտ Գալիկյանը (հնչակյան) և Փանոս Թերլեմեզյանը (անկուսակցական): Արամ Մանուկյանը թեև Զինվորական մարմնի անդամ չէր, բայց ղեկավարել է նրա աշխատանքները: Կազմակերպվել են թիկունքի ստորաբաժանումներ՝ տեղեկատու դիվան, զինաբաշխ և հայթայթիչ մարմիններ, նպաստների հանձնախումբ, Հայկական Կարմիր խաչ, ամրաշեն խումբ, ոստիկանական վարչություն, դատարան, քաղաքապետարան և այլն: Այգեստանում կար զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ, ունեին տարբեր տրամաչափերի ու տեսակների 505 հրացան և 549 ատրճանակ: Երիտթուրքերը դեռ 1914 թ-ի օգոստոսի վերջին Վանի նահանգապետ էին նշանակել իր դաժանություններով հայտնի Ջևդեթ բեյին, որի հրամանատարության ներքո կային մոտ 12 հզ. զինվոր, քրդական անկանոն ջոկատներ, չերքեզական հեծելազոր, մի քանի տասնյակ թնդանոթ, գնդացիր: Հաշվի առնելով ուժերի նման հարաբերակցությունը՝ Զինվորական մարմինն ընտրել է պաշտպանական մարտավարություն: Այգեստանը բաժանվել է 7 պաշտպանական շրջանների՝ 79 դիրքերով: Թաղամասը շրջապատվել է կավե պատով, որի մեջ բացվել են հրակնատներ: Փորվել են խրամատներ, կառուցվել դիրքեր, տները վերածվել են պաշտպանական ամրությունների: Պրոֆեսոր Միքայել Մինասյանի գլխավորությամբ պատրաստվել է սև և անծուխ վառոդ, որը հնարավորություն է տվել լիցքավորել փամփուշտներն ու պատրաստել ինքնաշեն նռնակներ: Ինքնապաշտպանական կռիվներն սկսվել են ապրիլի 7-ին՝ թուրք զինվորների հարձակումով: Հայ մարտիկները, չնայած թշնամու հզոր գրոհին, հետ են մղել նրանց` զգալի կորուստներ պատճառելով: Վանեցիները ոչնչացրել են թուրքական մի շարք դիրքեր և ամրություններ, որոնք անմիջականորեն սպառնում էին Այգեստանի ինքնապաշտպանությանը: Չնայած թշնամու գրեթե ամենօրյա կատաղի մարտերին և թաղամասի անընդհատ հրետակոծությանը (օրական արձակել են մոտ 300 արկ)` հակառակորդն ի զորու չի եղել ճեղքելու հայերի պաշտպանությունը: Նույնիսկ Էրզրումից տեղափոխված գերմանացի սպայի կազմակերպած գիշերային գրոհն ապարդյուն էր. թուրքերը, 60–70 զոհ տալով, հետ են շպրտվել: Տղամարդկանց հավասար մարտնչել են կանայք և աղջիկները: 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվել է «Պատվո խաչ» շքանշանով: Երեխաները ոչ միայն սուրհանդակ կամ մատակարար էին Զինվորական մարմնի և դիրքերի միջև, այլև մասնակցել են մարտական գործողություններին: Հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուրիշներ: Չնայած վանեցիների հերոսական դիմադրությանը՝ վիճակը ծանր էր. սուղ էին զինամթերքը և, հատկապես, պարենը: Սուրհանդակներ են ուղարկվել դեպի Վան շարժվող ռուսական բանակ՝ օգնության խնդրանքով: Ինքնապաշտպանություն կազմակերպվել է նաև Քաղաքամեջում: Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է Զինվորական մարմին. անդամներն էին Դավիթ Սարգսյանը, Լևոն Գալճյանը, Հմայակ Կոսոյանը, Միհրդատ Միրզախանյանը, Հարություն Խլղաթյանը և Սարգիս Շահինյանը: Կազմվել են Այգեստանի պաշտպանության համանման ստորաբաժանումներ: Հայերն ունեին տարբեր տրամաչափերի ու տեսակների 101 հրացան և 210 ատրճանակ: Թաղամասը բաժանվել է 4 պաշտպանական շրջանների՝ 25 դիրքերով: Ապրիլի 7-ին հրետանու աջակցությամբ սկսվել է թուրքական գրոհը, որը հաջողությամբ հետ է մղվել: Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի կարևոր դիրքեր և ամրություններ: Մինչև ապրիլի 10-ը թուրքական հարձակումները եղել են անկանոն, քանի որ թշնամու գլխավոր ուժերը կենտրոնացել էին Այգեստանում: Թուրքական հրամանատարությունը մի քանի օր շարունակ հզոր գրոհներով փորձել է ճեղքել Քաղաքամեջի պաշտպանությունը, սակայն ապարդյուն: Ապրիլի կեսին թուրքերն ակտիվ մարտական գործողություններ չեն վարել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250–300 արկ: Վանի մարտերի ընթացքում ինքնապաշտպանական կռիվները շարունակվել են նահանգի այլ վայրերում` հարկադրելով թշնամուն զգալի ուժեր տեղափոխել պաշարված քաղաքից: Միաժամանակ ջարդարարները շարունակել են հայերի կոտորածը, որի ընթացքում սպանվել է 24 հզ. մարդ, թալանվել ու հրդեհվել է հայկական ավելի քան 100 գյուղ: Ռուսական բանակի և հայկական կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքերին մայիսի 3-ի երեկոյան դադարեցնել Վանի պաշարումը և փախչել: Մայիսի 5-ի երեկոյան քաղաք է մտել հայկական 2-րդ կամավորական ջոկատի հեծելավաշտը՝ Խեչոյի (Խաչատուր Ամիրյան-Գևորգյան) հրամանատարությամբ, իսկ մայիսի 6–7-ը՝ ռուսական բանակը և հայ կամավորական ջոկատները: Մոտ մեկամսյա կռիվների ընթացքում հայկական թաղամասերի վրա արձակվել է ավելի քան 16 հզ. արկ: Սպանվել են մոտ 1000 թուրք զինվոր ու սպա (չհաշված կռիվներին մասնակցած մահմեդական ամբոխի կորուստը), հայերը կորցրել են մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ: Վանի հերոսամարտում իր կազմակերպչական ունակություններով աչքի է ընկել Արամ Մանուկյանը. կռիվների ընթացքում կուտակած փորձը 1918 թ-ին օգտագործել է Երևանի պաշտպանությունը կազմակերպելիս:
Մուսա լեռան հերոսամարտը. 1915 թ-ի օգոստոս
1915 թ-ի գարնանը թուրքական իշխանություններն սկսել են Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին գաղթի հրաման է տրվել նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ) 6 հայկական գյուղերի ավելի քան 6 հզ. բնակչությանը: Մի մասը, ենթարկվելով հրամանին, բռնել է գաղթի ճանապարհը (մեծ մասը զոհվել է), մնացածը՝ մոտ 5 հզ. հոգի, որոշելով պաշտպանվել, բարձրացել է ծովափնյա Մուսա լեռը և ստեղծել ռազմական ճամբար: Դիմադրությունը ղեկավարելու համար ընտրվել է Զինվորական խորհուրդ. ընդգրկվել են Եսայի Յաղուբյանը, Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Պետրոս Տմլաքյանը և ուրիշներ: Մեծաթիվ կանանց ու երեխաների համար վրաններ են խփել, հյուղակներ ու խրճիթներ շինել: Հատուկ ուշադրություն են դարձրել դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Զինված էր ընդամենը 600 ռազմիկ` սահմանափակ զինամթերքով: Լեռան պաշտպանությունը բաժանվել է 4 շրջանի, որտեղ ամրացել են մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին առաջին հարձակումից հետո, կորուստներ կրելով, նահանջել է: Թուրքերի գրոհը, թնդանոթների օգտագործմամբ, կրկնվել է օգոստոսի 10-ին, որը 12-ժամյա համառ մարտերից հետո հայ մարտիկները հետ են մղել: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկել է ավելի խոշոր հարձակում՝ 9-հզ-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվել են 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետում ճեղքել են պաշտպանության գիծը, սակայն, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված), դարձյալ նահանջել են: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ առժամանակ հրաժարվել են նոր հարձակումից. 15-հզ-անոց զորքով պաշարել են լեռը, որոշել սովամահ անել հայերին: Պաշարվածների դրությունը խիստ ծանրացել է: Ակնկալելով դաշնակիցների օգնությունը՝ լեռան ծովահայաց կողմում բարձրացրել են սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ՝ մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար դրանց շուրջը վառվել են խարույկներ: Մարտանավ նկատելու դեպքում Մովսես Գրքյանը պետք է լողալով նավ հասցներ թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիրը (անգլերեն): Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվել, իսկ թուրքերը պարբերաբար դիմել են հայերին անձնատուր լինելու առաջարկով: Վերջապես սեպտեմբերի 5-ին երևացել է ֆրանսիական «Կիշեն» հածանավը, որը մակույկ է ուղարկել ափ և վերցրել ժամապահներին: Տեղեկանալով իրավիճակին՝ նավից հրետակոծել են թուրքական դիրքերը և հեռացել՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը հայերից պահանջել է անձնատուր լինել, չենթարկվելու դեպքում սպառնացել է անցնել հարձակման և բոլորին կոտորել: Սկսվել է նոր, արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցել են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցրել թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջել են: Սեպտեմբերի 10-ին 2 ֆրանսիական մարտանավեր սկսել են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13–15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվել են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվել դեպի Պորտ Սաիդ, որտեղ նրանց օգնության են հասել եգիպտահայերը: Մուսա լեռան հերոսամարտն արտացոլվել է ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որը թարգմանվել է շուրջ 30 լեզվով: Այն օրինակ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին իտալա-գերմանական զավթիչների դեմ մարտնչող Սլովենիայի պարտիզանների համար. 1942 թ-ին պաշարվելով Ռոգ լեռան բարձունքներում՝ նրանք վճռել են «Հայրենիքի համար կռվել այնպես, ինչպես կռվել են հայերը Մուսա լեռան վրա»: Երեքամսյա դիմադրությունից հետո պարտիզանները ճեղքել են շրջափակումը և փրկվել: Այդ ժամանակից ի վեր Ռոգ լեռը կոչվում է Սլովենիայի Մուսա լեռ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնել են Մուսալեռ գյուղը (Վաղարշապատ քաղաքի մերձակայքում), որտեղ հուշարձան է կանգնեցվել` ի պատիվ Մուսա լեռան հերոս պաշտպանների:
Մալաթիայի և Ուրֆայի ինքնապաշտպանությունը
1890-ական թվականներին կազմակերպված նշանավոր ինքնապաշտպանական կռիվներ եղել են նաև Մալաթիայում, Ուրֆայում (Եդեսիա) և Շապին-Գարահիսարում: Մալաթիայի բնակիչների ընդվզումները գլխավորել է Եղիշե քահանա Խաչատրյանը: Հայերը փախուստի են մատնել ոստիկաններին ու խուժանին: Թուրքերը, համալրվելով, նոր հարձակման են անցել և ի վերջո կարողացել են կոտրել ինքնապաշտպանների դիմադրությունն ու սրի քաշել մոտ 3 հզ. հայի: Ուրֆայում թուրքական զորքերն ու խուժանը 1896 թ-ին փորձել են թալանել ու կոտորել հայերին: Վերջիններս, որ ապրում էին նույն թաղամասում, դիմադրել ու հակահարված են տվել և, ուժեղացնելով պաշտպանական դիրքերը, 3 ամիս մարտնչել հրոսակների դեմ: Սակայն գավառապետը դիմել է նենգության. հայերի մոտ է ուղարկել հազարավոր զինվորների՝ իբր նրանց պաշտպանության համար: Հայերը, հավատալով գավառապետի խոստումներին, ընդունել են նրանց: Եվ զինվորներն ու քրդերն սկսել են կոտորածը. զոհվել է ավելի քան 7 հզ. հայ:
Ուրֆայի հերոսամարտը. 1915 թ-ի սեպտեմբեր–հոկտեմբեր
1915 թ-ի ամռան կեսին Ուրֆա են եկել երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու հայության տեղահանությունը: Ձերբակալելով քաղաքի հայ երևելիներին՝ նրանք բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել զենքերը: Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով մահմեդական ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին (շուրջ 400 մարդ): Ուրֆահայերը դիմել են ինքնապաշտպանության: Ստեղծվել է Զինվորական խորհուրդ՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանի ղեկավարությամբ: Ինքնապաշտպանները 800 հոգի էին, ըստ այլ աղբյուրների՝ 2 հզ.: Շուրջ 200 կանանցից և աղջիկներից կազմվել է մարտական 3 ջոկատ: Ուրֆայի հերոսամարտի համար բացառիկ նշանակություն են ունեցել հայկական թաղամասի բարձր դիրքը, նեղ փողոցները, քարաշեն ամուր տները: Թաղամասը ծածկվել է բարիկադներով և ամրություններով, բաժանվել 6 պաշտպանական շրջանների՝ 32 դիրքերով, փակվել են թաղամաս տանող 12 փողոցների մուտքերը: Հերոսամարտն սկսվել է սեպտեմբերի 29-ին: Մինչև թուրքական կանոնավոր բանակի հասնելը իշխանությունները ոտքի են հանել քաղաքի և շրջակա գյուղերի մահմեդական բնակչությանը, հիմնականում՝ քրդերին: Հոկտեմբերի 1-ին թշնամին անցել է հարձակման և, տալով 800 սպանված, նահանջել: Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի՝ լույս 3-ի գիշերը: Զգալով, որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին, Զինվորական խորհուրդը վճռել է կազմակերպված նահանջել, հնարավորություն չտալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա շրջապատել և անակնկալ գրոհով ոչնչացնել թշնամուն: Խաժամուժը, տեսնելով, որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել կողոպուտը: Սակայն հայ մարտիկները հարձակվել են և ոչնչացրել նրանցից 1200-ին: Նման ծանր կորուստներից հետո իշխանություններն սկսել են հայկական թաղամասի հրետակոծումը: Հոկտեմբերի 4–5-ը Հալեպից Ուրֆա են փոխադրել մոտ 6 հզ. զինվոր, թնդանոթներ և գնդացիրներ. թուրքական շտաբի պետը գերմանացի սպա էր: Հոկտեմբերի 5-ին թուրքական բանակը և մահմեդական խաժամուժն անցել են հարձակման, սակայն լուրջ հաջողության չեն հասել: Հակառակորդը հրետանու շնորհիվ աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը: Հերոսամարտի ավարտին հայկական թաղամասի 2300 տնից կանգուն էր մնացել միայն 50-ը: Թուրքական հրամանատարությունն անընդհատ ուժեղացրել է ճնշումը: Հարձակումները հետ են մղվել հակառակորդի համար ծանր կորուստներով: Հրետանին քարուքանդ է արել հայկական բոլոր ամրությունները, և Զինվորական խորհուրդը հրամայել է ամրանալ ամերիկյան բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և դիմագրավելու համար ավելի հարմար այլ շինություններում: Հոկտեմբերի 19-ին թուրքերին հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը և մեկը մյուսի հետևից գրավել դիրքերը: Ի վերջո, հոկտեմբերի 23-ին թշնամուն հաջողվել է ճնշել դիմադրության հիմնական կետերը, սակայն ինքնապաշտպանները, թաքնվելով փլատակներում, նկուղներում, կռվել են մինչև նոյեմբերի կեսը: Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ վիրավոր Մկրտիչ Յոթնեղբայրյանը, հակառակորդի ձեռքը չնկնելու համար ինքնասպան են եղել: Մոտ 15 հզ. հայ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, աքսորվել է:
Շապին-Գարահիսարի հերոսամարտը. 1915 թ-ի հունիս
Թուրքական իշխանությունները 1915 թ-ի մայիսից Շապին-Գարահիսարում սկսել են հայերի զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները: Նախապատրաստվելով հարձակման՝ թուրք ոստիկաններն ու ասկյարները 1915 թ-ի հունիսի 2-ին շրջապատել են քաղաքի հայկական թաղամասը և սպանել շուրջ 400 մարդու: Իմանալով տեղահանության հրամանի մասին՝ հայերն անցել են ինքնապաշտպանության՝ Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ: Առաջին իսկ մարտերում արժանի հակահարված են տվել թուրքական հրոսակախմբերին: Բայց հայերի կացությունը ծանրացել է, երբ թուրքերը հրետակոծել ու հրդեհել են հայկական թաղամասը: Մի քանի օրում հրո ճարակ է դարձել ու ավերվել շուրջ 3 հզ. տուն: Հայերը (ավելի քան 5 հզ. մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ) հարկադրված թողել են իրենց ավերված տները և նահանջել Շապին-Գարահիսարի մերձակա լեռան հինավուրց բերդը: Ստեղծվել է բերդի պաշտպանությունը ղեկավարող Զինվորական խորհուրդ՝ Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ: Բերդի և նրա մատույցների կարևոր կետերի պաշտպանությունը հանձնարարվել է 5–25-հոգանոց մարտական խմբերի: Բնակչությունն ամրացրել է պաշտպանության առաջին գիծը՝ բերդի պարիսպը: Կռվողները քիչ էին (մոտ 500 հոգի), զենքը՝ անբավարար: Շուտով թուրքերը, Սեբաստիայից ստանալով համալրում և թնդանոթներ, գերմանական սպաների ղեկավարությամբ գնդակոծել են բերդը: Սեբաստիայի վալի Մուհամմեդը բանագնացի միջոցով հայերից պահանջել է հանձնվել՝ խոստանալով ներում շնորհել նրանց: Հայերը, սակայն, շարունակել են ինքնապաշտպանությունը: 3 օր անց վալին նորից է հանձնվելու պահանջ ներկայացրել, մերժում ստանալով` ձեռնարկել է նոր հարձակում (20 հզ. հոգով): Մոտ 70-հոգանոց մի ջոկատի հաջողվել է ժայռը մագլցելով հասնել բերդ, սակայն պաշտպանները ոչնչացրել են նրանց: Հայերի դրությունը հետագայում ծանրացել է (սպառվել են զինամթերքը, պարենը, ջուրը): Այդ անհուսալի իրավիճակում հունիսի 25-ին գիշերային հարձակումով և որոշ զոհերի գնով հայ մարտիկները ճեղքել են շրջապատումը՝ հարևան շրջաններից հնարավոր օգնություն ստանալու և պաշարվածներին փրկելու հույսով: Բերդում մնացածները, որպեսզի չհանձնվեն, թույն են խմել: Չնայած հաջորդ օրերի լռությանը՝ թուրքերը չեն համարձակվել մոտենալ, իսկ երբ հունիսի 29-ին (պաշտպանության 27-րդ օրը) ներխուժել են բերդ, հանդիպել են դեռևս ողջ երեխաների, կանանց ու ծերերի, որոնց կոտորել են գազանաբար: Դաժան մարտեր են տեղի ունեցել նաև Շապին-Գարահիսարի դաշտային մի քանի հայաբնակ գյուղերում: Հատկանշական է Բուրգի ինքնապաշտպանությունը: Անհավասար կռվում թուրքերը բնաջնջել են գյուղի հայ բնակչությանը:
Զեյթունը (Ուլնիա) քաղաք և գավառ էր Լեռնային Կիլիկիայում, որտեղ հայերը հաստատվել էին վաղ անցյալում: Այժմ գյուղի վերածված Զեյթունը թուրքերն անվանում են Սուլեյմանլի: 1890-ական թթ-ի կոտորածների տարիներին հայերը տարբեր վայրերում մղել են ինքնապաշտպանական մարտեր: Թշնամին, ի վերջո, կոտրել է նրանց դիմադրությունը: Սակայն, որտեղ նրանք դիմադրել են, այնտեղ ավելի քիչ զոհ են տվել: 1915 թ-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը Վան քաղաքի և նահանգի մի շարք գավառների ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ փրկվել է ավելի քան 180 հզ. հայ: Մեծ եղեռնի ժամանակ հաջողությամբ ավարտված ինքնապաշտպանական կռիվներից է Սուեդիայի հայության գոյամարտը (1915 թ-ի հուլիս-սեպտեմբեր), որի շնորհիվ փրկվել է Մուսա լեռ բարձրացած 4058 հայ:
|