Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արդարադատության 
աստվածուհի Թեմիդան
Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագիրը (1789 թ.), որտեղ առաջին անգամ օգտագործվել է «Մարդու իրավունք» տերմինը:
Իրավունքը մարդու վարքագծի համընդհանուր պարտադիր 
կանոնների (նորմ) համալիր է, որը սահմանում կամ 
վավերացնում է պետությունը և ապահովում նրա իրականացումը: 

Իրավունքն առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց`  դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք:
Սովորութային իրավունքն իրավունքի պատմական առաջին ձևն է: Մինչև իրավունքի գրավոր աղբյուրների առաջացումը սովորութային իրավունքը գոյություն է ունեցել հասարակական հարաբերությունների ոլորտում և ավանդաբար կիրառվել է բանավոր: Պետության և իրավունքի առաջացմանը զուգընթաց` տիրող դասակարգը վավերացրել և իրավականոնների մեջ է ամփոփել որոշ սովորույթներ: Իրավունքի ճյուղերը ձևավորվել են սովորութային իրավունքի նորմերից: 
Ընտանեկան իրավունքը` որպես իրավունքի առանձին ճյուղ, նույնպես առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է: Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը, արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական  կարգերից մնացած առանձին սովորույթներ: Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց: Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն: Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով: Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել: Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն: Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները:
Եկեղեցական իրավունքը` որպես իրավունքի առանձին ճյուղ, ձևավորվել է կրոնական սկզբունքների հիման վրա:
Իրավունքի ձևավորմանը նպաստել են նաև պատմական զարգացման առանձնահատկություններն ու ազգային ավանդույթները: 
Պետական իշխանության՝ որպես հասարակական իշխանության նոր տեսակի երևան գալուն զուգընթաց` ձևավորվել է իրավունքի նոր ճյուղ՝ պետական իրավունքը: Այն  իրավական նորմերի ամբողջություն է և ամրապնդում է հասարակական ու պետական կարգի հիմքերը: Պետական իրավունքի գլխավոր աղբյուրը  սահմանադրությունն է, ուստի կոչվում է նաև սահմանադրական իրավունք: Պետական իրավունքը սահմանում է հասարակական և պետական կառուցվածքի ձևերը, քաղաքացիների ժողովրդավարական ազատությունները, նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների ու ազատությունների նյութական,  իրավական երաշխիքները և այլն:
Իրավունքի ձևավորմամբ է պայմանավորված նաև իրավագիտության առաջացումը, որն ուսումնասիրում է հասարակության իրավական վերնաշենքը: Դեռևս I–III դարերում Հռոմում իրավական գիտելիքներն ի մի են բերվել և համակարգվել, ծավալվել է դասական իրավագետների գործունեությունը: Իրավագիտությունը հատկապես զարգացել է բուրժուական հասարակարգում. ստեղծվել են իրավագիտության բազմաթիվ ուղղություններ և դպրոցներ:
Իրավագիտությունը հնարավորություն է ընձեռում բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը  ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան: Իրավագիտության ընդհանուր համակարգի մեջ մտնում են ընդհանուր-տեսական գիտություններ (իրավունքի տեսություն և պատմություն, քաղաքական ուսմունքների պատմություն), ճյուղային գիտություններ (պետական, քրեական, քաղաքացիական, աշխատանքային իրավունք և այլն), միջճյուղային գիտություններ (դատախազական հսկողություն, դատարանի և դատախազության կազմակերպում, բնակարանային իրավունք և այլն), կիրառական գիտություններ (քրեագիտություն, դատական բժշկագիտություն և այլն): Իրավական գիտությունների համակարգում հատուկ տեղ ունի միջազգային իրավունքը:
Հայաստանում իրավական նորմերի, հասարակական ու քաղաքական հարաբերությունների մասին ուսմունքն  առաջացել է հայ դպրության ստեղծման հետ: Վաղ ավատատիրության շրջանում հայ պատմիչներն ու իմաստասերները (Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ և ուրիշներ) մեկնաբանել են իրավական նորմերը, անդրադարձել կամքի ազատության, հանցագործության պատճառների, կառավարման ձևի, իրավունքի հարցերին: 
Հայ իրավագիտական մտքի զարգացման մակարդակն ու էությունը բնորոշում է Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (XII դար), որտեղ մեկնաբանվել են Մովսիսական օրենքները, արտահայտվել առաջադեմ մտքեր պետականության, համապետական օրենքի նշանակության, իրավագիտության, օրինականության պահպանման, կամքի ազատության, պատժի կիրառման նպատակի ու ձևերի, արդարամտության հարցերի մասին: Պետության և իրավունքի, մեղքի ու մեղավորության, հանցագործության պատճառների, ազատ կամքի, օրինականության, աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերության, բռնապետության էության հարցեր են շոշափել նաև Գրիգոր Տաթևացին, Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Դրասխանակերտցին, Արիստակես Լաստիվերցին, Մատթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին, Դավիթ Ալավկա որդին, Ներսես Շնորհալին, Սմբատ Սպարապետը, Վահրամ Րաբունին, Ստեփանոս Օրբելյանը: 
XIV–XVIII դարերում հայ իրավական մտքի զարգացումը շարունակվել է գաղթավայրերում, մասնավորապես Մադրասում լույս տեսած Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» (1772 թ.) և Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» (1773 թ.) աշխատություններում: Վերջինս ոչ միայն իրավական նորմերի ընդարձակ ժողովածու է, այլև ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը: Իրավագիտական բնույթի հարուստ նյութեր են պարունակում Միքայել Չամչյանի, Ղևոնդ Ալիշանի, Նիկողայոս Ադոնցի, Մաղաքիա Օրմանյանի, Ներսես Ակինյանի և ուրիշների աշխատությունները:
Հայ իրավագիտության հետևողական զարգացումն սկսվել է Հայաստանի առաջին հանրապետության շրջանում, շարունակվել խորհրդային տարիներին: XX դարի 20–30-ական թվականներին մշակվել են օրենքների նախագծեր, սահմանվել իրավունքի նորմեր: Այս շրջանում հայ իրավագետներն ուսումնասիրել են նաև հին հայկական պետության և իրավունքի հարցեր, հրատարակել Դավիթ Ալավկա որդու կանոնները, «Կանոնագիրք Հայոցը», Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերը և այլն: 
Հայ իրավաբաններն առանձին աշխատություններ են նվիրել Հայաստանի պետության և իրավունքի պատմությանը, սահմանադրություններին, իրավունքի տարբեր ճյուղերին, հեղինակել են բուհական ու դպրոցական իրավագիտական դասագրքեր: Նրանք գործուն մասնակցություն ունեն ՀՀ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը: ՀՀ իրավագիտական կենտրոն է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտը: Իրավագետ մասնագետներ են պատրաստում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Հայաստանի մի շարք այլ բուհերում: Վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում ներառվել է նաև «Իրավագիտություն» առարկան («Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» և այլն):

   2004 թ-ին Երևանում բացվել է Մարդու իրավունքների պաշտպանի հայաստանյան գրասենյակը: