Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աղազար Նազարեթի 
Լազարյան
(1700–1782 թթ.)
Հովհաննես Աղազարի Լազարյան 
(1735–1801 թթ.)
Մինաս Աղազարի 
Լազարյան 
(1737–1809 թթ.)
Հովակիմ Աղազարի 
Լազարյան 
(1743–1826 թթ.)
Եղիազար Հովակիմի 
Լազարյան 
(1788  – 
1870-ական թթ.)
Խաչատուր Հովակիմի Լազարյան 
(1789–1871 թթ.)
Լազարյանները (Ղազարյաններ, Աղազարյաններ, Եղիազարյաններ, Լազարևներ) հայ ազնվականական նշանավոր տոհմ են Ռուսաստանում, մեծահարուստ բարեգործներ, հայ ազգային-ազատագրական 
շարժման, կրթամշակութային, հասարակական-քաղաքական, 
պետական, ռազմական գործիչներ: 1774 թ-ին  Եկատերինա II 
կայսրուհու հրամանագրով նրանց շնորհվել է ռուսական 
ժառանգական ազնվականի տիտղոս:

Լազարյանների նախնիները Նախիջևանի Դաշտ գյուղից էին: Տոհմի անվանադիրը՝ Ղազարի որդի Խոջա Մանուկը, 1605 թ-ին գաղթել է Սպահան, 1656 թ-ին հաստատվել Նոր Ջուղայի Դաշտ թաղամասում: Լազարյանները կարևոր դեր են ունեցել Նոր Ջուղա հայկական ավանի (ներկայումս՝ Սպահանի թաղամաս) հայոց կյանքում: Խոջա Մանուկի որդի Աղազարը Սբ Լուսավորիչ վանքում կառուցել է կուսանոց և մի շարք շինություններ: Որպես մեծահարուստ վաճառականներ՝ Լազարյաններն առևտրական կապեր են ունեցել Ռուսաստանում և մեծ դեր խաղացել Պարսկաստանի տնտեսական կյանքում:
Աղազար Նազարեթի Լազարյանը  Լազարյանների ազնվականական տոհմի հիմնադիրն է Ռուսաստանում (1774 թ.): Եղել է Նոր Ջուղայի կառավարիչ: Հարություն ու Մանուկ եղբայրների հետ 1741 թ-ին ստեղծել է ընկերություն և առևտրական կապեր հաստատել Ռուսաստանի հետ: 1747 թ-ին տեղափոխվել է Աստրախան, 1749 թ-ին՝ Մոսկվա, որտեղ գնել և ընդարձակել է Ֆրյանովոյի մետաքսագործական ֆաբրիկան, որդու՝ Խաչատուրի կտակած միջոցներով կառուցել է տվել հայոց Սբ Խաչ եկեղեցին: 
Հովհաննես Աղազարի Լազարյանը հայ ազատագրական շարժման գործիչ էր, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական և արդյունաբերող-կալվածատեր: Արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի հետ կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն Իվան Լազարևի նոտան»` Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման  ծրագիր: 
Հովհաննեսի նյութական միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիուպոլսում, 1815 թ-ին հիմնադրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոցը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), կառուցվել են հայկական եկեղեցիներ Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում: Հովհաննես Լազարյանը 1768 թ-ին Ավստրիայի Իոսիֆ II կայսրից ստացել է բարոնի, 1788 թ-ին՝ կոմսի տիտղոսներ: 
Մինաս Աղազարի Լազարյանը Ամենայն հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցու հավատարմատարն էր ռուսական արքունիքում: Հայ  եկեղեցու կառավարումը բարեփոխելու նպատակով մշակել է կանոնադրություն (1808 թ-ին կաթողիկոսը վավերացրել է), որի հիման վրա հետագայում ստեղծվել է Սինոդը կամ Բարձրագույն խորհուրդը: 
Խաչատուր Աղազարի Լազարյանը (1741–74 թթ.) հասարակական գործիչ էր, բարերար:  Նրա կտակով և թողած միջոցներով հայրը և Հովհաննես եղբայրը 1779–81 թթ-ին Մոսկվայի Հայկական նրբանցքում կառուցել են Սբ Խաչ եկեղեցին, որն ավերվել է 1930-ական թթ-ին:
Հովակիմ Աղազարի Լազարյանը  եղբոր՝ Հովհաննեսի կտակի համաձայն՝ հիմնադրել է Լազարյան ճեմարանը: Պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցու շահերն ու ինքնուրույնությունը, միջնորդել է, որ ռուսական կառավարությունն անձեռնմխելի թողնի ռուսահայ գաղութներին նախկինում տրված առանձնաշնորհներն ու արտոնությունները: Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը կառուցել է Սբ Հարություն (այժմ՝ առաջնորդանիստ) եկեղեցին: Նրա նամակներն արժեքավոր տեղեկություններ են պարունակում XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ հասարակական կյանքի վերաբերյալ: 
Հովհաննես Հովակիմի  Լազարյանը (1786–1858 թթ.) եղել է Ռուսաստանի արքունի սենեկապետ (1836 թ.), իսկական պետական խորհրդական (1837 թ.), ծառայել է ռուսական կայսերական գվարդիայում, արտաքին գործերի նախարարությունում: 1815 թ-ից ցկյանս Լազարյան ճեմարանի հոգաբարձուն էր: 1851 թ-ին 60 հզ. ռուբլի է նվիրել ճեմարանի նախակրթարանի բացման համար: Նպաստել է Ալեքսանդր Խուդաբաշյանի հայ-ռուսերեն բառարանի (1838 թ.) տպագրությանը: 
Եղիազար Հովակիմի Լազարյանը ռուսական բանակի գնդապետ էր,  1826–28 թթ-ի ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ժամանակ մասնակցել է Ատրպատականի գրավմանը և Դեհկարխանի ու Թուրքմենչայի հաշտության բանակցություններին, եղել Թավրիզի պարետ, 1828 թ-ի փետրվարին նշանակվել է պարսկահայերի գաղթի կազմակերպիչ: Նույն թվականին՝ Ներսես Աշտարակեցու աքսորվելուց հետո, Եղիազարը Հայաստանում աշխարհազոր ստեղծելու և պետականությունը վերականգնելու մեղադրանքով արտաքսվել է Կովկասից: Վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ թողել է զինվորական ծառայությունը:
Խաչատուր Հովակիմի Լազարյանը մեծ ջանքեր է գործադրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու համար: Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» ծրագիրը՝ առաջարկելով Ռուսական 
կայսրությանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել Հայոց ինքնավար թագավորություն: 1833–38 թթ-ին Խաչատուրի հանձնարարությամբ կազմվել և Մոսկվայում հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող ակտերի ժողովածուն» (ռուսերեն), որը հայ-ռուսական հարաբերությունների պատմության կարևոր սկզբնաղբյուր է: 
Խաչատուրի (1871 թ.) և Եղիազարի (1870-ական թվականներ) մահվամբ վերացել է Լազարյանների արական ճյուղը: 1873 թ-ի կայսերական հատուկ հրամանագրով Լազարյանների ազգանունը փոխանցվել է Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթի ամուսնուն՝ իշխան Սիմեոն Դավթի Աբամելիքին, և Աբամելիքներն անվանվել են  Աբամելիք-Լազարյաններ (Աբամելիք-Լազարևներ):  Սակայն Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարյանի (1857–1916 թթ.) մահվամբ մարել է նաև Աբամելիք-Լազարյանների տոհմը: