Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լենին Վլադիմիր 
1870 թ., ք. Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ, ՌԴ)
1924 թ., Մոսկվա
1939–91 թթ-ին Վ. Լենինի այս հուշարձանը կանգնեցված էր Երևանի Հանրապետության (նախկին՝ Լենինի) հրապարակում (քանդակագործ` Սերգեյ Մերկուրով)
Լենինը ռուս քաղաքական և պետական գործիչ է, մարքսիզմի 
տեսաբան, աշխարհում առաջին  սոցիալիստական հեղափոխության առաջնորդը և առաջին բանվորագյուղացիական պետության (1917–22 թթ-ին` Խորհրդային Ռուսաստան, 
1922–24 թթ-ին` Խորհրդային Միություն) հիմնադիր-ղեկավարը:

Լենինը 1887 թ-ին ընդունվել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց դեկտեմբերին ուսանողական ցույցերին մասնակցելու համար հեռացվել է և աքսորվել: 1891 թ-ին ավարտական քննություններ է հանձնել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1893 թ-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցել «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և ձերբակալվել: 1897 թ-ին 3 տարով աքսորվել է Ենիսեյան նահանգի Շուշենսկոյե գյուղ: 1900 թ-ին մեկնել է արտասահման. փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովի և ուրիշների հետ սկսել է «Իսկրա» («Կայծ») թերթի տպագրությունը: Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) 2-րդ համագումարում (1903 թ.) ստեղծել է բոլշևիկների կուսակցությունը:
1907 թ-ից տարագրվել է: 1917 թ-ին վերադարձել է Պետրոգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և առաջադրել «Ապրիլյան թեզիսները»՝ սոցիալիստական հեղափոխության կուրսը (մարտավարությունը և ռազմավարությունը): Նույն տարվա հոկտեմբերին ղեկավարել է զինված ապստամբությունը: Խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարում (հոկտեմբերի 25) ընտրվել է խորհրդային  առաջին կառավարության՝ ժողկոմխորհի նախագահ, միաժամանակ, 1918 թ-ից Բանվորագյուղացիական պաշտպանության խորհրդի նախագահն էր, Համառուսաստանյան կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), հետագայում՝ նաև ԽՍՀՄ ԿԸՀ-ի անդամ:
1918 թ-ից ապրել է Մոսկվայում, որը նույն թվականի մարտից` ՌԽՖՍՀ, իսկ 1922 թ-ից ԽՍՀՄ մայրաքաղաքն էր: Վճռորոշ դեր է խաղացել Ռուսաստանի և Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև Բրեստի խաղաղության պայմանագիրը (1918 թ-ի մարտի 3-ին) կնքելիս: Նույն օրը ծանր վիրավորվել է ահաբեկչական գործողության հետևանքով: Քաղաքացիական պատերազմի (1918–20 թթ.) տարիներին եղել է «ռազմական կոմունիզմի» քաղաքականության գլխավոր նախաձեռնողը: Հավանություն է տվել հակահեղափոխության և նենգադուլի դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը, որը բռնի միջոցներով անզիջում պայքար էր ծավալելու՝ վերացնելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց մամուլի օրգանները: Այդ քաղաքականությունը հանգեցրեց միակուսակցական համակարգի առաջացմանը, ընդդիմադիր անվանի մտավորականների արտաքսմանը երկրից: Ռուսաստանում սկսված  սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1921 թ-ին որդեգրել է նոր տնտեսական  քաղաքականություն, որը հնարավորություն էր տալիս մասամբ   ազատականացնել նյութական արտադրության ոլորտը:
1922 թ-ին հիվանդացել է և այլևս չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին:
Լենինը Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հավատարիմ հետևորդն էր և ձգտել է դրանք կիրառել Ռուսաստանի հասարակական զարգացման խնդիրները լուծելու համար: Ընդունելով ռուս մարքսիստների տեսակետն այն մասին, թե երկիրը թևակոխել է զարգացման կապիտալիստական ուղի, նա պաշտպանել է բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտությունը Ռուսաստանում և նրա վերափոխումը սոցիալիստական հեղափոխության:
Հեղափոխական պայքարի հիմնական միջոցը Լենինը համարել է պրոֆեսիոնալ հեղափոխականների կուսակցության ստեղծումը՝ ի տարբերություն դումայական սոցիալ-դեմոկրատական  կուսակցությունների:
Առաջ է քաշել կապիտալիզմի զարգացման բարձրագույն՝ իմպերիալիզմի փուլին անցնելու գաղափարը և դրա հիման վրա եզրակացրել, որ Եվրոպայի առաջավոր երկրները հասունացել են համաշխարհային սոցիալիստական հեղափոխության համար, որը պիտի սկսի Ռուսաստանը՝ որպես համաշխարհային իմպերիալիստական համակարգի ամենաթույլ օղակ: Խորհրդարանական ժողովրդավարության փոխարեն պաշտպանել է պրոլետարիատի (չունևոր բանվոր դասակարգ) դիկտատուրան՝ որպես սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման գործիք:
Լենինի մահվանից հետո նրա մշակած տեսությունը ԽՍՀՄ-ում և մի շարք սոցիալիստական երկրներում կանոնակարգվել և կոչվել է լենինիզմ:
Լենինի հիմնական երկերն են «Ի՞նչ են «ժողովրդի բարեկամները», և ինչպե՞ս են նրանք պայքարում սոցիալ-դեմոկրատների դեմ» (1894 թ.), «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» (1899 թ.), «Ինչ անել» (1902 թ.), «Մեկ քայլ` առաջ, երկու քայլ՝ հետ» (1904 թ.), «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» (1908 թ.), «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա» (1916 թ.), «Պետություն և հեղափոխություն», «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» (երկուսն էլ` 1917 թ.), «Նամակ համագումարին» (1922 թ.), «Էջեր օրագրից», «Կոոպերացիայի մասին», «Մեր հեղափոխության մասին» (երեքն էլ՝ 1923 թ.) և այլն:
Լենինը  տարբեր առիթներով անդրադարձել է հայ ժողովրդի և Հայաստանի համար ճակատագրական նշանակության հարցերին: Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ճանաչված հայ մարքսիստներ Իսահակ Լալայանցի, Բոգդան Կնունյանցի, Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի և ուրիշների հետ:
1917 թ-ի դեկտեմբերի 29-ին Խորհըրդային Ռուսաստանի կառավարությունը Լենինի ստորագրությամբ ընդունել է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով պաշտպանում էր հայերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ լիակատար անկախությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ ռուսական զորքերի գրաված Հայաստանի տարածքում: Սակայն, իր իսկ նախաձեռնությամբ զորքերն այդ տարածքից դուրս բերելով, զրկեց այդ դեկրետն իրագործելու հնարավորությունից:
Լենինի գլխավորած կառավարությունը ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–20 թթ.), սակայն միաժամանակ ձգտել է այնտեղ հաստատել խորհրդային կարգեր և Խորհրդային Ռուսաստանի գերիշխանությունը: Առաջնորդվելով համաշխարհային սոցիալիստական հեղափոխության մոտալուտ հաղթանակի գաղափարներով՝ մերձեցել է քեմալական Թուրքիային և, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Հայաստանի Կարսի մարզը և Սուրմալուի գավառը զիջել է Թուրքիային: Հայ ժողովրդի շահերը ոտնահարվել են նաև 1921–23 թթ-ին Անդրկովկասում ազգային տարածքային խընդիրների լուծման ժամանակ. Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը հանձնվել են Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին:
Լենինի երկերը հայերեն հրատարակվել են 1903 թ-ից: Լենինի անունով էին կոչվում Գյումրի քաղաքը (1924–90 թթ-ին՝ Լենինական), հանրապետության խոշոր քաղաքների գլխավոր հրապարակներն ու փողոցները: