 | Լերմոնտով Միխայիլ 1814 թ., Մոսկվա 1841 թ., ք. Պյատիգորսկ (աճյունը 1842 թ-ին վերաթաղվել է Տարխանիում, այժմ՝ գ. Լերմոնտովո՝ ՌԴ Պենզայի մարզում) |
 | Միխայիլ Լերմոնտովի հուշարձանը Մոսկվայում (1965 թ., քանդակագործ` Ի.Դ. Բրոդսկի) |
 | Մ. Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից (գործ՝ Միխայիլ Վռուբելի, 1890 թ.) |
Ռուս բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործություններում միահյուսված են հասարակական, փիլիսոփայական և անձնական թեմաները: Նա անդրադարձել է իր ժամանակի մի ողջ սերնդի ճակատագրին, ազատատենչ մարդու ողբերգական միայնությանն ու հասարակության բարոյական դիմագծին:
Միխայիլ Լերմոնտովը 3 տարեկանում զրկվել է մորից: Մանկությունն անցել է Տարխանի գյուղում: 1830–32 թթ-ին սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, 1832–34 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի յունկերական հեծելազորային դպրոցում: 1834 թ-ից մինչև կյանքի վերջը ծառայել է ռուսական բանակում: Լերմոնտովի ստեղծագործական կյանքում շրջադարձային է եղել Ալեքսանդր Պուշկինի մահվան առիթով գրած «Պոետի մահը» բանաստեղծությունը, որտեղ արտահայտել է ցասում ու բողոք ընդդեմ տիրող բռնության: 1837 թ-ին աքսորվել է Կովկաս, մասնակցել է լեռնցի ապստամբների դեմ մարտական գործողություններին: Կյանքի վերջին 4 տարին անցկացրել է մե՜րթ Սանկտ Պետերբուրգում, մե՜րթ Նովգորոդում, մե՜րթ Կովկասի տարբեր վայրերում: Ցանկանալով զորացրվել և մնալ մայրաքաղաքում՝ 1841 թ-ի սկզբին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ, սակայն ապրիլին իշխանություններից նորից Կովկաս մեկնելու հրաման է ստացել: Այդ շրջանում գրել է հայրենասիրական, խոհական և սիրային բանաստեղծություններ («Հայրենիք», «Սիրում էի անցած-գնացած տարիները», «Վերջին նավակատիք», «Ժայռ», «Հանդիպում», «Ճանապարհ եմ մեկնում մենակ», «Ծովի թագուհի», «Մարգարե» և այլն): Հետևելով դեկաբրիստների գաղափարներին՝ Լերմոնտովը դիմել է Ռուսաստանի անցյալին, երգել ժողովրդի պայքարն ընդդեմ հարստահարման ու կեղեքման: «Երգ Կալաշնիկովի մասին» պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծել է ազատության, արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար: «Խոստովանություն» պոեմի հերոսը ճգնավոր իսպանացի է, որը երազում է ազատության ու փրկության մասին: Ազատատենչության, ընդվզման ու պայքարի թեմաներն են շոշափված «Մծիրի» (1839 թ.) և «Դևը» (1829–41 թթ.) պոեմներում: «Մծիրիի» հիմքում իր ապրած ժամանակաշրջանի կովկասյան կյանքն է: Գերի ընկած լեռնցուն փակել են վանքում, իսկ նա միայն երազում ու կարոտում է հայրենիքը և տենչում ազատություն: Լերմոնտովը «Դևը» պոեմի վրա աշխատել է 1829 թ-ից գրեթե մինչև կյանքի վերջը: Պոեմի գլխավոր հերոսի հիմնական նպատակը պայքարն է աշխարհի անարդարության ու անհավասարության դեմ: «Դևը», նաև «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություններում ու բալլադներում դեպքերը ծավալվում են Կովկասում: 1838–39 թթ-ին Լերմոնտովը գրել է «Մեր ժամանակի հերոսը» վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, տառապող և տառապանք պատճառող, եռանդուն անհատ է, սակայն նա կրում է ժամանակի կնիքը. հեղինակն անխնա քննադատել է իր հերոսի հակասական կյանքը, հոգու երկվությունը, անտարբերությունն ու եսասիրությունը: Վեպը հոգեբանական ու սոցիալական հարցադրումների խորությամբ, սյուժեի ու կերպարների հարստությամբ, ձևի ու ոճի սեղմությամբ, կառուցվածքային կատարելությամբ դասվել է համաշխարհային արձակի նվաճումների շարքը: 1841 թ-ի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվել է մայոր Ն. Մարտինովի դեմ մենամարտելիս: Լերմոնտովի «Դիմակահանդես» դրաման բազմիցս բեմադրվել է հայ թատրոնում: Նրա գործերը հայերեն են թարգմանվել դեռևս XIX դարի 40-ական թվականներից (Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան, Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց, Նաիրի Զարյան և ուրիշներ): Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով գործեր են ստեղծել Հովհաննես Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, Գևորգ Բաշինջաղյանը, երաժշտության բնագավառում՝ Ալեքսանդր Սպենդիարյանը («Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը), Արամ Խաչատրյանը («Դիմակահանդես» ներկայացման երաժշտությունը): Լերմոնտովի անունով ՀՀ Լոռու մարզում կոչվել է գյուղ, որտեղ գործում է նրա անվան թանգարան-արգելոցը, և Երևանում` փողոց:
|