Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լյուդովիկոս (Լուի) XIV
1638 թ., Սեն Ժերմեն 
1715 թ., Վերսալ (երկուսն էլ՝ Փարիզի մոտ)

Դիմանկարը` Շառլ դե Բրյունի, 1661 թ.
Լյուդովիկոս XIV-ի 
ձիարձանը Վերսալում (1835 թ., քանդակագործ` Լ. Մ. Լ. Պտիտո)
Լյուդովիկոս XIV-ը (սերել է Բուրբոնների արքայատոհմից) 
Ֆրանսիայի թագավորն էր 1643–1715 թթ-ին: Նրա օրոք բացարձակ միապետությունը երկրում հասել է իր գագաթնակետին. 
Ֆրանսիան Եվրոպայում ունեցել է գերիշխանություն:

Լյուդովիկոս XIV-ը` Լյուդովիկոս XIII-ի ավագ որդին, թագավոր է կարգվել հոր մահվանից (1643 թ.) հետո՝ 5 տարին չբոլորած: Պետական իշխանությունը վարել և Լուիին «արքայական հմտություններ» է սովորեցրել կարդինալ ու առաջին նախարար Ջուլիո Մազարինին: 1648–53 թթ-ին՝ բացարձակ միապետության դեմ շարժման տարիներին, թագավորական ընտանիքն ստիպված հեռացել է Փարիզից, որը նպաստել է երկրում միապետության ուժեղացմանը: Մազարինիին հաջողվել է ճնշել ընդդիմությանը և կնքել երկրի կայունության համար նպաստավոր պայմանագրեր:
Լյուդովիկոս XIV-ը հիմնավոր կրթություն չի ստացել, բայց ունեցել է արտասովոր բնատուր ունակություններ և բարձր ճաշակ: Ճոխության ու զվարճանքի հակումը նպաստել է, որ Վերսալը վերածվեր Եվրոպայի նշանավոր պալատներից մեկի և նորաձևությունների օրենսդրի:
Լյուդովիկոս XIV-ի լիարժեք իշխանավարությունն սկսվել է Մազարինիի մահվանից (1661 թ.) հետո, երբ նա բարեփոխել է պետական իշխանությունը, կազմավորել 3 նախարարներից բաղկացած պետական մարմին: Տնտեսության մեջ արմատավորել է պետական վերահսկողությունը, կենտրոնական ու տեղական վարչական մարմինների բարեփոխման շնորհիվ խթանել արդյունաբերության և առևտրի զարգացումը: 
Ձգտելով վերահսկողություն սահմանել նաև կաթոլիկ եկեղեցու վրա՝ հակադրվել է Ինոկենտիոս XI պապին, 1682 թ-ին հրավիրել է հոգևորականության ժողով, ընդունել է «Գաղիական հոգևորականության հռչակագիրը» և հալածանք սկսել այլախոհների դեմ:
Լյուդովիկոս XIV-ն ստեղծել է հզոր բանակ ու նավատորմ և ակտիվացրել նվաճողական քաղաքականությունը Եվրոպայում: Գերիշխանության հասնելու նպատակով սկսել է պատերազմը. Իսպանիային դուրս է քշել Հարավային Նիդեռլանդներից (1672–78 թթ.), գրավել Ֆրանշ-Կոնտեն, 1681 թ-ին Ֆրանսիային է միացրել Ստրասբուրգը, 1684 թ-ին՝ Լյուքսեմբուրգը, 1688 թ-ին՝ Ռեյնի մարզը:
Այդ նվաճողական քաղաքականությունից դժգոհ Հաբսբուրգյան լիգան դաշինք է կազմել Լյուդովիկոս XIV-ի դեմ և 1687–97 թթ-ի պատերազմում պարտության մատնել նրան: 1697 թ-ի Ռիովիկյան պայմանագրով` Ֆրանսիան զրկվել է բոլոր գրաված տարածքներից՝ բացի Էլզասից ու Ֆրանշ-Կոնտեից: Շարունակվող պատերազմները հետագայում ավելի են թուլացրել Ֆրանսիան (տվել է 3 մլն զոհ), և «Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանի» ավարտին երկիրը հայտնըվել է տնտեսական խոր ճգնաժամի մեջ:
Լյուդովիկոս XIV-ի օրոք զգալիորեն զարգացել են  գիտությունը, արվեստներն ու գրականությունը, հիմնադրվել  են  Փարիզի գիտությունների ակադեմիան (1666 թ.), Փարիզի աստղադիտարանը (1667 թ.), Թագավորական երաժշտական ակադեմիան (1669 թ.), ֆրանսերենը գործածությունից դուրս է մղել լատիներենը:  Գրականության ոլորտում փայլել են Պիեռ Կոռնելը, Ժան Ռասինը, Նիկոլա Բուալոն, Ժան դը Լաֆոնթենը, Շառլ Պեռոն, բեմադրվել են Ժան Բատիստ Մոլիերի կատակերգություններն ու Ժան Բատիստ Լյուլլիի օպերաները, կառուցվել են դասական ճարտարապետության գլուխգործոցներ` Լուի Լևոյի և Կլոդ Պեռոյի պալատները, Լենոտրի այգիները և այլ շինություններ:
   Ավանդությունը Լյուդովիկոս XIV-ին է վերագրել «Պետությունը ես եմ» արտահայտությունը: Այնքան է մեծացել նրա անձի պաշտամունքը, որ նույնիսկ ստացել է Արև արքա մականունը: