Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Հռիփսիմե Սիմոնյան. 
Դեկորատիվ անոթներ (1968–70 թթ., հրակավ)
Հմայակ Բդեյան. 
«Դիմակներ» (1988 թ., հրակավ, ջնարակ, աղեր)
Ռոբերտ Այվազյան. «Գիր և գիրք» 
(1988 թ., հրակավ, ջնարակ, Երևանի «Զվարթնոց» տպագրատան պատին)
Իսպանական խեցե ափսեներ
Խեցե սալիկներ
Չինական կավե 
վառարան
Խեցեգործությունը  (կավագործություն, բրուտագործություն) կավե իրերի պատրաստման արհեստն է, դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին. այն կավի ու նրա հանքային հավելանյութերի, նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների թրծումից ստացվող իրերի ու նյութերի պատրաստման արվեստն է: 

Խեցեգործության նախնական արտադրությունը մարդը յուրացրել է կրակի գյուտից հետո` նոր քարի դարաշրջանում՝ մ. թ. ա. VII–IV հազարամյակներում: Սկզբում առավելապես պատրաստվել են կավե ամաններ, հետագայում՝ նաև շինանյութ՝ աղյուս, հախճասալիկներ, ծիսապաշտամունքային առարկաներ՝ տարատեսակ արձանիկներ, կրակարան, դաջախեցիներ (կնիքներ) և այլն: Անցյալում գրել են հիմնականում կավե սալիկների վրա (օրինակ՝ «Գիլգամեշ» ասուրա-բաբելական դյուցազներգությունը, մ. թ. ա. III հազարամյակ) և թրծել: Խեցին իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը:
Մերձավոր Արևելքի երկրներում՝ Բաբելոնում, Եգիպտոսում և Իրանում, մ. թ. ա. I հազարամյակում օգտագործել են հում, ապա՝ թրծած աղյուսը, ջնարակված և հախճապատ սալիկները: Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոլին) պատրաստում էին սպասք, որով մ. թ. ա. I հազարամյակում սկզբնավորվել է ճենապակետիպ իրերի, հետագայում՝ նաև մաքուր ճենապակու արտադրությունը:
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մ. թ. ա. VII հազարամյակի քվարցի (որձաքար) խառնուրդով կավե հնագույն իրեր: Մ. թ. ա. IV հազարամյակում հայտնի են դարձել թրծումը, կոպիտ զարդանախշումը, իսկ III հազարամյակում մետաղամշակման զարգացմամբ առաջացել է կրակարանների, ձուլման կաղապարների կիրառման անհրաժեշտությունը: Վաղ բրոնզի դարաշրջանում պատրաստվել են բազմաձև և բազմագույն սափորներ, անոթներ. աստիճանաբար կատարելագործվել է գունավոր խեցեգործությունը, ստեղծվել են փորագրազարդված գործեր: Ավելի ուշ պատրաստվել են կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակներով անոթներ, իսկ հելլենական դարաշրջանում տարածվել են թրծակավե փոքրածավալ արձանիկները, բազմաձև անոթները: 
VIII դարում Մերձավոր Արևելքում մեծ հեղաշրջում էր ջնարակի գյուտը, որը կիրառվել է նաև Հայաստանում՝ Դվինում, Անիում, Գառնիում: IV–IX դարերի խեցեգործության հազվագյուտ նմուշներ են հայտնաբերվել Դվինում և Զվարթնոցում: XIII դարում այդ արհեստը հասել է կատարելության. պատրաստվել են սկուտեղներ, գավաթներ, կճուճներ և կենցաղային այլ իրեր: IX դարում Հայաստանում զարգացել է հախճապակու արտադրությունը, իսկ XII–XIII դարերում հասել է զարգացման գագաթնակետին: Արտադրվել է գունավոր, թափանցիկ, ջնարակված բարձրորակ հախճապակի: Քաղաքական աննպաստ հանգամանքների պատճառով XIV դարում` անեցիներին, XV դարում նաև Գողթն գավառի Ցղնա գյուղի բնակչությանը տեղահանել, տարել են Թուրքիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաք, որը ժամանակի ընթացքում դարձել է խեցեգործական նոր կենտրոն: Կուտինայի խեցեգործական արտադրանքն ունեցել է զուտ հայկական նկարագիր: Հայերի խեցեղեն արտադրանքը զարդարել է եկեղեցիներ,  մզկիթներ,
Ռուբեն Շահվերդյան. «Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» (դեկորատիվ քանդակ, 1969 թ., հրակավ)
պալատներ, արտահանվել Եվրոպա: 
Հայաստանում մինչև 1950-ական թվականները շուկայի մատակարարը ժողովրդական բրուտագործ վարպետներն էին. կրկնում էին դարերի ընթացքում մշակված  խեցեղեն իրերի ձևերը: Հետագայում Երևանում կառուցվեցին հախճապակու, Արտաշատում՝ բրուտախեցեգործական, ճենապակու գործարաններ, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (այժմ` Երևանի գեղարվեստի ակադեմիա) բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին: 
Խեցեգործության բնագավառ են ներգրավվել պրոֆեսիոնալ խեցեգործ-նկարիչներ, ովքեր ստեղծել են  բարձրարժեք նմուշներ: Ուշագրավ աշխատանքներ են կերտել Ռուբեն Շահվերդյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը, Նորայր Աղաջանյանը, Վան Սողոմոնյանը, Ռոբերտ Այվազյանը, Գագիկ Ալումյանը, Սահակ Սահակյանը, Սիմոն Տերունին, Աշխեն Ասատրյանը և ուրիշներ:

Խեցեղեն բազմաթիվ իրեր օգտագործվում են շինարարության մեջ (աղյուս, երեսպատման սալիկներ և այլն), կենցաղում և սանտեխնիկայում (ամանեղեն, գեղարվեստական իրեր, լվացարաններ), էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում և այլ ոլորտներում: