Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արոսենի
Օշան
Հայկական որոր
Մուֆլոն

ՀՀ տարածքում հանդիպող բնաշխարհիկներ
Կտտկենի
Բնաշխարհիկներն աշխարհագրական համեմատաբար ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված բույսերի ու կենդանիների տեսակներ, ցեղեր, ընտանիքներ և այլ կարգաբանական միավորներ են: Բնաշխարհիկների առաջացմանն ու զարգացմանը նպաստում են աշխարհագրական մեկուսացումը, կլիմայական ընդհանուր պայմանները, կենսածին գործոնները՝ մակաբուծությունը, մրցակցությունը և այլն: Տեսակի կամ ենթատեսակի համար բնաշխարհիկությունը կարող է լինել խիստ սահմանափակ՝ մինչև մի քանի կիլոմետր շառավղով տարածքում: Առավել հաճախ բնաշխարհիկները հանդիպում են կղզիներում, լեռնային շրջաններում և մեկուսացած ջրամբարներում:
Տարբերում են հնաբնաշխարհիկներ, որոնք մնացուկային անհետացող տեսակներ են, և նորբնաշխարհիկներ՝ զարգացող նոր ձևեր ու տեսակներ, որոնք առաջացել են վերջին շրջանում՝ մեկուսացած տարածքներում:

Բնաշխարհիկ բույսեր
ՀՀ տարածքում բացահայտվել և նկարագրվել է բույսերի շուրջ 400 տեսակ. 115-ը հանդիպում է միայն ՀՀ-ում (285-ը հայտնաբերվել է նաև հարևան երկրներում): Դրանցից են նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը, հայաստանյան արոսենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը և այլն: Այստեղ տարածված են նաև մշակաբույսերի վայրի բնաշխարհիկ տեսակները՝ տանձենի, խնձորենի, կեռասենի, սալորենի, արոսենի, սզնի, ոլոռ, ոսպ, ճակնդեղ և այլն: Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի բնաշխարհիկ հացազգիները՝ ցորենը, գարին, աշորան, որոնք օժտված են ներտեսակային խիստ բազմազանությամբ և արժեքավոր հատկանիշներով՝ երաշտադիմացկունությամբ, վաղահասությամբ, պրոտեինի և հում սոսնձանյութի պարունակությամբ: Բնաշխարհիկ բույսերը ՀՀ բուսաշխարհի ամենաարժեքավոր գենոֆոնդն են, ունեն գիտական և գործնական մեծ նշանակություն:

Բնաշխարհիկ կենդանիներ
ՀՀ տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են Կովկասի, Փոքր Կովկասի, Արևելյան Կովկասի, Ատրպատականա-արևելահայկական և Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ խմբերին:
ՀՀ-ում կան անողնաշարավորների 316 բնաշխարհիկ և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդներ, մորեխներ, բզեզներ, երկթևանիներ, փափկամարմիններ:
ՀՀ-ում հանդիպող 53 տեսակի սողուններից 23-ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհների համար: Միասեռ ժայռային մողեսը հանդիպում է Սևանի ավազանում, Կոտայքի և Շիրակի մարզերում, հայկական ժայռային մողեսը՝ ՀՀ հյուսիսային շրջաններում: Հայաստանում հայտնաբերված են նաև ժայռային մողեսների մի շարք տեսակներ, օրինակ՝ Դալի, Ռոստոմբեկովի, Վալենտինի մողեսները: Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկի ենթատեսակը՝ կազմված մոտ 100 առանձնյակից, պահպանվել է Սևանի ավազանի Նորատուս գյուղի մերձակայքում: Դարևսկու վահանագլուխ իժը հանդիպում է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևելյան մասում, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը՝ Հայկական լեռնաշխարհում և Փոքր Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին:
ՀՀ-ում կաթնասունների 83 տեսակից բնաշխարհիկ են 7-ը՝ հայկական մուֆլոնը, անդրկովկասյան կուրամկնիկը, Վինոգրադովի ավազամուկը, փոքրասիական ճագարամուկը, հայկական մկնիկը, հայկական գիշերաչղջիկը, Դալի ավազամուկը: Հայկական մուֆլոնն անցյալում տարածված էր Արարատյան գոգավորությունում, Վայոց ձորում և Զանգեզուրում: Վերջին 25–30 տարիների ընթացքում այն անհետացել է Արարատյան գոգավորությունից և պահպանվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում ու հարակից տարածքներում:
Թռչուններից հայկական որորը տարածված է Սևանա լճի ավազանում և Արաքս, Հրազդան ու Ախուրյան գետերի երկայնքով: Զգալի տարածում ունեն կովկասյան մայրեհավը, սևավիզ քարաթռչնակը, կասպիական ուլարը և այլն:
Ձկնատեսակներից բնաշխարհիկ են 3-ը. Սևանի իշխանն իր 4 ենթատեսակներով (ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ), Սևանի բեղլուն և հայկական կարմրակնը: