Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» 
երկի ձեռագրի 1 էջը 
(Մատենադարան, ձեռագիր դ 1664, էջ 86ա)
Մոտ 1201/1203 թ., Գանձակ աշխարհ
1271 թ., Նոր Գետիկ
XIII դարի պատմիչ, վարդապետ, րաբունապետ Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» երկում արժեքավոր տեղեկություններ է 
հաղորդում IV–XIII դարերի քաղաքական, տնտեսական, 
եկեղեցական հարաբերությունների, մշակութային և հասարակական շարժումների մասին՝ դրանք սերտորեն կապակցելով հարևան 
պետություններում (Վիրք, Աղվանք, Մերձավոր Արևելքի երկրներ) կատարվող իրադարձությունների հետ:

Կիրակոս Գանձակեցին (Արևելցի, Գետիկցի) սովորել է Նոր Գետիկի (հետագայում՝ Գոշավանք) վանքում, 1215 թ-ին տեղափոխվել է Տավուշ՝ Խորանաշատի վանք. աշակերտել է Վանական Վարդապետին, ստացել վարդապետական աստիճան: 1225 թ-ին՝ Խորանաշատի ավերումից հետո, ուսուցչի հետ տեղափոխվել է Լորուտ գյուղի մերձակա եկեղեցին, շարունակել գիտամանկավարժական գործունեությունը: 1236 թ-ին մոնղոլները նրանց գերել են: Գանձակեցին գերությունից փախել և ապաստանել է Նոր Գետիկում: 
1243 թ-ին մասնակցել է Սսի եկեղեցական ժողովին: Ենթադրվում է, որ 1251 թ-ից՝ Վանական Վարդապետի մահից հետո, գլխավորել է Նոր Գետիկի վանքի դպրոցը: 1255 թ-ին Արագածոտնի Վարդենիս գյուղում հանդիպել է Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա-ին, գրի առել նրա հայտնած տեղեկությունները: 1260 թ-ին Գանձակեցու միջամտությամբ Նոր Գետիկի բնակչությունն ազատվել է աթոռահարկից: 1268–69 թթ-ին այցելել է Կիլիկյան Հայաստան:
Կիրակոս Գանձակեցու գլխավոր երկը՝ «Հայոց պատմությունը», ընդգրկում է IV դարից մինչև 1265–66 թթ-ի իրադարձությունները: Բաղկացած է «Առաջաբանից», որտեղ թվարկված են մատենագիրները՝ Ագաթանգեղոսից մինչև Վանական Վարդապետ, և 65 գլխից: Բաժանվում է 2 մասի: Առաջին մասում (մինչև 1197 թ.) համառոտ շարադրված է Հայ եկեղեցու պատմությունը, ինչպես նաև ներկայացված են առանձին քաղաքական, մշակութային իրադարձություններ, որոնց սկզբնաղբյուրը  նախորդ օտար և հայ հեղինակների (Եվսեբիոս Կեսարացի, Սոկրատես Սքոլաստիկոս, Մովսես Կաղանկատվացի, Սամուել Անեցի, Վանական Վարդապետ և ուրիշներ) երկերն են, արձանագրությունները, եկեղեցական փաստաթղթերը, նամակները, բանավոր տեղեկությունները և այլն: Երկրորդ մասը մոնղոլների առաջին արշավանքների և Հայաստանում նրանց տիրապետության սկզբնական շրջանի մանրամասն պատմությունն է: Այստեղ Գանձակեցին՝  որպես դեպքերի ու իրադարձությունների ականատես պատմիչ, կարևոր տվյալներ է հաղորդում մոնղոլների՝ Այսրկովկաս ու Հայաստան կատարած արշավանքների, լեզվի, կենցաղի, բարքերի, հասարակական կառուցվածքի, Հուլավյանների պետության քաղաքական և տնտեսական պատմության, հայ  իշխանավորների, Կիլիկիայի հայկական պետության ու մոնղոլների փոխհարաբերությունների մասին: «Հայոց պատմության» երկրորդ մասի նշանակությունը մեծ է նաև հիշյալ իրադարձությունների վերաբերյալ այլ աղբյուրների (իրանական, արաբական և այլն) արժանահավատությունն ստուգելու առումով:
Գանձակեցու «Հայոց պատմությունը» բարձր են գնահատել և նրանից օգտվել են նրա ժամանակակիցներ Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, հետագայում` բազմաթիվ հայ և օտարազգի գիտնականներ: Մեզ է հասել «Պատմության» 47 ընդօրինակություն. 31-ը պահվում են Երևանի Մատենադարանում, մնացածը՝ Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Կոստանդնուպոլսի մատենադարաններում և այլուր: Երկն առաջին անգամ հրատարակվել է 1858 թ-ին, Մոսկվայում, գիտաքննական հրատարակությունը լույս է տեսել 1961 թ-ին, Երևանում: Թարգմանվել է ֆրանսերեն (1870 թ.), ռուսերեն (1976 թ.), հատվածաբար՝ լատիներեն, անգլերեն: Գանձակեցին գրել է նաև թղթեր (չեն պահպանվել)՝ ուղղված Վանական Վարդապետին, Վարդան Արևելցուն և ուրիշների, Աստվածածնի վերափոխման շարական, Պողոս եպիսկոպոսի վարքը (զետեղված է 1253–69 թթ-ին Գանձակեցու հարմարեցրած ու լրացրած «Հայսմավուրքում». Վիեննայի Մխիթարյան մատենադարան):