Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կուրոսավա Ակիրա
1910 թ., Տոկիո
1998 թ., Տոկիո
Ա. Կուրոսավայի «Ռասյոմոն» (1950 թ.) կինոնկարի ազդագիրը
Կադր «Կարմիր մորուք» (1965 թ., ռեժիսոր` Ա. Կուրոսավա) կինոնկարից
Ճապոնացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օսկարակիր, 
միջազգային բազմաթիվ կինոփառատոների մրցանակների դափնեկիր Ակիրա Կուրոսավան XX դարի խոշորագույն արվեստագետներից է. իր ստեղծագործությամբ նա նոր փուլ է սկզբնավորել համաշխարհային կինոյում, մշակել ինքնատիպ ոճ:

Ակիրա Կուրոսավան դպրոցական տարիներին զբաղվել է կենդո մարտարվեստով և նկարչությամբ: 1928–35 թթ-ին սովորել է Տոկիոյի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում: 1936 թ-ից եղել է ռեժիսորի օգնական, գրել կինոսցենարներ:
Առաջին՝ սեփական սցենարով նկարահանած «Սուգատա Սանսիրո» («Ձյուդոյի հանճարը», 1943 թ.) ֆիլմը պատմում է XIX դարի վերջին Ճապոնիայում ձյուդոյի զարգացման մասին: Սամուրայների (զինվոր) թեմայով 1950 թ-ին ստեղծել է բուռն կրքերով և դրամատիզմով հարուստ «Ռասյոմոն» (դարձել է հոլիվուդյան «Անարգում» ժապավենի հիմքը, 1964 թ.) ֆիլմը, որով արժանացել է համաշխարհային ճանաչման: Ռեժիսորը ճապոնական կինոյի քարացած կանոնների փոխարեն կիրառել է համաշխարհային կինոարվեստի նվաճումները: 
Կուրոսավան հաճախ է անդրադարձել սոցիալական ու քաղաքական խնդիրների, հավատացել անհատի բարոյական ու հոգևոր կատարելագործմանը: «Յոթ սամուրայ» ( 1954 թ., հոլիվուդյան «Հրաշալի յոթնյակը» ֆիլմը դրա վերամշակված տարբերակն է) կինոնկարում արտահայտված է կինոռեժիսորի համակրանքը արևմտյան մշակույթի հանդեպ: Նրա կինոոճը վերացնում է Արևելքի և Արևմուտքի մշակույթների ավանդական սահմանները. դրանց տարրերի համադրությամբ է ռեժիսորը նկարահանել «Ապուշը» (1951 թ., ըստ Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի), «Հատակում» (1957 թ., ըստ Մաքսիմ Գորկու համանուն պիեսի), «Արյունոտ գահը» (1957 թ., ըստ Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության), «Թիկնապահը» (1961 թ., այս ֆիլմի հիման վրա ստեղծվել է իտալական «Մի բուռ դոլար» կինոնկարը) ֆիլմերը, իսկ 1975 թ-ին «Մոսֆիլմի» հետ նկարահանել է «Դերսու Ուզալան» (ըստ Վլադիմիր Արսենևի):
1980-ական թվականներին Կուրոսավան կրկին անդրադարձել է սամուրայների թեմային [«Ռազմիկի ստվերը», «Խռովություն» (ըստ Վ. Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության)], ավելի ուշ ստեղծել է «Ակիրա Կուրոսավայի երազները» (1990 թ.), «Օգոստոսյան ռապսոդիա» (1991 թ.) կինոնկարները: 1993 թ-ին  նկարահանել է իր վերջին՝ «Դեռևս ոչ» ֆիլմը:
Կյանքի վերջին տարիներին Կուրոսավան համագործակցել է ամերիկյան հայտնի կինոգործիչներ Սթիվեն Սփիլբերգի, Ջորջ Լուկասի, Ռիչարդ Գիրի և Մարտին  Սկորսեզեի (վերջինս խաղացել է «Ակիրա Կուրոսավայի երազները» ֆիլմում) հետ: 

   1990 թ-ին Կուրոսավան ծննդյան 80-ամյակի առթիվ և կինոյում խոշոր ներդրման համար արժանացել է պատվավոր Օսկարի, 1994 թ-ին՝ Կիոտոյի մրցանակին: 2004 թ-ին Տոկիոյի միջազգային կինոփառատոնը նրա անունով սահմանել է մրցանակ:
   Մրցանակների են արժանացել Կուրոսավայի «Ռասյոմոն» (1951 թ-ին՝ Օսկար և Վենետիկի միջազգային կինոփառատոնի), «Ապրել» (1954 թ-ին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի), «Յոթ սամուրայ» (1955 թ-ին՝ Օսկար և Վենետիկի միջազգային կինոփառատոնի), «Արյունոտ գահը» (1957 թ-ին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի), «Թիկնապահը» (1962 թ-ին՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի), «Դերսու Ուզալա» (1975 թ-ին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի, 1976 թ-ին՝ Օսկար), «Ռազմիկի ստվերը» (1980 թ-ին` Կաննի  միջազգային կինոփառատոնի), «Խռովություն» (1986 թ-ին՝ Օսկար) ֆիլմերը: