Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Ռուսական ամենամեծ «Օռլով» ալմաստը
Յակուտիայի ալմաստներից
"Ալմաստե գահը" այժմ պահվում է Կրեմլի Զինապալատում
Ալմաստն ածխածնի բնական տարաձևություններից է: Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների: Լավագույն ալմաստները կա՜մ անգույն են, կա՜մ երկնագույն:
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ: Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ադամանդ: Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն:
Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները: Ալմաստի արժեքը որոշվում է նրա զանգվածով: Վերջինս չափում են հատուկ միավորներով՝ կարատներով. 1 կարատը 0,2 գ է: 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ: 1905 թ-ին Հարավային Աֆրիկայում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621,2 գ) էր: Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է:
XVII դարում Ռուսաստանում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր: 
2007 թ-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1,5 կգ) զանգվածով:
Տեխնիկական ալմաստները, բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս: Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը: Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար: Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ: Դրանք նրբագույն՝ 0,1–0,001 մմ տրամագիծ ունեցող անցքերով թիթեղներ են, որոնցով մետաղը միջաձգելիս վերածվում է համապատասխան տրամաչափի մետաղալարի:
1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով. 100.000 մթնոլորտ ճնշման, կատալիզատորի առկայության, թթվածնի բացակայության և 3000օC-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում գրաֆիտը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0,1 կարատից): Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը: Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում: Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ: Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ: Բնական ալմաստի խոշոր հանքեր կան Ռուսաստանում, Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն,  Բոթսվանա, Նամիբիա), Բրազիլիայում, Հնդկաստանում և այլուր:

"Ալմաստե գահը"
1660 թ-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Իրանի Սպահան քաղաքից Մոսկվա է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական: Նա ցար Ալեքսեյ Միխայլովիչին նվիրում է մի թանկագին գահ, որը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները: Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով: Ալեքսեյ Միխայլովիչ ցարը շատ է հավանում նվերը և Զաքար Սահրատյանին խնդրում է, որ Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների, արծաթագործների, թանկագին քարեր հղկողների ու նկարիչների:
    
Ալմաստի օգտագործման պատմությունից 
  Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից: Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ: Իսկ որպես թանկարժեք քար` օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով: Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ: Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ:
    
    
  • Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից:
  • Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի: