 | ՀՀ և ԼՂՀ պետական դրոշները |
 | ՀՀ և ԼՂՀ պետական զինանշանները |
Պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, պետության ինքնիշխանության պաշտոնական տարբերանշաններ են:
Պետական դրոշ
Պետական դրոշը որոշակի գույնի (գույների) ու չափի պաստառ է՝ ամրացված սրածայր ձողի վրա: Դրոշը գործածվել է դեռևս Հին աշխարհի երկրներում՝ առավելապես ռազմական նպատակներով՝ որպես զինվորների հավաքի ու համախմբվելու, հեռվից լավ տեսանելի նշան: Դրոշի օգտագործման վերաբերյալ հայոց ամենավաղ տեղեկությունը կապված է Հայկ Նահապետի անվան հետ. գալով Բզնունյաց ծովի (Վանա լիճ) շրջանը՝ նա իր դրոշն է պարզել մի ժայռի վրա:
Արյունից ծորած երիզ մի կարմիր, Երկնքից պոկված կտոր մի կապույտ, Հասուն հասկերի շող նարնջագույն Եվ դարերի հավատի դրոշ Եռագույն: Անդրանիկ Ծառուկյան, բանաստեղծ
«ՀՀ պետական դրոշի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի առաջին հանրապետության (1918–20 թթ.) եռագույն դրոշն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով՝ լայնության և երկարության 1:2 հարաբերությամբ: Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, Հայկական բարձրավանդակի, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: ԼՂՀ դրոշը (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1992 թ-ի հունիսի 2-ի որոշմամբ) Հայաստանի Հանրապետության դրոշի նման է, ավելացված է միայն սպիտակ եռանկյունաձև նախշանկար, որը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը: Գույների խորհուրդը նույնն է: Պետական դրոշը ծածանվում է հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, դատախազությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսությունների շենքերի և փոխադրամիջոցների վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղերում: Պետական դրոշը բարձրացվում է հանրապետությունում մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում փակման արարողությունների ժամանակ, բարձրացվում է նաև հայ մարզիկներին միջազգային մրցումներում մրցանակային պարգևներ հանձնելիս:
Պետական զինանշան
Պետական զինանշանը խորհրդանշում է երկրի հասարակական-քաղաքական կարգը: Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում, առկա են նաև Հին աշխարհի ժողովուրդների բազմաթիվ խորհրդանշային պատկերներում: Վաղ անցյալում ազնվականական կամ իշխանական տները, երբեմն նաև առանձին անձեր, պետության կազմի մեջ մտնող վարչատարածքային միավորներ նույնպես ունեցել են իրենց զինանշանները: «ՀՀ պետական զինանշանի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի առաջին հանրապետության զինանշանն է: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների (վերևից՝ ձախ), Արշակունիների (վերևից՝ աջ), Արտաշիսյանների (ներքևից՝ ձախ), Ռուբինյանների (ներքևից՝ աջ) զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն: ԼՂՀ զինանշանին (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ) հեղինակ՝ Լավրենտի Ղալայան) պատկերված է թևատարած արծիվ, որը կրում է Արտաշիսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները: Կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են ԼՂՀ դրոշը (հորիզոնական դիրքով) և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան համապատկերին: Ներքևի մասում` արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա հայերեն մակագրություն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ»: ՀՀ և ԼՂՀ զինանշանների պատկերները տեղադրվում են բոլոր այն շենքերի ճակատներին, որտեղ ծածանվում են ՀՀ և ԼՂՀ դրոշները:
Պետական օրհներգ
Պետական օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է՝ գրված ծրագրային բնույթի բանաստեղծության խոսքերով: «ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքով (25.12.2006) Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի առաջին հանրապետության օրհներգն է՝ «Մեր հայրենիքը» (խոսքը` որոշ փոփոխություններով, Միքայել Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի): ԼՂՀ օրհներգը «Ազատ և անկախ Արցախն» է (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ, խոսքը՝ Վարդան Հակոբյանի, երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանի): Պետական օրհներգը պարտադիր հնչում է պաշտոնական հանդիսությունների ժամանակ պետական դրոշը բարձրացնելիս, նորընտիր նախագահի երդման արարողության, Ազգային ժողովի նստաշրջանների, հանրապետությունում անցկացվող զորահանդեսների, միջազգային և համապետական մարզական մրցումների պաշտոնական բացման ու փակման, միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունների ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: Երբ հնչում է պետական օրհներգը, ներկաները ոտքի են կանգնում և դեմքով շրջվում դեպի պետական դրոշը, տղամարդիկ հանում են գլխարկները: Օրհներգը հեռարձակվում է երկրի տարածքում գործող բոլոր հեռուստա- և ռադիոընկերությունների եթերում՝ ամեն օր ժամը 6:00-ին ու 24:00-ին, Ամանորի գիշերը՝ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:
ՀՀ պետական օրհներգի տեքստը
Մեր հայրենիք
Մեր հայրենիք, ազատ, անկախ, Որ ապրել է դարեդար, Յուր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբա՜յր, քեզ մի դրոշ, Զոր իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի՝ որ յուր ազգի Ազատության կզոհվի:
|