Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Բրազիլիա
Տարածքը՝ 
8.514,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
188,9 մլն
Պետական լեզուն՝ 
պորտուգալերեն
Դրամական միավորը՝ 
կրուզեյրո
Ազգային կոնգրեսի շենքը մայրաքաղաք Բրազիլիայում
Սան Պաուլոն գերխոշոր քաղաք է (բնակչությունը՝ 10 մլն-ից ավելի) և երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի գլխավոր կենտրոնը:
Բրազիլիայում ամեն տարի անցկացվում  են  բազմամարդ ու շքեղ դիմակահանդեսներ:
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
Հարավային Ամերիկայի խոշորագույն պետություն Բրազիլիան իր տարածքով ու բնակչության թվով աշխարհում հինգերորդն է, տարածաշրջանի բնապաշարային ամենամեծ ներուժ ունեցող, տնտեսապես ամենահզոր ու ամենազարգացած երկիրը: 
1500 թ-ի ապրիլի 22-ին պորտուգալացի ծովագնաց Պեդրո Կաբրալը, առաջինը մոտենալով ներկայիս Բրազիլիայի ափերին, տեսավ, որ տարածքը պատված է ամուր բնափայտ ունեցող պաուբրազիլ ծառերով, որոնց անունով էլ ափն անվանեցին Բրազիլիա, ինչը հետագայում տարածվեց ամբողջ երկրի վրա:
Մակերևույթը հարթավայրային է: Հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, հարավ-արևմուտքում՝ Բրազիլական սարահարթը: Բրազիլիան պատկանում է աշխարհի օգտակար հանածոներով առավել հարուստ երկրների թվին: Կան երկաթի, տիտանի, մանգանի, քրոմի, բոքսիտների, պղնձի, քարածխի, ոսկու, բերիլիումի, կոբալտի, այրվող թերթաքարերի, վոլֆրամի, անագի, գրաֆիտի պաշարներ: Բրազիլիան աշխարհում առաջին տեղն է գրավում երկաթի հանքաքարի, տիտանի, երկրորդը՝ այրվող թերթաքարերի պաշարներով: 
Այստեղ ամբողջ տարին շատ շոգ է: Երկրի հյուսիսում հաճախակի են անձրևները, և կլիման շատ խոնավ է, հարավում՝ ավելի զով ու չոր: Բրազիլիայով հոսում է աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը, որն ունի 500-ից ավելի վտակներ: Մյուս խոշոր գետերից են Պարանան, Սան Ֆրանսիսկուն, Պառնաիբան: Գետերը ջրառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Ինքնատիպ է Բրազիլիայի բնությունը. գետի ծանծաղ ափերին արևկող են անում կոկորդիլոսները: Մերթընդմերթ լսվում է կոտրատվող ճյուղերի ճարճատյունը. կապիկներն են թռչկոտում ծառից ծառ: Իսկ գիշատիչ կատվառյուծներն ու հովազներն իրենց զոհին մոտենում են գաղտագողի, անձայն:
Բրազիլիայի անտառները՝ սելվասները, շատ հարուստ են. այստեղ աճում են արմավենիներ, ֆիկուսներ, ադամաթզենիներ, հեվեա, որոնց փաթաթվում են ճկուն լիանները: Տարաշխարհիկ ծաղիկները փունջ-փունջ կախված են գետի ջրերի վրա, որտեղ վխտում են խոշոր, գունագեղ բզեզներ, ճանճեր, սարդեր ու մոծակներ:  Այնքան թթվածին է գոյանում Ամազոնի անտառներում, որ դրանց կոչում են մոլորակի «թոքեր»:
Այժմ մարդը ներխուժել է անտառների այս թագավորությունը. հզոր մեքենաները տապալում են դարավոր ծառերը, դրանց տեղերում ստեղծում են արոտավայրեր, ցանում բրինձ ու սոյա: 
1530 թ-ին Բրազիլիա եկան պորտուգալացի գաղութարարներ: Այնտեղ ապրող հնդկացիները փորձեցին դիմադրել նվաճողներին, բայց պարտվեցին: Նրանց մի մասը ստրկացվեց, իսկ մյուսները թաքնվեցին արևադարձային խիտ ջունգլիներում: Պորտուգալիայից եկած նորաբնակները հողակտորներ (ֆազենդաներ) ստացան նոր գաղութում: Դրանց տերերն իրենց հողերում հիմնեցին շաքարեղեգի մշակման ձեռնարկություններ: Տնկադաշտերում աշխատում էին նեգր ստրուկներ, որոնց այստեղ էին բերում Պորտուգալիայի աֆրիկյան գաղութներից:
Սակայն Պորտուգալիան աստիճանաբար կորցրեց իր երբեմի ուժն ու հզորությունը: Եվրոպական վերաբնակների սերունդներն այլևս չէին ուզում ճանաչել անդրօվկիանոսյան տերության իշխանությունը: Երկիրն անկախություն ձեռք բերեց 1822 թ-ին:
Արդյունաբերությունը Բրազիլիայի արտադրական ոլորտի առաջատար ճյուղն է և աչքի է ընկնում ճյուղային բազմազանությամբ: Հանքարդյունաբերությունը հռչակված է բազմաթիվ օգտակար հանածոների (երկաթ, մանգան, բոքսիտներ, պղինձ, կապար, ցինկ և այլն) արդյունահանմամբ: Բրազիլիան համաշխարհային շուկայի ռազմավարական հումքի՝ նիոբիումի, բերիլիումի, տանտալի, ցիրկոնիումի, փայլարի խոշոր մատակարար է: Զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, շինանյութերի, թաղանթանյութ-թղթի, տեքստիլ և սննդի արդյունաբերությունները:
Հսկայական են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները: Առաջատար ճյուղը բուսաբուծությունն է:
Բրազիլիան աշխարհում առաջին տեղն է գրավում սուրճի և ադամաթզի, երկրորդը՝ սոյայի, նարնջի, երրորդը՝ կակաոյի արտադրությամբ: Բացառապես արտահանման համար մշակվում է սիզալը: Սպառողական նշանակության մշակաբույսերն են եգիպտացորենը, շաքարեղեգը, մանիոկը, բրինձը, ցորենը, գարին, վարսակը:
Տնտեսության մեջ նշանակալի դեր ունեն նաև անտառային հարուստ պաշարները: Ամազոնի անտառներից ստանում են կաուչուկ, բրազիլական ընկույզ, խեժանյութեր, պտուղներ, իսկ Բրազիլական սարահարթից՝ պարագվայական թեյ (հերբա մատե):
Ծովափին ու ափամերձ շրջաններում են տեղաբաշխված երկրի ամենախոշոր քաղաքները: Հայտնի է, որ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը Գուանաբարա ծովախորշի ափին գտնվող Ռիո դե Ժանեյրոն է, որը երկրի նախկին մայրաքաղաքն էր: Բայց երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի գլխավոր կենտրոնը Սան Պաուլո քաղաքն է: Մայրաքաղաք Բրազիլիան, որն ունի ինքնաթիռի տեսքով շատ հետաքրքիր հատակագիծ, գտնվում է մայրցամաքի խորքերում: Քաղաքն այստեղ են կառուցել, որպեսզի արագացնեն ծովափնյա շրջաններից հեռու ընկած և գրեթե անմարդաբնակ տարածքների յուրացումն ու բնակեցումը:
Բրազիլացիները լավ հանգստանալ ու զվարճանալ գիտեն. տոնահանդեսներն ու դիմակահանդեսները նրանց ավանդական ու սիրելի զվարճություններն են: Դրանց մասնակցում է երկրի գրեթե ամբողջ բնակչությունը: Պարերից մեծ ժողովրդականություն են վայելում սամբան, լամբադան, որոնք կատարվում են նեգրական ավանդական նվագարանների նվագակցությամբ: Բրազիլիայում շատ են սիրում ֆուտբոլը. բրազիլացի ֆուտբոլիստները (օրինակ՝ Պելեն, Գարինչան, Ռոնալդոն, Ռոնալդինիոն, Կական և ուրիշներ) հայտնի են ամբողջ աշխարհում: Ռիո դե Ժանեյրոյում է գտնվում աշխարհի ամենամեծ՝ 200 հզ-տեղանոց «Մարականա» մարզադաշտը:

Հայերը Բրազիլիայում
XIX դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայեր, որոնք Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի և մի շարք այլ քաղաքներում հիմնել են իրենց հայրենակցական միությունները, մշակութային, բարեգործական կազմակերպությունները, երգչախմբերն ու թերթերը: Բրազիլահայ երեխաները հաճախում են Դուրյան ազգային, Փառեն և Ռեգինա Պազարյան հայկական վարժարանները: Սան Պաուլոյում գործում են Սուրբ Գևորգ (առաքելական), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կաթոլիկ) և ավետարանական եկեղեցիներ, «Արարատ» հիվանդանոցը: Քաղաքում «Արմենիա» անունով է կոչվել հրապարակ, մետրոյի կայարան և կամուրջներից մեկը: «Արմենիա» հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող:
1964 թ-ից Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիոկայանը հեռարձակում է նաև հայերեն հաղորդումներ, հայկական երգ ու երաժշտություն:
Ներկայումս Բրազիլիայում բնակվում է 25–30 հզ. հայ: Ժամանակի ընթացքում բրազիլահայերի սերունդները սկսել են աչքի ընկնել արդյունաբերության, շինարարության, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում: