Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Չեսմենի ծովամարտը» 
(1848 թ., նկարիչ` Հովհ. Այվազովսկի)
«Զապորոժցի կազակների պատասխանը թուրք սուլթանին» (1880–91 թթ., նկարիչ` Իլյա Ռեպին)
Ուշակով Ֆեոդոր (1745–1817 թթ.), ռուսական բանակի ծովակալ
Սենյավին Դմիտրի  (1763–1831 թթ.), ռուսական բանակի փոխծովակալ
Սերեբրյակով Լազար
(1795–1862 թթ.), 
ռուսական բանակի ծովակալ
Նախիմով Պավել (1802–1855 թթ.),
 ռուսական բանակի ծովակալ
Կոռնիլով  Վլադիմիր (1806–1854  թթ.), 
ռուսական բանակի փոխծովակալ
Բեհբութով Բարսեղ (1791–1858 թթ.), 
ռուսական բանակի 
գեներալ-լեյտենանտ
Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչ Ռոմանով (1832–1909 թթ., Ալեքսանդր II-ի եղբայրը), ռուսական բանակի գեներալ-ֆելդմարշալ
Լազարև Հովհաննես (1820–1879 թթ.), ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ
Տեր-Ղուկասով Արշակ (1819–1881 թթ.), 
ռուսական բանակի 
գեներալ-լեյտենանտ
Կարսի բերդի գրավման 
(23 .06.1828) սխեման 
1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակին նվիրված  «Մոսկովյան հաղթական դարպասները» Սանկտ Պետերբուրգում (1834–38 թթ., ճարտարապետ` Վասիլի Ստասով)
«Սինոպի ծովամարտը» (1853 թ., նկարիչ` Հովհ. Այվազովսկի)
Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանության համար Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները 
հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Ռուս-թուրքական պատերազմները մինչև XVIII դարի 1-ին կեսը Ռուսաստանի համար եղել են պաշտպանական և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու նրա վասալ Ղրիմի խանության ասպատակությունների դեմ: XVIII դարի 2-րդ կեսից դրանք պայմանավորված էին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրմամբ, Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարով, դեպի Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի ազդեցության ուժեղացմամբ:

1676–81 թթ-ի պատերազմը

Սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու համար: Չհասնելով իր նպատակին՝ Թուրքիան 1681 թ-ի հունվարի 3-ին հարկադրված ստորագրել է Բախչիսարայի (Ղրիմի խանության մայրաքաղաքը) պայմանագիրը, որով ճանաչել է Ձախափնյա Ուկրաինայի և Կիևի վերամիավորումը Ռուսաստանին:

1686–1700 թթ-ի պատերազմը

Սկսվել է 1686 թ-ին՝ հակաթուրքական «Սրբազան լիգային» (1684 թ., Ավստրիա, Ռեչ Պոսպոլիտա, Վենետիկ) Ռուսաստանի միանալուց (1686 թ.) հետո: Ավարտվել է 1700 թ-ին Կոստանդնուպոլսում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով, որով Ազովն անցել է Ռուսաստանին:
1710–13 թթ-ի պատերազմը
Հիմնական իրադարձությունը Պետրոս I-ի 1711 թ-ի Պրուտյան անհաջող արշավանքն էր. Ռուսաստանը կորցրել է Ազովը:

1735–39 թթ-ի պատերազմը

Տեղի է ունեցել ռուս-թուրքական հակասությունների սրման և Ղրիմի թաթարների ասպատակությունների հետևանքով: Հաշվի առնելով պատերազմի ընթացքը և Շվեդիայի հարձակման վտանգը՝ Ռուսաստանը կնքել է Բելգրադի հաշտության պայմանագիրը, որով Ազովը կրկին անցել է Ռուսաստանին: Այս պատերազմին մասնակցել է ռուսական բանակում ծառայող հայկական էսկադրոնը (հեծյալ ստորաբաժանում)՝ Պետրոս Զենենցի գլխավորությամբ:

1768–74 թթ-ի պատերազմը

Սկսել է սուլթանը, երբ Ռուսաստանը հրաժարվել է իր զորքերը դուրս բերել Լեհաստանից, որի նկատմամբ հավակնություններ ուներ Թուրքիան: 
1770 թ-ի հունիսի 26-ին Չեսմենի (Էգեյան ծով) ծովամարտում ռուսական նավախումբը ջախջախել է օսմանյան նավատորմը և շրջափակել Դարդանելը: 1771 թ-ին ռուսական 2-րդ բանակը Ազովյան նավատորմի աջակցությամբ գրավել է Ղրիմը, իսկ գեներալ Պյոտր Ռումյանցևի 1-ին բանակը հունիսին և հոկտեմբերին ձախողել է Դանուբի ձախ ափն անցնելու թուրքական բանակի փորձերը: 
1772 թ-ի նոյեմբերի 1-ին Ռուսաստանը պայմանագիր է կնքել Ղրիմի Սահիբ Գիրեյ խանի հետ, որով հռչակվել է Ղրիմի անկախությունը Թուրքիայից և անցումը Ռուսաստանի հովանավորության տակ: 1774 թ-ի հուլիսի 10-ին պատերազմն ավարտվել է Բուլղարիայի Քյուչուկ-Կայնարջի գյուղում կնքված պայմանագրով: Ռուսաստանն ստացել է Հարավային Ուկրաինայի տարածքը՝ մինչև Հարավային Բուգ, և ազատ ելք դեպի Սև ծով (Կինբուռն, Կերչ, Ենիկալե ամրոցները): Պատերազմի գլխավոր արդյունքներից էր 1783 թ-ին Ղրիմի խանության անցումը Ռուսական կասրությանը: Նույն թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվել է Գեորգիևյան դաշնագիրը, որով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում Վրաստանը և պարտավորվում զորք տրամադրել նրան: 

1787–91 թթ-ի պատերազմը

1787 թ-ի օգոստոսի սկզբին Թուրքիան, Անգլիայի, Պրուսիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ Ղրիմը հետ վերադարձնելու, Վրաստանը որպես թուրքական վասալական տիրույթ ճանաչելու, սևծովյան նեղուցներով անցնող ռուսական առևտրական նավերը ստուգելու պահանջներով: Եկատերինա II-ի կառավարությունը մերժել է վերջնագիրը, և 1787 թ-ի օգոստոսի 13-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: 
1790 թ-ի դեկտեմբերի 11-ին ռուսական զորքերը, Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ, գրավել են անմատչելի համարվող Իսմայիլ ամրոցը՝ Դանուբի գետաբերանում: 1791 թ-ի հունիսին ռուսական զորքերը, գեներալ Նիկոլայ Ռեպնինի հրամանատարությամբ, անցել են Դանուբը և պարտութան մատնել թուրքերին Բաբադաղի ու Մաչինի մոտ: Կովկասում ռուսական զորքերը գրավել են Անապան: Նավատորմը, դերծովակալ Ֆեոդոր Ուշակովի հրամանատարությամբ, Կալիկրիայի մոտ հուլիսի 31-ին ջախջախել է թուրքական նավատորմը: 1791 թ-ի դեկտեմբերի 29-ի Յասսիի հաշտության պայմանագրով Ռուսաստանին են անցել Հարավային Բուգի և Դնեստրի միջակա տարածքը, վավերացվել է Ղրիմի միացումը Ռուսաստանին:

1806–12 թթ-ի պատերազմը

Սանձազերծել է Թուրքիան` Ֆրանսիայի դրդմամբ` հույս ունենալով իր համար նպաստավոր պայմաններում [Ռուսաստանը պատերազմում էր Ֆրանսիայի (1805–07 թթ.) և Իրանի (1804–13 թթ.) դեմ] վերագրավել կորցրած տիրույթները: Դեկտեմբերի 18-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Պատերազմական գործողությունները տեղի են ունեցել Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1807 թ-ի փետրվարին փոխծովակալ Դմիտրի Սենյավինի հրամանատարությամբ սկսվել են ռազմական գործողություններ: Հունիսի 19-ին Աֆոնի ծովամարտում թուրքական նավատորմը ջախջախվել է: Դանուբի վրա թուրքական զորքերը մի շարք պարտություններ են կրել և նահանջել: 
Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Գյումրիի մոտ, որտեղ հունիսի 18-ին գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը 7-հզ-անոց զորաբանակով պարտության է մատնել Յուսուֆ փաշայի 20-հզ-անոց բանակին: 
1811 թ-ի մարտին ռուսական բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Կուտուզովը, որի հմուտ ռազմավարության շնորհիվ թուրքերի գլխավոր ուժերը Դանուբի ձախ ափին ընկել են շրջապատման մեջ և անձնատուր եղել: 1812 թ-ի մայիսի 16-ին հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի պալատում կնքվել է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչել է Բեսարաբիայի անցումը Ռուսաստանին: 

1828–29 թթ-ի պատերազմը

Ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827 թ-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828 թ-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային: 
Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի (ընդդեմ 50-հզ-անոց թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: 
Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Վերջինիս գրավման ժամանակ աչքի են ընկել գեներալներ Բարսեղ Բեհբութովը և Իվան Բուրցովը: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829 թ-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը հարկադրել է թուրքական կառավարությանը հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը (մինչև Բաթումից հյուսիս ընկած շրջանը), Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: 
Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30 թթ-ին շուրջ 80 հզ. հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: 
Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: 
Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29 թթ-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

1853–56 թթ-ի Ղրիմի կամ Արևելյան պատերազմը

Ռուսաստանը պատերազմել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Սարդինիայի կոալիցիայի դեմ՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար: Գործողությունները ծավալվել են Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պատերազմի առիթը Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ ռուսական վերջնագրի մերժումն էր Թուրքիայի կողմից: 1853 թ-ի մայիսին Ռուսաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտել են Մոլդովայի և Վալախիայի սահմանները, որոնք անվանապես սուլթանի գերիշխանութան տակ էին: Ի պատասխան՝ Թուրքիան (Անգլիայի ու Ֆրանսիայի դրդմամբ) հոկտեմբերի 4-ին պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: 
Ռուսաստանի համար 1853–54 թթ-ի պատերազմի ընթացքը հաջող էր: Այսրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ փաշայի գլխավորությամբ, 1854 թ-ին հարձակվել է գեներալ Բեհբութովի կորպուսի վրա: Հունիսի 4-ին գեներալ Իվան Անդրոնիկովի զորքերը Ճորոխ գետի մոտ պարտութան են մատնել թուրքական զորքերին, իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը Չընգլի լեռնանցքում ջախջախել են թուրքական զորքերին և գրավել Բայազետը: Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ծանր պարտություն է կրել: 
1854 թ-ի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական բանակը հանդիպել է ռուսական զորքերի դիմադրությանը: Սակայն Ալմա գետի մոտ ռուսները պարտվել են և նահանջել Սևաստոպոլ, այնտեղից՝ Բախչիսարայ: 18 հզ. ռուս ծովայիններ և զինվորներ, փոխծովակալներ Վլադիմիր Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ, կազմակերպել են Սևաստոպոլի պաշտպանությունը: 1855 թ-ի հունվարին Սարդինիան, մտնելով պատերազմի մեջ, Ղրիմ է ուղարկել 15-հզ-անոց կորպուս: Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը հանգեցրել է Սևաստոպոլի անկմանը (1855 թ-ի օգոստոս): 
Այսրկովկասում գեներալ Նիկոլայ Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ. զինվոր) 1855 թ-ի գարնանը հետ է մղել Բայազետի ու Արդահանի թուրքական զորամասերը Էրզրումի ուղղությամբ և պաշարել Կարսի 33-հզ-անոց թուրքական կայազորը (ստացել է Մուրավյով-Կարսկի պատվանունը): Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ են հանել Օմեր փաշայի թուրքական 45-հզ-անոց կորպուսը: Սակայն նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվել է:
1855 թ-ի վերջին ռազմական գործողությունները դադարեցվել են: 1856 թ-ի մարտին Փարիզում ստորագրվել է հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին արգելվել է ռազմական նավատորմ և ռազմական բազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային է զիջել Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվել է ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա: Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Արևմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները:
Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում հայերը ռազմական և նյութական մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորամասերին: Բարսեղ Բեհբութովը Կովկասյան կորպուսի հրամանատարն էր, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարում աչքի է ընկել ծովակալ Լազար Սերեբրյակովը (Ղազար Արծաթագործյան, 1795–1862 թթ.): 1853 թ-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվել է 300-հոգանոց կամավորական ջոկատ: 1853–54 թթ-ին Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմել են դրուժինաներ, որոնք պաշտպանել են սահմանները, կռվել հակառակորդի դեմ: 
Հայ կամավորական ջոկատները 1853 թ-ին մասնակցել են Բաշկադկլարի ճակատամարտին: 1854 թ-ի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվել է 125-հոգանոց հեծյալ ջոկատ: 1854 թ-ի հունիսին, երբ թուրքական 200-հոգանոց հեծելազորը հարձակվել է Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ մարտնչել են թշնամու գերակշռող ուժերի դեմ: 
Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի են ընկել Ախալցխայի մերձակայքում մղված մարտերում: Կամավորներները քաջությամբ աչքի են ընկել Քյուրուկ-Դարայի ճակատամարտում: Գեներալ Ն. Մուրավյովը վկայել է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Միքայել Լոռիս-Մելիքովի (1825–1888 թթ.) ջոկատի քաջագործությունների մասին: Իրենց սխրանքներով հայտնի են դարձել կամավոր Դանիել Հարությունովը՝ «քաջ Դանիլկինը», Սամսոն Տեր-Պողոսյանը (Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոսի` Վարդանի նախատիպը) և ուրիշներ: Հայերի դերը պատերազմում բարձր են գնահատել նաև ականատես ռուս զորավարներ Միխայիլ Բոգդանովիչը, Միխայիլ Լիխուտինը, Ալեքսանդր Գեյրոտը և ուրիշներ:
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտը», «Ծովամարտ», երկուսն էլ` 1853 թ.) և 1854 թ-ին պաշարված քաղաքում բացել ցուցահանդես:

1877–78 թթ. պատերազմը

Սկսվել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրման պայմաններում: 1875–78 թթ-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876 թ-ին Բուլղարիայում թուրքական լծի դեմ ապստամբությունները Ռուսաստանում առաջ են բերել լայն շարժում՝ ի պաշտպանություն ցեղակից ժողովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցել է ապստամբներին: Մեծ Բրիտանիայի թելադրանքով Թուրքիան մերժել է Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալ, և Ռուսաստանը 1877 թ-ի ապրիլի 12-ին պատերազմ է հայտարարել Թուրքիային: 
Ռազմական գործողություններն սկսվել են և՜ Բալկաններում և՜ Կովկասում: Ռուսաստանի կողմից հանդես են եկել Ռումինիան, ապա՝ Սերբիան և Չեռնոգորիան: Հունիսի սկզբին ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացել են Դանուբի ձախ ափին` ավելի քան 200-հզ-անոց թուրքական բանակի դեմ: 75-հզ-անոց Կովկասյան բանակի հրամանատարն էր մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը (մարտական գործողությունները հիմնականում վարել է կովկասյան կորպուսի հրամանատար գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովը), 65–70-հզ-անոց թուրքական բանակինը՝ Ահմեդ Մուխտար փաշան: 
Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877 թ-ի հուլիսից մինչև 1878 թ-ի հունվար ազատագրել են Բուլղարիան, հունվարի 8-ին գրավել են Ադրիանապոլիսը և դուրս եկել Կոստանդնուպոլսի մատույցները: 
Կովկասյան ռազմաճակատում գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի երևանյան ջոկատը ապրիլի 17-ին գրավել է Բայազետը, մայիսի 5-ին՝ Արդահանը, նոյեմբերի 6-ին գեներալ Հովհաննես Լազարևի  զորքերը նվաճել են Կարսը, ապա շարժվել դեպի Էրզրում:
Ռուսների հաջողություններն անհանգստացրել են Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական ռազմանավերի մուտքը Մարմարա ծով ստիպել է ռուսական կառավարությանը հրաժարվել Կոստանդնուպոլսը գրավելու մտքից: 1878 թ-ի փետրվարի 19-ին ստորագրվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցել Բեսարաբիայի հարավային մասը, Կովկասում՝ Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը: Պայմանագրի 16-րդ հոդվածով` Թուրքիան պարտավորվել է բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերի այնտեղից դուրսբերումը: Սակայն Անգլիան և Ավստրո-Հունգարիան հասել են Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի վեհաժողովում (1878 թ-ի հուլիս), որտեղ Ռուսաստանի համար տեղի են ունեցել ոչ շահավետ փոփոխություններ, որոնք ճակատագրական էին հատկապես հայ ժողովրդի համար:
Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվել և անկախություն են ձեռք բերել Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան ու Չեռնոգորիան: 
Հազարավոր հայեր կամավոր մտել են Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքի կազմում: Ավելի քան 40 հզ. հայեր ընդգրկվել էին ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Ռուսական բանակների կազմում մարտնչել են հայ 7 գեներալ և շուրջ 500 սպա: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին:
Սակայն ռուսական զորքերի գրաված հայկական տարածքները (բացի նորակազմ Կարսի մարզից) վերադարձվել են Թուրքիային, և Արևմտյան Հայաստանի մեծ մասը մնացել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ: