Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սոկրատես 
Մ. թ. ա. 469 թ., Աթենք
Մ. թ. ա. 399 թ., Աթենք
«Սոկրատեսի մահը» (1787 թ., նկարիչ՝ 
Ժակ-Լուի Դավիդ)
Հույն փիլիսոփա Սոկրատեսն օրգանական ու ամբողջական 
փիլիսոփայական ուսմունքի և բանապաշտական (ռացիոնալիստական) բարոյագիտության հիմնադիրն է: 

Սոկրատեսը ծնվել է քարտաշի ընտանիքում: 
Փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց՝ մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին և ոչ միշտ է ընդունել իշխողների ու մեծամասնության տեսակետները: Լինելով կառավարման արիստոկրատական ձևի կողմնակից՝ նա հակադրվել է մյուս ձևերին (բռնապետություն, թագավորական իշխանություն, ժողովրդավարություն): Ունեցել է բազմաթիվ աշակերտներ՝ փիլիսոփաներ Պլատոնը, Քսենոփոնը, քաղաքական և ռազմական գործիչ Ալկիվիադեսը և ուրիշներ: 
Լուսավորական գործունեության և հատկապես աթենական ժողովրդավարության դեմ ելույթների պատճառով 
մ. թ. ա. 399 թ-ին Սոկրատեսի դեմ հարուցվել է դատական գործ. նրան մեղադրել են երիտասարդությանն այլասերելու, աստվածներին չճանաչելու, նոր աստվածություններ ստեղծելու համար: Աթենքի դատարանը նրան դատապարտել է մահվան. Սոկրատեսը, որպես օրինապաշտ քաղաքացի, իր կամքով մի գավաթ թույն է խմել և մահացել:
Սոկրատեսից գրավոր ժառանգություն չի մնացել, նրա հայացքները փոխանցել են Պլատոնը, Քսենոփոնը և ուրիշներ:
Ավանդության համաձայն՝ Սոկրատեսը երիտասարդ տարիքում տպավորվել է Դելփյան տաճարին փորագրված հույն իմաստուն Քիլոնին վերագրվող «Ճանաչիր ինքդ քեզ» («Ծանիր զքեզ») ասույթից, այն ընդունել է որպես մարդու էության, բնույթի, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչման կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ:
Ըստ Սոկրատեսի՝ փիլիսոփայության խնդիրը մարդկային կեցության ու մտածողության բանական սկզբունքների ու չափանիշների բացահայտումն է, որոնք պետք է փնտրել մարդկային բանականության և ոչ բնության մեջ: Նրա կարծիքով՝ բնափիլիսոփայության մեջ առկա տարբեր, իրար հակադիր տեսությունների առաջացման պատճառն այն է, որ բնափիլիսոփաները քաջատեղյակ չեն գիտությանը: Բնության գաղտնիքները կարող է ճանաչել միայն կատարյալ իմաստնությամբ օժտված էակը՝ Աստված: Իսկ մարդը կարող է ճանաչել միայն իր բնության և մտածողության օրենքները:
Սոկրատեսի համոզմամբ՝ ճանաչել առարկան՝ նշանակում է սահմանել այն: Հասկացությունների ձևավորման ընթացքը պարզաբանել է սուբյեկտիվ դիալեկտիկայի (հեգնանք, մաևտիկա և ինդուկցիա) տարրերով: 
Հեգնանքը սոկրատեսյան բանավեճի ու զրույցի վարման հիմնական բաղադրիչն է: «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» սկզբունքը, որով առաջնորդվել է փիլիսոփան, նրանց դեմ է, ովքեր չգիտեն, որ չգիտեն, բայց վիճում են: Սոկրատեսյան զրույցի նպատակը զրուցակցի անգիտությունը ցույց տալը չէ, այլ ճշմարտությունը վերհանելը: Այդ պատճառով էլ Սոկրատեսն իր արվեստն անվանել է մաևտիկա՝ մանկաբարձական արվեստ, որն օգնում է ճշմարտության (ինչպես նորածին մանկան) լույս աշխարհ գալուն:
Առարկայի տարբեր բնութագրերն ընդհանրացնելու համար Սոկրատեսը  կիրառել է ինդուկցիայի մեթոդը: Բարոյականությունը կապել է բանականությանը, իսկ առաքինությունը նույնացրել գիտելիքի հետ: Ըստ Սոկրատեսի` ճշմարիտ բարոյականությունը գիտելիք է. օգնում է հասկանալու, թե ինչ են բարիքն ու օգտակարը մարդու համար, և ինչպես հասնել երջանկության ու երանության: Բարոյական է այն մարդը, որ բարիք է գործում գիտակցաբար:
Սոկրատեսը ձգտել է բացարձակ, ոչ պայմանական բարիքի, ուստի քննադատել է նրանց, ովքեր սահմանափակվել են մասնավոր բարիքի ձեռքբերմամբ:
Սոկրատեսի հայացքները, կյանքը և մահը մշակույթի պատմության կարևոր դրվագներից են և դարձել են փիլիսոփայության հավերժական թեմա:

   «Ինչքան զուսպ են մարմնական ցանկություններս, այնքան ես մերձ եմ Աստծուն»:
   «Քանի որ չգիտենք՝ ինչ է մահը, նրանից վախենալը տրամաբանական չէ»:
   «Արդարության խախտումը ամենամեծ անարդարությունն է»:
   «Վատը լավին չի կարող վնասել»:
   «Ինչ օրինական է, այն արդարացի է»:
   «Պետք է կառավարեն միայն գիտելիքները»:
   «Առաքինությունը գիտելիք է»:
   Սոկրատես
  «Մեռնող Սոկրատեսը դարձավ հունական ազնվաբարո պատանեկության համար մի նոր, մինչ այդ երբեք չտեսնված իդեալ»:
   Ֆրիդրիխ Նիցշե, 
   գերմանացի փիլիսոփա