 |
Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Սոֆիա Տարածքը՝ 110,9 հզ. կմ2 Բնակչությունը՝ 7,8 մլն Պետական լեզուն՝ բուլղարերեն Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ լև) |
 | Սուրբ Սոֆիայի տաճարը Սոֆիայում |
 | Բուրգասի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին
|
 | 1912-13 թթ-ի Բալկանյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Պլովդիվում |
Բուլղարիայի Հանրապետություն Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները (կամ Ստարա Պլանինա) երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը (բարձրությունը՝ 2925 մ, Բալկանյան թերակղզու ամենաբարձր կետն է), Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում գտնվում է Վերին Թրակյան արգավանդ դաշտավայրը: Ընդերքը համեմատաբար հարուստ է բազմամետաղների, պղնձի, մանգանի պաշարներով: Քիչ են նավթն ու գազը, իսկ ածխի առավել նշանակալի պաշարները լիգնիտներն են: Կլիման բարեխառն է, հարավում՝ անցումային` միջերկրածովային: Երկրի տարածքի 30 %-ը զբաղեցնում են լայնատերև անտառները: Բուլղարները հարավային սլավոններ են: Հնուց ի վեր նրանք բնակվում են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում: Բայց իրենց ամբողջ պատմության ընթացքում նրանք ստիպված են եղել պայքարել անկախության համար՝ նախ` Բյուզանդիայի, ապա՝ Օսմանյան կայսրության դեմ: Եվ չնայած թուրքական 500-ամյա լծին՝ բուլղարները կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունն ու ուրույն մշակույթը, որը շատ մոտ է արևելյան սլավոնների՝ ռուսների, ուկրաինացիների, բելառուսների մշակույթին: Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունը 1990 թ-ի նոյեմբերին հրաժարվեց 46-ամյա կոմունիստական վարչակարգից և թևակոխեց իր զարգացման նոր՝ ժողովրդավարական փուլը: Երկրի բնակչությունը համեմատաբար միատարր է. բուլղարները կազմում են բնակչության մոտ 90 %-ը: Ազգային փոքրամասնություններից գերակշռում են թուրքերը, կան նաև հայեր, հույներ և այլք: Բուլղարիայում առավել զարգացած են գունավոր մետաղաձուլությունը (կապար, ցինկ, պղինձ), մեքենաշինությունը (ամբարձիչ-տրանսպորտային, էլեկտրատեխնիկական, հաստոցային, արտադրվում են տրակտորներ, նավեր), սննդի (պահածոներ, գինի, ծխախոտ), քիմիական արդյունաբերությունը: Գյուղատնտեսության ճյուղերից գերակշռում է բուսաբուծությունը: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, ծխախոտ, մրգեղեն, բանջարեղեն, խաղող, եթերայուղային մշակաբույսեր: Բուլղարիան վարդի յուղի արտադրությամբ և արտահանությամբ աշխարհում գրավում է առաջին տեղը: Բուլղար ժողովուրդն ունի ազգային շատ տոներ: Բայց առանձնահատուկ շուքով նշում է մայիսի 24-ը՝ սլավոնական դպրության և մշակույթի տոնը. ավելի քան 1000 տարի առաջ այդ օրը Կիրիլ և Մեֆոդի եղբայրները ստեղծել են հին սլավոնական կիրիլիցա կոչված այբուբենը: Բուլղարիայում պահպանվել են հին սլավոնական շատ սովորույթներ. օրինակ՝ պատվավոր հյուրին աղ ու հացով դիմավորելու արարողությունը կամ հանդիսավոր ու շքեղ հարսանյաց հանդեսները, որոնց մասնակցում են պես-պես հագնված ազգային երգի-պարի անսամբլները: Աշնանը մեծ հանդիսավորությամբ է նշվում բերքի տոնը՝ սոբորը: Բուլղարացիները բարձր են գնահատում կատակը. հատկապես հայտնի է Գաբրովո քաղաքը, որտեղ և գտնվում է աշխարհում թերևս միակ` կատակի և երգիծանքի տունը: Գաբրովյան կատակների թեման հիմնականում ժլատությունն է և զգուշավորությունը: Բուլղարացիները հաճախ են ճանապարհորդում հայրենի երկրում: Նրանք լինում են Վելիկո Տըրնովոյում, որը եղել է բուլղարական միջնադարյան թագավորանիստ քաղաք, այցելում Բալկանյան լեռնաշղթայի Շիպկա լեռնանցքում գտնվող ռուս զինվորի հուշարձանին: 1877 թ-ի ձմռանը ռուսական բանակը բուլղարացիների հետ այստեղ վճռական ճակատամարտ տվեց թուրքական զորքերի դեմ և ազատագրեց Բուլղարիայի մեծ մասը: Միջազգային համբավ ունեն բուլղարական առողջարաններն ու հանգստյան տները, հատկապես սևծովյանները («Ոսկե ավազներ», «Արևային ափ» լողափերը):
Հայերը Բուլղարիայում Բուլղար և հայ ժողովուրդների միջև փոխհարաբերություններ եղել են տակավին V դարում, երբ 451 թ-ի Ավարայրի ճակատամարտից հետո որոշ հայ իշխաններ, խույս տալով պարսիկների հետապնդումներից, իրենց զորքերով հեռացան Հայաստանից և հաստատվեցին Բալկանյան թերակղզում: XIII–XVIII դարերում մոնղոլական ու թուրքական արշավանքների հետեվանքով հայերի նոր գաղթ տեղի ունեցավ դեպի Բուլղարիա: 1800 թ-ին Բուլղարիայի քաղաքային հայ բնակչությունը շուրջ 10 հզ. էր, արդեն դարավերջին՝ մոտ 15 հզ.: Հայերի թիվը Բուլղարիայում զգալիորեն ավելացավ 1890-ական թվականներին՝ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներից հետո: Հանրահայտ են բուլղար հայտնի բանաստեղծ Պեյս Յավորովի արձագանքն այդ կոտորածներին և նրա «Հայեր» բանաստեղծությունը: Հայերը մեծ մասամբ արհեստավորներ էին, կային նաև բժիշկներ, իրավաբաններ, ճարտարագետներ, պետական պաշտոնյաներ: Բուլղարահայերն անմասն չէին նաև թուրքական լծի դեմ բուլղար ժողովրդի մղած դարավոր պայքարին, իսկ 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմներում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հայ կամավորների մի հատուկ վաշտ մասնակցում էր Թուրքիայի դեմ մարտերին: Բուլղարահայերից շատերն աչքի ընկան նաև բուլղար ժողովրդի մղած հակամիապետական ու հակաֆաշիստական պայքարում: Բուլղարիայում գործել են հայկական դպրոցներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մշակութային միություններ, լույս են ընծայվել բազմաթիվ թերթեր: 1946 թ-ին մոտ 6 հզ. բուլղարահայեր հայրենադարձվեցին: 1990 թ-ին կոմունիստական վարչակարգի տապալումից հետո ազգային զարթոնքի ժամանակաշրջան է սկսվել նաև բուլղարահայ համայնքի կյանքում: 1990 թ-ից հիմնվել են նոր միություններ ու կազմակերպություններ, վերաբացվել են հայկական վարժարանները, լույս են տեսնում հայերեն-բուլղարերեն շաբաթաթերթեր: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմը կազմավորվել է XIX դարում: Առաջնորդանիստը Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին է: Ներկայումս Բուլղարիայում բնակվում է 15–20 հզ. հայ, հիմնականում Պլովդիվ, Սոֆիա, Վառնա, Բուրգաս և Ռուսե քաղաքներում:
|