Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հոգեբանությունը գիտություն է հոգու և հոգեկան դրսևորումների 
մասին, թե ինչպես է անհատը (մարդկանց խումբը կամ հանրությունը) զգում, ընկալում շրջակա միջավայրի առարկաներն ու օբյեկտները և արտացոլում դրանք: 

Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների (զգացողություն, ընկալում, հիշողություն, մտածողություն և այլն), հոգեկան վիճակների (լարվածություն, մոտիվացում, զգացմունքներ և այլն) և հոգեկան հատկությունների (ընդունակություններ, բնավորություն, խառնվածք և այլն) առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները: 
Հոգեբանությունը հոգեկան գործընթացը հետազոտում է դիտումների, գիտափորձի, զրույցի, գործունեության արդյունքների վերլուծության, կենսագրական և այլ եղանակներով՝ նյարդային, կենսաֆիզիկական, կենսաքիմիական, հոգեֆիզիոլոգիական և հանրային մակարդակներով:
Մարդու հոգեկանի վերաբերյալ առաջին գիտական պատկերացումներին ծանոթ էին Հին աշխարհում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Հունաստանում: Հույն փիլիսոփա Սոկրատեսը (մ. թ. ա. 469–399 թթ.) կարծում էր, որ մարդկային հոգու (գիտակցության) օրենքները կամայական չեն, և հոգեկանի ճանաչման լավագույն միջոցներից է ինքնաճանաչումը: 
Պլատոնի (մ. թ. ա. 428/427–348/347 թթ.) կարծիքով՝ հոգին միջանկյալ վիճակ է զգայականի և բանականի միջև: Ընդ որում, նա բույսերի և կենդանիների հոգիները համարել է մահկանացու, մարդունը՝ անմահ: 
Արիստոտելի (մ. թ. ա. 384–322 թթ.) և ստոիկների ժամանակներից սկսած՝ ձևավորվել է աշխարհաճանաչման մի ուսմունք՝ անիմիզմը, որը հոգին դիտում է որպես կյանքի հիմնական սկզբունք: Այդ տեսությունը Վերածննդի շրջանում ձևավորվել է որպես համաշխարհային հոգու ուսմունք:
Հույն բնափիլիսոփա Թալես Միլեթացին (մ. թ. ա. մոտ 625–547 թթ.) կարծում էր, որ հոգուն բնորոշ է շարժում առաջացնելու հատկությունը (այդ իմաստով նա հոգևոր էր համարում նաև մագնիսը):
Հին Հռոմում Լուկրեցիուսը (մ. թ. ա. մոտ 99–55 թթ.) հոգին ներկայացրել է որպես անմեկնելի նուրբ մարմին, որը, ազդելով զգայարանների վրա, առաջացնում է զգացողություն:
Ըստ հայտնի կրոնների, բուդդայականությունից բացի, անհատի հոգին արարում է Աստված և դնում նրա մարմնի մեջ: Մարդու մահվանից հետո հոգին չի մեռնում, այլ շարունակում է իր գոյությունն անդրշիրիմյան կյանքում: Ըստ քրիստոնեության՝ ի վերջո մարդուն սպասում է մարմնավոր հարություն՝ մարմնի և հոգու նոր միավորում` Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ:
Հոգու քվազիֆիզիկական պատկերացումներից ելնելով՝ փորձել են չափել նաև հոգու զանգվածը. առաջին նման փորձերը կատարվել են 1907 թ-ից, սակայն դրանց գիտական հավաստիությունը հավատ չի ներշնչում: Հույն բժիշկ Հիպոկրատի կարծիքով՝ հոգեկանի օրգանն ուղեղն է: Նա զարգացրել է տեսություն խառնվածքի մասին: XVII դարից, բնական գիտությունների զարգացմանը զուգահեռ, մեծացել է նաև հետաքրքրությունը հոգեկան կյանքի նկատմամբ. ուշագրավ եզրահանգումներ են արել Ռենե Դեկարտը, Սպինոզան, Ջոն Լոկը, Չառլզ Դարվինը, Կլոդ Ադրիան Հելվեցիուսը, Հերման Հելմհոլցը և ուրիշներ: 
XIX դարի վերջից հոգեբանությունը զարգացել է փիլիսոփայությունից անկախ՝ որպես ինքնուրույն գիտություն: 1879 թ-ին Լայպցիգում Վիլհելմ Վունդտը ստեղծել է հոգեբանության առաջին փորձարարական լաբորատորիան: Հետագայում ուսումնասիրություններ են ծավալվել նաև Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Դանիայում:
XX դարի հոգեբանական ազդեցիկ հոսանքներից է Զիգմունդ Ֆրեյդի առաջարկած հոգեվերլուծությունը, որն անհատի հոգեկան առանձնահատկությունները նրա ներքին աշխարհի կառուցվածքով բացատրելու փորձ է:
  Հայ գիտական միտքը մարդու բնությանը, հոգուն և նրա անմահությանը անդրադարձել է V դարից սկսած: Մարդու հոգեկան նկարագրի, բնավորության նրբերանգների, ազգերի հոգեկերտվածքի մեջ խորամուխ լինելու տեսակետից առանձնանում է Պատմահայրը՝ Մովսես Խորենացին: Արժեքավոր են Դավիթ Անհաղթի պատկերացումները իմացության, հոգու կառուցվածքի, հույզերի, կամքի ու բարոյականության մասին: Հոգեբանական խնդիրների նկատմամբ ուրույն մոտեցումներ են շարադրել Անանիա Շիրակացին, Գրիգոր Նարեկացին, Արիստակես Լաստիվերցին: Հոգեբանական միտքը զարգացել է հայոց միջնադարյան համալսարաններում՝ Ներսես Մշեցու, Գրիգոր Տաթևացու, Հովհան Որոտնեցու և ուրիշների շնորհիվ: Հոգեբանական որոշակի հայացքների կրողներ են եղել նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերը, մասնավորապես` Ղևոնդ Ալիշանը: 
XIX դարում հայ իրականության մեջ հոգեբանության ոլորտում լուրջ ներդրում են արել Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, արևմտահայ մտածողներից` Մինաս Չերազը, Մատթեոս Մամուրյանը, Նիկողայոս Զորայանը, Ինտրան (Տիրան Չրաքյան), հոգեբան և մանկավարժ Շահան Պերպերյանը: Ուշագրավ են հատկապես Ստեփանոս Նազարյանի հոգեբանական հայացքները: Հատկանշական է նրա «Հաղագս փորձնական հոգեբանության ճառ» աշխատությունը, որը, ըստ էության, ժամանակակից հոգեբանության հիմնական հարցերի հմուտ շարադրանք է, և որով սկզբնավորվել է հայ հոգեբանական գիտական գրականությունը նորագույն շրջանում: Միքայել Նալբանդյանին առավել հետաքրքրել են հոգեբանության փիլիսոփայական հիմքերի, իմացական հոգեբանության ու խոսքի հոգեբանական հարցերը, անձի և ազգային հոգեբանության, արվեստի հոգեբանության խնդիրները: Հոգեբանության ասպարեզում գիտական գործունեություն է ծավալել նաև գրող և քաղաքական գործիչ Լևոն Շանթը:
1930-ական թվականներին Գուրգեն Էդիլյանը Երևանում ստեղծել է առաջին հոգեբանական լաբորատորիան: Մկրտիչ Մազմանյանն առաջիններից է զբաղվել անգիտակցականի հոգեկան ակտիվության խնդիրներով, 1975 թ-ին Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան) ստեղծել է հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ հետազոտում են հիմնականում տարիքային և մանկավարժական հոգեբանությունը: 
Խորհրդային շրջանում ճանաչված էին հայ հոգեբաններ Բորիս Անանևը (Սանկտ Պետերբուրգ) և Արշակ Միրաքյանը (Մոսկվա): Հայտնի են Անանևի աշխատանքները զգայությունների, անձի հոգեբանության և հոգեբանական նյարդաբանության բնագավառներում: Միրաքյանն ուրույն տեսակետ է առաջադրել տեսողական ընկալման հաստատունության վերաբերյալ:
ՀՀ-ում գիտական հոգեբանության զարգացմանն զգալիորեն նպաստել են Ալբերտ Նալչաջյանի հետազոտությունները: Նա հեղինակ է ժամանակակից հոգեբանության խնդիրներին նվիրված 30-ից ավելի մենագրություների, բուհական և դպրոցական դասագրքերի, 1970-ական թվականներին Երևանի օտար լեզուների ինստիտուտում (այժմ՝ Երևանի պետական լեզվաբանական համալսարան) հիմնադրել է հոգեբանության ամբիոն: 
Ներկայումս հոգեբանության ամբիոններ են գործում Երևանի պետական, Հայկական պետական մանկավարժական համալսարաններում և այլ բուհերում, իսկ 1992 թ-ին հոգեբան Սեդրակ Սեդրակյանի նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է «Ուրարտու» գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանը: