Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գյուղատնտեսական բույսերի այս փունջը կազմված է մեր սննդի մեջ  հաճախ օգտագործվող մշակաբույսերից:
Մեզ շրջապատող բուսական աշխարհը կազմված է բույսերի ավելի քան 275 հզ. տեսակից՝ ներկայացված խոտաբույսերի, ծառերի, թփերի, թփուտների, մացառների, լիանների, էպիֆիտների (այլ բույսերի վրա ապրողներ) կենսաձևերով:
Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք: Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում: 
Բույսերն ավանդաբար բաժանվել են ստորակարգերի (բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, քարաքոսեր) և բարձրակարգերի (ռինազգիներ, մամռանմաններ, մերկաբուսայիններ, գետնամուշկանմաններ, ձիաձետանմաններ, պտերանմաններ, մերկասերմեր ու ծաղկավորներ կամ ծածկասերմեր): Ըստ ժամանակակից դասակարգումներից մեկի (որը ներառում է 5 թագավորություն)` բույսերի թագավորությունը միավորում է միայն բարձրակարգ բույսերի ներկայացուցիչներին: Բակտերիաներն ու սնկերն առանձնացվել են առանձին թագավորություններում, ջրիմուռները և լորձնասնկերը՝ մերկաբուսայինների թագավորությունում, քարաքոսերը ներկայացվում են առանձին: 
Բույսերի ծագումը, ըստ երևույթին, կապված է սիլուրի դարաշրջանի հետ, երբ խոտային ջրիմուռները մակընթացություն-տեղատվության գոտում աստիճանաբար հարմարվել են ցամաքային կյանքի պայմաններին: Առաջին ցամաքային բույսերը (մերկաբուսայիններ կամ պրոպտերիդոֆիտներ) տերևներ և տարբերակված արմատներ չեն ունեցել: Դևոնի դարաշրջանում արդեն առաջացել են արմատներ և անոթների սաղմեր ունեցող բույսեր: Իսկ դարաշրջանի վերջին ի հայտ են եկել սերմնաբույսերը: Քարածխի դարաշրջանում նրանք աստիճանաբար տարածվել, իսկ մեզոզոյան դարաշրջանում արդեն իշխել են ցամաքի վրա: Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի:
Բույսերի մեծ մասի մարմնի զգալի մասը հատվածավորված է: Նրանց հյուսվածքների տարբերակիչ առանձնահատկությունը միջբջջային նյութի բացակայությունն է և մեծ քանակությամբ մահացած բջիջների (օրինակ՝ սկլերենքիմի և խցանի մեջ) առկայությունը, իսկ որոշ հյուսվածքներում՝ տարբեր տիպերի բջիջների առկայությունը (օրինակ՝ քսիլեման կազմված է ջրանցիկ տարրերից, բնափայտի թելիկներից, պարենքիմից), որը կենդանիների հյուսվածքներում չի հանդիպում:
Հայտնի է բույսերի մարմնի կազմավորման 3 տեսակ. 
թալոմային, երբ առանձին օրգաններ չեն առանձնանում, և մարմինն իրենից ներկայացնում է կանաչ թիթեղ (օրինակ՝ մամռանմանները, պտերանմանների ծիլերը), 
տերևացողունային, երբ մարմինն իրենից ներկայացնում է ընձյուղ՝ տերևներով (արմատները բացակայում են, բնորոշ է մամռանմանների մեծամասնությանը), 
արմատացողունայիններ, երբ մարմինը բաղկացած է արմատներից ու ցողունից (բնորոշ է բույսերի մեծամասնությանը): Ընձյուղի սաղմը կոչվում է բողբոջ: Բույսի բոլոր վերգետնյա (լուսասինթեզին մասնակցող) մասերը ծածկված են մոմաշերտով, որը նվազեցնում է ջրի կորուստը:
Բույսերի կենսական շրջափուլում, որպես կանոն, իրար են հաջորդում սեռական (գամետոֆիտ) և անսեռ (սպորոֆիտ) սերունդները, այսինքն՝ տեղի ունի սերունդների հաջորդափոխություն:
Ի տարբերություն կենդանիների՝ բույսերի աճը շարունակվում է ամբողջ կյանքում, նրանց բջիջները պահպանում են մշտապես կիսվելու ունակությունը:
Բույսերը մեծ դեր են կատարում Երկրի վրա կյանքի պահպանման համար: Միայն նրանք են (ջրիմուռների և լուսասինթեզող բակտերիաների հետ միասին) ընդունակ կլանել արևի էներգիան ու սինթեզել օրգանական նյութեր, որոնք անհրաժեշտ են և՜ իրենց, և՜ օրգանիզմների ճնշող մեծամասնությանը (այդ թվում՝ նաև մարդկանց): 
Լուսասինթեզի շնորհիվ ծագել և պահպանվում է Երկրի վրա ազատ թթվածնի ամբողջ զանգվածը: Տարբեր նյութերի կենսաբանական օքսիդացման հաշվին օրգանիզմները (ներառյալ ինքնասունները) ստանում են կյանքի համար անհրաժեշտ էներգիա: Որպես օրգանական նյութերի առաջնային կրողներ` բույսերը որոշիչ օղակ են Երկրի վրա բնակվող տարասուն օրգանիզմների սնուցման բոլոր շղթաներում:
Բույսերը կարևոր նշանակություն ունեն հողա- և տորֆագոյացման շարժընթացում: Նրանց մեռած մնացորդներից են առաջացել տորֆի, գորշ ածխի և քարածխի հանքավայրերը:
Բույսերի հսկայական բազմազանության մեջ մարդու համար առավել կարևոր նշանակություն ունեն ծաղկավոր բույսերը, որոնցից երկարատև ընտրասերման ճանապարհով ստացվել են մշակաբույսերի բազմաթիվ սորտեր:
Բույսերի աճեցումը փոխել է մայրցամաքների նկարագիրը: Յուրաքանչյուր մայրցամաքին, նրա առանձին ֆիզիկաաշխարհագրական շրջաններին ներհատուկ է սեփական ֆլորան, այսինքն՝ տվյալ տարածքում տարածված բուսատեսակների ամբողջությունը: Այդ բուսատեսակները ձևավորում են համակեցություններ (ֆիտոցենոզներ), իսկ որոշակի մեծ տարածքում համակեցությունների ամբողջությունը ձևավորում է նրա բուսականությունը կամ բուսական ծածկույթը: Դրանով է պայմանավորված Երկրի լանդշաֆտային բազմազանությունը: Ժամանակակից բուսածածկույթը բուսական աշխարհի երկարատև էվոլյուցիայի արդյունք է:
 Մոլորակի վրա բուսականության բաշխումը պայմանավորված է հիմնականում հողակլիմայական պայմաններով և կախված է աշխարհագրական ու վերընթաց գոտիականությունից, որոնց հերթափոխությունը տեղի է ունենում հասարակածից դեպի բևեռներ և լեռների ստորոտից դեպի բարձունքներ: Շատ աշխարհագրական գոտիներ ավանդաբար անվանվում են ըստ գերակշռող բուսականության տիպերի, օրինակ՝ անտառային գոտի, տափաստանային գոտի, սավաննային գոտի և այլն: Իրենց հերթին բուսականության տիպերը որոշվում են աշխարհագրական գոտիներին համապատասխան, օրինակ՝ տունդրային բուսականություն, կիսաանապատային ու անապատային բուսականություն և այլն:
Այն բուսականությունը, որը ձևավորվել է առանց մարդու մասնակցության, կոչվում է բնական կամ բնաշխարհիկ, իսկ մարդու միջամտությամբ ստեղծվածը՝ մարդածին կամ մարդահարույց: Բուսականության կառուցվածքի փոփոխությունը (վերափոխումը) կարևոր նշանակություն ունի ոչ միայն հումքային և տեխնիկական օգտակար բույսերի բերքատվության, այլև շրջակա միջավայրի վրա բարերար ազդեցության տեսանկյունից:
Բուսականությունը, որպես գործոն, սանիտարահիգիենային բարենպաստ ազդեցություն ունի մարդու վրա. այն բարելավում է տեղական կլիման, կասեցնում հողի էրոզիան, կարգավորում գետի հոսանքը, որով կանխվում են ջրհեղեղները և այլ բնական աղետներ, ուստի պահանջում է համաշխարհային պահպանություն: Որպես գեղագիտական և առողջարարական հատկանիշներով օժտված գործոն` բուսականությունը մեծ խնամք է պահանջում հանգստի ու զբոսաշրջության կազմակերպման ժամանակ:
Սակայն մարդու ինտենսիվ ու ոչ միշտ խելամիտ գործունեությունը հանգեցրել է բնական բուսականության ոչնչացմանը հսկայական տարածքներում և անհետացման վտանգի տակ է դրել շատ բուսատեսակների: Աշխարհի շատ երկրներում (այդ թվում՝ ՀՀ-ում) ստեղծվել են բույսերի Կարմիր գրքեր, որոնցով պլանավորվում են բուսական աշխարհի պաշտպանությանն ուղղված միջոցառումները: 

Լուսասինթեզ
Լուսասինթեզն անօրգանական նյութերից՝ ածխաթթվական գազից և ջրից, օրգանական նյութի՝ խաղողաշաքարի սինթեզն է բարձրակարգ բույսերի, ջրիմուռների և որոշ մանրէների կողմից` լույսի էներգիայի հաշվին: 
Լուսասինթեզի ժամանակ արևի էներգիան քիմիական էներգիայի ձևով կուտակվում է սինթեզված միացություններում: Կանաչ բույսերի լուսասինթեզող հիմքը քլորոպլաստներն են: Ջրիմուռների մեծ մասին հատուկ են գունակներ (պիգմենտներ) պարունակող բջիջներ` քրոմատոֆորներ:
Լուսասինթեզը բույսերում օրգանական նյութի սինթեզման հիմնական ուղին է, որի կարգավորումը բույսերի բերքատվությունը բարձրացնելու և կառավարելու կարևոր միջոց է:

Բույսերի «լացը»
Բույսերի, այսպես կոչված, լացը ջրի և նրա մեջ լուծված նյութերի արտազատումն է բույսերի ցողունից, երբ այն վնասվում է: Անջատվող հեղուկը կոչվում է «լացի» հյութ. այն երիտասարդ բույսերի ցողուններից առատությամբ արտազատվում է գարնան ամիսներին` արմատների ակտիվ գործունեության և հողում ջրի առատության պայմաններում: Խոտաբույսերի «լացը» կարող է տեղի ունենալ ամբողջ վեգետացիայի շրջանում: Բույսերի «լացը» ցերեկն ավելի ուժեղ է, քան գիշերը: Բույսերի «լացի» հյութի քիմիական կազմում հայտնաբերվել են ամինաթթուներ, ֆերմենտներ, շաքարներ, սպիտակուցներ, հանքային նյութեր, բույսերի սնման կարգավորիչներ:
  
Բույսերի 
նշանակությունը
   Մեծ է բույսերի տիեզերական նշանակությունը: Կանաչ բույսերի միջոցով իրականացվում է Երկրի և Արեգակի կապը: Բույսերը կլանում են Արեգակի էներգիան և սինթեզում օրգանական նյութեր, որով սնվում են կենդանիներն ու մարդիկ: 
Բույսերն օդը մաքրում են ածխաթթվական գազից և մթնոլորտը հարստացնում թթվածնով:
Բույսերը մասնակցում են բնության մեջ նյութերի շրջանառությանը, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ նշանակություն. նրանք կլանում են փոշին և այլ թունավոր նյութեր, մեղմացնում աղմուկը, քամիները, օդի ջերմաստիճանային տատանումները, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, բարերար ազդեցություն թողնում մարդու առողջության վրա:
Բույսերն օգտագործվում են որպես շինանյութ, արդյունաբերական հումք, վառելանյութ, դեղորայք և այլն:
   
    
Բույսերի հանգստի շրջան
   Բույսերն ունեն նաև այսպես կոչված հանգստի շրջան, երբ նրանց նյութափոխանակությունը խիստ նվազում է, և աճման շարժընթացները գրեթե դադարում են: Հանգստի շրջան ունի և՜ ամբողջ բույսը, և՜ նրա առանձին օրգանները՝ պալարները, կոճղեզը, սերմերը: Բույսերը հանգստի շրջանի են անցնում անբարենպաստ պայմանների՝ սառնամանիքի, երաշտի հետևանքով: Չափավոր կլիմայի պայմաններում բույսերի մեծ մասի հանգիստը դրսևորվում է ձմռանը, անապատային և կիսաանապատային բույսերինը՝ ամռանը: Արևադարձային խոնավ անտառներում, որտեղ բույսերի վեգետացիան ամբողջ տարին չի ընդհատվում, բույսերի հանգստի շրջանը դիտվում է առանձին ծառերի կամ ճյուղերի վրա: Բույսը, անհրաժեշտության դեպքում, կարելի է արհեստականորեն հանել հանգստի շրջանից (եթերի գոլորշիների, էթիլենի, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցությամբ) և հակառակը՝ բույսն ու նրա մասերն ավելի երկար պահել հանգստի շրջանում: 
  
    
    Երկրագնդի բուսականությունը տարեկան յուրացնում է մոտ 200 միլիարդ տոննա և սինթեզում 100 միլիարդ տոննա նյութ, պահեստավորում 3.1021 Ջոուլ էներգիա, արտազատում 145 միլիարդ տոննա Օ2 և ապահովում կյանքը Երկրի վրա: