Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սախարով Անդրեյ
1921 թ., Մոսկվա
1989 թ., Մոսկվա
Ա. Սախարովի հուշարձանը Երևանում` 
նրա անվան հրապարակում 
(2001 թ., քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան)
Ֆիզիկոս և քաղաքական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և իրավապաշտպան Անդրեյ Սախարովը 
ԽՍՀՄ-ում ջրածնային ռումբի ստեղծողներից է:

Անդրեյ Սախարովը նախնական կրթությունն ստացել է տանը. դպրոց հաճախել է 7-րդ դասարանից: 1942 թ-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, 1945–80 թթ-ին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում: Սախարովը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր (1951 թ.), պրոֆեսոր (1952 թ.), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թ.):
Նրա աշխատանքները վերաբերում են մագնիսական հիդրոդինամիկային, պլազմայի ֆիզիկային, կառավարվող ջերմամիջուկային սինթեզին, տարրական մասնիկների ֆիզիկային, աստղաֆիզիկային, ձգողականությանը: 
1950-ական թվականների վերջերից ակտիվորեն պայքարել է միջուկային զենքի փորձարկումների դեմ: 
1960–70-ական թվականներին Սախարովը ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների պաշտպանության շարժման առաջնորդներից էր, «Մարդու իրավունքների Մոսկովյան կոմիտեի» (1970 թ.) հիմնադիր անդամներից: 1974 թ-ին հանդես է եկել ԽՍՀՄ-ում քաղբանտարկյալների մասին ասուլիսով, 1975 թ-ին գրել է «Աշխարհը և խաղաղությունը» աշխատությունը: 1979 թ-ի դեկտեմբերին և 1980 թ-ի հունվարին հրապարակային ելույթներով դատապարտել է ԽՍՀՄ զորքերի մուտքն Աֆղանստան: Նրա հայտարարությունները տպագրվել են արևմտյան մամուլում, որին հետևել է խորհրդային իշխանությունների պատասխանը. նրան զրկել են պետական բոլոր պարգևներից (Սոցիալիստական աշխատանքի հերոս՝ 1954, 1956 և 1962 թթ., ԽՍՀՄ Պետական՝ 1953 թ., Լենինյան՝ 1956 թ., մրցանակներ) և կնոջ՝ Ելենա Բոնների հետ աքսորել Գորկի (այժմ՝ Նիժնի Նովգորոդ) քաղաք: 
Այդ շրջանում, իշխանությունների նախաձեռնությամբ, երկրի որոշ ճանաչված գիտնականներ հանդես են եկել Սախարովի գործունեությունը դատապարտող հայտարարություններով (օրինակ՝ «Երբ կորցնում են պատիվն ու խիղճը», «Պրավդա» օրաթերթ, 2 հուլիսի, 1983 թ.), իսկ արտերկրում բողոքի ցույցեր են կազմակերպվել` ի պաշտպանություն Սախարովի: 
Սախարովն աքսորից վերադարձել է 1986 թ-ին: Նրան ազատ են արձակել ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցման ժամանակ՝ քաղաքական գործունեությունից հրաժարվելու խոստման դիմաց:
1988 թ-ին Սախարովն առաջին անգամ մեկնել է արտասահման, որտեղ հանդիպել է ԱՄՆ-ի նախագահներ Ռոնալդ Ռեյգանին ու Ջորջ Բուշին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին:
1989 թ-ին Սախարովն ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր: 
Սախարովը հանդես է եկել Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման պահանջով՝ այն անվանելով «վերակառուցման փորձաքար»: 
1975 թ-ից աշխարհի մի շարք մայրաքաղաքներում պարբերաբար անցկացվում են սեմինարներ՝ «Սախարովյան լսումներ» խորագրով: 
1988 թ-ին Եվրախորհուրդը սահմանել է Անդրեյ Սախարովի անվան մրցանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում մարդասիրական գործունեության համար: 
1990 թ-ից ՀՀ-ում գործում է «Մարդու իրավունքների պաշտպանության Անդրեյ Սախարովի անվան հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Երևանում Սախարովի անունով կոչվել է հրապարակ, որտեղ տեղադրվել է նրա կիսանդրին (2001 թ.), Ստեփանակերտում՝ փողոց: Սախարովի անունով հրապարակներ կան նաև Սանկտ Պետերբուրգում, Վաշինգտոնում, Նյուրնբերգում, Վիլնյուսում և այլ քաղաքներում, փողոցներ՝ Մոսկվայում, Ռիգայում, Լվովում, Օդեսայում, Կազանում և այլուր: 
Անդրեյ Սախարովի անունով է կոչվել նաև փոքր մոլորակներից մեկը: