Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մամուլյան Ռուբեն
1897 թ., Թիֆլիս
1987 թ., Լոս Անջելես
Կադրեր Ռ. Մամուլյանի «42-րդ փողոցը» (1933 թ.) և «Քրիստինա թագուհին» 
(1934  թ.) կինոնկարներից
Ռուբեն Մամուլյանն ամերիկյան կինոյի և թատրոնի ռեժիսոր է, 
կինոյի նորարար, աշխարհում առաջին գունավոր՝ «Բեքի Շարպ» (1935 թ.) 
կինոնկարի ստեղծողը:

Ռուբեն Մամուլյանը սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, հաճախել Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան: 1918 թ-ին Թիֆլիսում հիմնադրել է թատերական ստուդիա, այնուհետև մեկնել է արտասահման. եղել է Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում: 1923 թ-ին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ճանաչվել է որպես ինքնատիպ թատերական ռեժիսոր. բեմադրել է երաժշտադրամատիկական ներկայացումներ՝ Ռիչարդ Ռոջերսի «Օքլահո՛մա», Դյուբոուզ և Դորոթի Հեյուարդների «Պորգին» և այլ գործեր: 
Մամուլյանի բեմադրություններն առանձնանում էին ռեժիսորական հարուստ երևակայությամբ, երաժշտական և դրամատիկական գործողությունների ներդաշնակ լուծումներով ու կերպարների հոգեբանական վերլուծություններով: 
Կինոյում աշխատել է 1929 թ-ից: Նույն թվականին նկարահանել է իր անդրանիկ՝ «Ծափահարություններ» ֆիլմը, որտեղ առաջին անգամ օգտագործել է տեխնիկական նոր հնարքներ և հասել աննախադեպ հաջողության: «Քաղաքային փողոցներ» (1931 թ.) կինոնկարում առաջին անգամ կիրառել է կադրից դուրս խոսքը: Մամուլյանը «Բեքի Շարպ» (ըստ Վիլյամ Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» վեպի), «Արյուն և ավազ» (ըստ Վինսենտե Բլասկո Իբանիեսի վեպի, 1941 թ.) ֆիլմերում գունային համակարգի կիրառման շնորհիվ առավել ցայտուն է արտահայտել և երանգավորել բարդ հոգեբանական ու դրամատուրգիական խնդիրները: Ռեժիսորական վարպետությունը և հատկապես տաղանդավոր դերասանների հնարավորությունների բացահայտման մղումն առավել արտահայտված են նրա «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» (ըստ Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպի, 1932 թ.), «Սիրիր ինձ այս գիշեր» (1932 թ., գլխավոր դերում՝ Մորիս Շըվալիե), «Երգ երգոց» (1933
թ., գլխավոր դերում՝ Մառլեն Դիտրիխ), «Քրիստինա թագուհին» (1934 թ., գլխավոր դերում՝ Գրետա Գարբո), «Մենք կրկին ապրում ենք» (1934 թ., ըստ Լև Տոլստոյի «Հարություն» վեպի), «Ուրախ հրոսակ» (1936 թ.), «Ամառային արձակուրդ» (1948 թ.) և այլ ֆիլմերում: Մեծ հաջողություն է ունեցել նաև «Զորրոյի նշանը» (1940 թ., գլխավոր դերում՝ Թայրոն Փաուեր) արկածային կինոնկարը, որն ամերիկյան կինոյի դասական նմուշներից է: 1935 թ-ին բեմադրել է Ջորջ Գերշվինի «Պորգին և Բեսը» օպերան: 
Որպես հյուր՝ մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոներին (1961, 1971 թթ.): 1971 թ-ին այցելել է Հայաստան:
1997 թ-ին Երևանում կազմակերպվել է Մամուլյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կինոփառատոն:

   «Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»:
   «Իսկական արվեստագետ-ստեղծողը նա է, ով ցերեկն աստղերն է տեսնում, իսկ գիշերը՝ արևը...»:
   «Իմ կարծիքով` գույնը էկրանին պետք է գործածվի որպես զգացմունք»:
   «Ես միշտ աշխարհը բաժանել եմ երկու մասի՝ ովքեր սիրում են բեմը, և ովքեր չեն սիրում»:
Ռուբեն Մամուլյան

   «Շատ տրամաբանական է, որ եթե Հոլիվուդում տեղի ունենա գեղարվեստական որևէ հեղափոխություն, այն պիտի ղեկավարի Ռուբեն Մամուլյանը»: 
«Նյու Յորք Հերալդ 
Թրիբյուն» պարբերական
   Մամուլյանին անվանել են Բրոդվեյի ծանր հրետանի, կինոյի Նապոլեոն: