Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մանսուրյան Տիգրան
Ծնվ. 1939 թ., Բեյրութ
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական 
արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության 
անվանի ներկայացուցիչներից է. նրա ստեղծագործությունը XX դարի 
եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի 
լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրումն է:

Տիգրան Մանսուրյանը 1947 թ-ին ընտանիքի հետ հայրենադարձել է: 1960 թ-ին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի (դասատու՝ Էդուարդ Բաղդասարյան), 1965 թ-ին՝ կոնսերվատորիայի (դասատու՝ Ղազարոս Սարյան) ստեղծագործական բաժինները, 1967 թ-ին՝ ասպիրանտուրան: 1967–86 թթ-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1986 թ-ից), 1992–95 թթ-ին՝ ռեկտոր:
Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով, և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:
Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում. գրել է սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն» (երեքն էլ՝ մեծ նվագախմբի համար), «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա` երգելու՝ Արարատին բաց պատուհանից» (ալտի և մեծ նվագախմբի համար), «Ո՞ւր է Աբել եղբայր քո» (թավջութակի և մեծ նվագախմբի համար), վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով», «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի), «Երկիր Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (խոսք՝ Կոստան Զարյանի), «Արվեստ Քերթության» (խոսք՝ Եղիշե Չարենցի), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ալտի և անսամբլի համար, աղոթքների շարք՝ ըստ Ներսես Շնորհալու), «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի) բալետը և այլն:
Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969 թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969 թ., «Սգավոր ձյունը», 1978 թ., «Կտոր մը երկինք», 1980 թ., «Հին օրերի երգը», 1982 թ., «Կորիոլան», 1982 թ., «Մեր մանկության տանգոն», 1984 թ., «Ճերմակ անուրջներ», 1984 թ., վավերագրական՝ «Հայկական մանրանկարչություն», 1966 թ., «Մատենադարան», 1983–85 թթ., ֆիլմաշար,  «Գեորգի Յակուլով», 1991 թ., «Փարաջանով. վերջին կոլաժ», 1995 թ., մուլտիպլիկացիոն՝ «Լիլիթ», 1972 թ., «Կախարդական լավաշը», 1973 թ., և այլն) ու թատրոնի [«Մհերի դուռը», 1976 թ., «Ծիրանի ծառ», 1978 թ. (երկուսն էլ՝ ըստ Վահագն Դավթյանի), «Հացավան», 1980 թ. (ըստ Նաիրի Զարյանի), Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա», 1981 թ.,  Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն», 1988 թ.] համար:
Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ,  քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: 
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:
Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին (1966 և 1968 թթ.), ՀԼԿԵՄ (1967 թ.), ՀՀ Պետական (1981 և 1985 թթ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993 թ.) մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2004 թ.) շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է (2006 թ.):
 
   «Այն վայելչությունը, որ Մանսուրյանը բացահայտում է մի պտղունց նոտայով, որքան մնայուն, նույնքան էլ գորովալից է»:
Ալան Լոքվուդ,  
ամերիկացի արվեստագետ
   «Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի` իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...»:
Հրանտ Մաթևոսյան, 
գրող