 | Երևանի բուսաբանական այգու գիհիների պուրակը |
 | Միսուրիի բուսաբանական այգին |
 | Վաշինգտոնի ազգային ծառաբուսարանը (արբորետում) |
Բուսաբանական այգին գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն է, որտեղ մշակվում և ուսումնասիրվում են կենդանի բույսերի հավաքածուներ: Վերջիններս աճեցվում են բաց տարածություններում և ջերմատներում, օգտագործվում են ցուցադրման ու գիտահետազոտական նպատակներով: Բուսաբանական այգիները կենդանի թանգարաններ են, որտեղ ցուցադրվում են երկրագնդի բուսականության կարևոր ներկայացուցիչներ: Խոշոր բուսաբանական այգիներում աճեցվում են բույսերի մինչև 20–30 հզ. տեսակներ: ՀՀ-ում բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները ղեկավարում և համակարգում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին կից Երևանի բուսաբանական այգին՝ իր Վանաձորի և Սևանի բաժանմունքներով: Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թ-ին (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ), Վանաձորի բաժանմունքը` 1935 թ-ին (12 հա, 600 բուսատեսակ), իսկ Սևանինը` 1944 թ-ին (2 հա, 450 բուսատեսակ): Բուսաբանական այգում հավաքված բուսական ֆոնդերն օգտագործվում են ուսանողների ու դպրոցականների ուսուցման և բնակչության բուսաբանական գիտելիքները հարստացնելու նպատակով: Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թ. գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ: Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի: Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում: Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով: Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով: Այստեղ տեղաբաշխված են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք), Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ: ՀՀ-ում կան նաև ինքնուրույն դենդրարիումներ. օրինակ՝ Ստեփանավանի «Սոճուտ», Վանաձորի «Վանաձոր», Իջևանի «Մերձարևադարձային», Բերդի «Սորաներ», Ախթալայի, Բագրատաշենի, Բյուրականի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրոպարկերը: - Առաջին բուսաբանական այգին ստեղծվել է 1309 թ-ին Իտալիայի Սալեռնո քաղաքում:
- Երևանի բուսաբանական այգին ստեղծվել է 1935թ-ին:
|