Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մարքս Կարլ
1818 թ., ք. Տրիր, 
Գերմանիա
1883 թ., Լոնդոն
Կարլ Մարքսի հուշարձանը Մոսկվայում  (1961 թ., քանդակագործ՝ Լև Կերբել, ճարտարապետներ՝ Ռուբեն Բեգունց և ուրիշներ)
Կարլ Հենրիխ Մարքսը փիլիսոփա, մտածող, տնտեսագետ և 
հասարակական գործիչ է, մարքսիզմի հիմնադիրը:

Կարլ Մարքսը ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում: 1830–35 թթ-ին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835–41 թթ-ին՝ նախ՝ Բոննի, ապա` Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում: Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին: 
 1841 թ-ին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 
1842 թ-ից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր: 1843 թ-ի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել: Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը: Մարքսը տեղափոխվել է Փարիզ. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ Ֆրիդրիխ Էնգելսի, Հայնրիխ Հայնեի և ուրիշների հետ: 1844 թ-ից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը: 
1845 թ-ի փետրվարին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը: 1848– 1849 թթ-ին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը` «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848 թ): 
1848 թ-ի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է Բելգիայից. վերադարձել է Փարիզ, ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ: Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Գերմանիա` մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը: 
1848–49 թթ-ին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»: 
1849 թ-ի մայիսին Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել Լոնդոնում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը: 1864 թ-ին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է (1864–76 թթ.) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում` Առաջին ինտերնացիոնալ)` բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը 1876 թ-ին լուծարվել է:
1867 թ-ին Համբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության` «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո): 
Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին: Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է: 
Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը: 
1840-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին: Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը: Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել XIX դարի վերջի և XX դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը: 
Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» (1844 թ.), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» (1844 թ.), «Սուրբ ընտանիք» (1845 թ.), «Գերմանական գաղափարախոսություն» (1845–46 թթ., վերջին երկուսը` Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» (1847 թ.), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848–1850 թթ.» (1850 թ.), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» (1852 թ.), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» (1871 թ.), «Գոթայի ծրագրի քննադատությունը» (1875 թ.) աշխատությունները: 
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո Վլադիմիր Լենինը մարքսիզմը մշակել և ծառայեցրել է կոմունիստական ամբողջատիրությանը: Մարքսիզմի այդ տարբերակը հետագայում կոչվել է մարքսիզմ-լենինիզմ:
Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են 1880-ական թվականներին: 1904 թ-ին Ժնևում, Ստեփան Շահումյանի և Միքայել Մանուչարյանի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»: Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն):
Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ ԽՍՀՄ-ում և ԳԴՀ-ում: Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը: Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել ԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, 1918 թ-ին):
1933–91 թթ-ին Կարլ Մարքսի անունով կոչվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (այժմ` ՀՊՃՀ), որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և փողոց (այժմ՝ Մովսես Խորենացու): 

   ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի գրացուցակների տվյալներով՝ Մարքսին շատ ավելի գիտական աշխատություններ են նվիրված, քան որևէ այլ գործչի: Նա է գլխավորում պատմության մեջ 100 ամենաուսումնասիրված մարդկանց ցուցակը:
   1999 թ-ի բրիտանական ԲիԲիՍի հեռուստաընկերության հարցման տվյալներով՝ Մարքսը ճանաչվել է հազարամյակի մեծագույն մտածող:
   «Մինչ այժմ փիլիսոփաները սոսկ տարբեր կերպ են բացատրել աշխարհը, մինչդեռ խնդիրն աշխարհը փոխելու մեջ է»:
   «Ժամանակն ազատ տարածություն է ունակությունների զարգացման համար»:
   «Յուրաքանչյուր ազգ կարող է և պետք է սովորի այլ ազգերից»:
   «Ճշմարտությունը նույնքան անհամեստ է, ինչպես լույսը»:
   «Եթե մարդն աշխատում է միայն իր համար, հավանաբար, կարող է դառնալ նշանավոր գիտնական, իմաստուն, բանաստեղծ, բայց երբեք չի կարող դառնալ կատարյալ և մեծ մարդ»:
Կարլ Մարքս

   «Որևէ անհատ աշխարհի վրա չի ազդել այնքան, որքան Կարլ Մարքսը XX դարում»:
Ժակ Ատտալի, 
ֆրանսիացի փիլիսոփա, 
տնտեսագետ