Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երևանի բուսաբանական այգում
Բուսաբանությունը գիտություն է բույսերի կյանքի, արտաքին և ներքին կառուցվածքների, կենսագործունեության, կարգաբանության, աճի, զարգացման, բազմացման, սննդառության, շնչառության, բազմազանության, տարածվածության, նշանակության, ծագման, միմյանց և միջավայրի հետ կապի մասին: Բուսաբանական հիմնական գիտակարգերն են բույսերի կարգաբանությունը, անատոմիան, սաղմնաբանությունը, հնէաբուսաբանությունը, ֆիզիոլոգիան, կենսաքիմիան, էկոլոգիան և այլն:
Բուսաբանության հիմնական առարկան բույսերի կարգաբանությունն է, որը բուսական աշխարհի բազմազանությունը բաժանում է միմյանց ենթարկվող բնական խմբերի՝ տաքսոնների, հաստատում է բույսերի անվանակարգը և բացատրում դրանց ազգակցական կապը: Անցյալում կարգաբանությունը հենվում էր բույսերի արտաքին հատկանիշների և դրանց աշխարհագրական տեղաբաշխման վրա, իսկ այժմ օգտագործում է բույսերի ներքին կազմության, քիմիական բաղադրության, բուսական բջիջների և դրանց քրոմոսոմային ապարատի կազմության առանձնահատկությունների վերաբերալ ստացված նորագույն տվյալները: Բույսերի ձևաբանությունն ուսումնասիրում է բույսերի ու նրանց առանձին մասերի արտաքին տեսքը, օրգանների ձևավորման ընթացքը, լայն իմաստով՝ ընդգրկում է բույսերի անատոմիան, որն զբաղվում է դրանց ներքին կազմության և բաղադրիչ հյուսվածքների ուսումնասիրությամբ: Ֆիզիոլոգիան զբաղվում է բույսերի կենսագործունեության շարժընթացներով, հնէաբուսաբանությունը ուսումնասիրում է բույսերի բրածո մնացորդները, երկրաբուսաբանությունը՝ բուսական համակեցությունների ձևավորման ու զարգացման շարժի օրինաչափությունները և դրանց բաղադրիչների փոխհարաբերությունները (ֆիտոցենոլոգիա), սաղմնաբանության, բջջաբանության հարցերով: Երկրագնդի վրա բույսերի առանձին տեսակների տարածումն ուսումնասիրում է բույսերի աշխարհագրությունը, բույսերի և նրանց համակեցությունների տարածվածությունը` բուսաբանական աշխարհագրությունը, բույսերի և բուսական ծածկույթի փոխհարաբերությունը շրջակա միջավայրի հետ՝ էկոլոգիան:
Ըստ հետազոտության ոլորտների` առանձնացված են ջրիմուռների (ալգոլոգիա), սնկերի (միկոլոգիա), քարաքոսերի (լիխենոլոգիա), մամուռների (բրիոլոգիա) մասին առանձին գիտությունները: Բակտերիաների, ճառագայթասնկերի, որոշ սնկերի և ջրիմուռների ուսումնասիրությունն առանձնացված է հատուկ գիտության՝ մանրէաբանության մեջ: Բույսերի հիվանդություններով զբաղվում է բուսախտաբանությունը: 

Բուսաբանության  ձևավորման պատմությունից
Բույսերը գիտականորեն առաջինը նկարագրել են Արիստոտելը և նրա աշակերտ Թեոֆրաստը, որը դրանք դասակարգել է ծառերի, թփերի, կիսաթփերի և խոտաբույսերի` տարբերակելով նաև միամյա, երկամյա և բազմամյա բույսերը:Թեոֆրաստին անվանել են «Բուսաբանության հայր»: Նրա «Ուսումնասիրություններ բույսերի մասին» աշխատության մեջ նկարագրված է մոտ 480 բույս: Ավելի ուշ բույսերին անդրադարձել են հռոմեացի բնագետ Պլինիուս Ավագը, միջնադարում հայտնի Ավիցեննան և ուրիշներ: Միջին դարերի վերջում աճեց հետաքրքրությունը բույսերի նկատմամբ` որպես դեղանյութերի աղբյուր, սննդարար նյութեր և համեմունքներ: Բուսաբանությունը, որպես գիտություն, ձեվավորվել է XVII–XVIII դարերում: Ստեղծվեցին առաջին «չոր այգիները»՝ հերբարիումները, ապա կազմակերպվեցին բուսաբանական այգիներ: Իտալացի բժիշկ-բուսաբան Ա. Ցեզալպինոն «Բույսերի մասին» իր գրքում դասակարգեց բույսերը: Շվեյցարացի բուսաբան Կ. Բաուհինը ստեղծեց երկանուն անվանակարգություն՝ յուրաքանչյուր բույս անվանելով 2 բառով, որոնցից մեկը ցույց է տալիս բույսի ցեղը, մյուսը՝ տեսակը: Այդ անվանակարգը հետագայում օրինականացրեց Կ. Լիննեյը, որը գործում է մինչև օրս: Բույսերի կարգաբանության վրա որոշիչ նշանակություն ունեցավ Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունը:
Հայաստանում նույնպես բույսերով զբաղվել են դեռևս հին ժամանակներից: Բարսեղ Կեսարացու  (IV դար) «Վեցօրեից» աշխատության մեջ բույսերը բաժանված են սերմնատուների և անսերմերի: Ագաթանգեղոսը հիշատակել է 67 անուն բույս: Ղազար Փարպեցին (V դար) առաջինն է նկարագրել Արարատյան դաշտի բուսական և կենդանական ձևերը: Գրիգոր Տաթևացին (XIV դար) տվյալներ է հաղորդել բույսերի օգտակարության, գույնի, պտղի և մյուս օրգանների առաջացման հերթականության մասին: Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար) նկարագրել է բազմաթիվ դեղաբույսեր, իսկ Ղևոնդ Ալիշանի «Հայ–Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» (1895) աշխատության մեջ նկարագրված և դասակարգված է Հայաստանի ավելի քան 3400 բույս:
Իսկ մեր օրերում Հայաստանի հարուստ ու հետաքըրքիր բուսական աշխարհով զբաղվում են դեռևս 1939 թ-ին բացված Բուսաբանության ինստիտուտի և Բուսաբանական այգու գիտնականներն ու մասնագետները: Հայտնի բուսաբաններ են Ա. Թախտաջյանը, Հ. Մաղաքյանը, Դ. Բաբայան-Տետերևնիկովան, Պ. Ղանդիլյանը, Գ.Դավթյանը, Լ. Օսիպյանը և ուրիշներ: 
Տես նաև Բույսեր: