 | Յավուրյան Ալբերտ 1935 թ., Լենինական 2007 թ., Երևան |
 | Կադրեր «Երջանկության մեխանիկա» (1982 թ.) և «Աշուղ Ղարիբ» (1988 թ.) կինոնկարներից (կինոօպերատոր՝ Ա. Յավուրյան) |
ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանը հայ ազգային կինոյի օպերատորական արվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից է:
Ալբերտ Յավուրյանը 1962 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1962–64 թթ-ին բեմադրող-օպերատոր էր Յալթայի կինոստուդիայում, 1964 թ-ից՝ Հայֆիլմում: 1978 թ-ից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում (1991 թ-ից՝ պրոֆեսոր, 1997 թ-ից՝ ամբիոնի վարիչ): 1964 թ-ից Հայֆիլմում մասնակցել է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.) ֆիլմի նկարահանմանը, որտեղ կիրառել է «ազատ կինոխցիկի» հնարավորությունները՝ նպաստելով կինոնկարի հաջողությանը: Յավուրյանի լավագույն կինոնկարներից են՝ «Երևանյան օրերի խրոնիկա» (1973 թ.), «Երկունք» (1977 թ.), «Ապրեցեք երկար» (1979 թ.), «Մենավոր ընկուզենի» (ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986 թ., չորսն էլ՝ ռեժիսոր` Ֆ. Դովլաթյան), «Այստեղ, այս խաչմերուկում» (1974 թ., ռեժիսոր՝ Կարեն Գևորգյան, «Ոսկե դուկատ» մրցանակ՝ 1975 թ., Մանհայմ, Գերմանիա), «Երջանկության մեխանիկա» (1982 թ., ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան, ՀՀ Պետական մրցանակ՝ 1983 թ.), «Աշուղ Ղարիբ» (1988 թ., ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով, ՌԴ կինեմատոգրաֆիայի միության «Նիկե» մրցանակ՝ 1989 թ.), «Զինադադար» (1994 թ., ռեժիսոր՝ Ալի Ռեզա Դաուդնեժակ, Թեհրանի կինոստուդիա) և այլն: Նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ՝ «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967 թ., ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան), «Մխիթարյանները» (1982 թ.), «Մշակույթների կամուրջ» (1985 թ., երկուսն էլ՝ ռեժիսոր` Ֆ. Դովլաթյան), «Բոբո» (1991 թ., ռեժիսոր՝ Ն. Մկրտչյան, նվիրված է Ս. Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը) և այլն: Յավուրյանը «Նիկե» միջզգային կինոակադեմիայի անդամ էր: Յավուրյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (1988 թ.) և Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2005 թ.):
|