Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Նանսեն Ֆրիտյոֆ
1861 թ., Ստուրե Ֆրյոեն դաստակերտ` Քրիստիանայի (այժմ` Օսլո) մոտ, Նորվեգիա
1930 թ., Լյուսակեր դաստակերտ` Օսլոյի մոտ
«Նանսենյան անձնագրի» նմուշներ
Ֆ. Նանսենի պատկերով ՀՀ փոստային նամականիշ
(1990 թ.) 
Նանսենի կիսանդրին Սպիտակում (1989 թ.)
Նորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները: 

Նանսենը սովորել է Քրիստիանայի համալսարանի բնագիտության ֆակուլտետում (1897 թ-ից՝ կենդանաբանության պրոֆեսոր): 1888 թ-ին դահուկներով կտրել-անցել է Գրենլանդիան: Այնուհետև մշակել է Հյուսիսային բևեռ հասնելու նախագիծ. իրագործել է իր կառուցած «Ֆրամ» նավով, որի համար ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ: Նորվեգիայի` Շվեդիայից անջատվելուց (1905 թ.) հետո նշանակվել է Մեծ Բրիտանիայում Նորվեգիայի դեսպան: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ավարտից հետո, որպես Ազգերի լիգայի գերագույն կոմիսար, Նանսենն զբաղվել է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու և գաղթականների խնդիրներով: Օգնություն է կազմակերպել Պովոլժիեի սովյալների համար (1921 թ.): 
Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է գրավել հայանպաստ աշխատանքը, ջանքերը Հայ դատի արդարացի լուծման և հայ գաղթականների դրության բարելավման համար: Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը: Նանսենը մեծապես օգնել է գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր», որը մասամբ թեթևացրել է նրանց դրությունը: Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձնելու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը (1925–29 թթ.): 
Այդ նպատակով Նանսենն իր հանձնաժողովով 1925 թ-ի հունիսին ժամանել է Երևան, եղել է հանրապետության տարբեր շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները, մասնակցել Շիրկանալի (Շիրակի ջրանցք) բացմանը: Վերադառնալով Ժնև` Ազգերի լիգային ներկայացրել է զեկուցագիր, ըստ որի՝ օգնություն ցուցաբերելու դեպքում Հայաստանը կարող է տեղավորել 25–30 հզ. գաղթականի: Տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականության հայրենադարձման հարցում, Նանսենն ինքն է մարդասիրական ուղիներով հայթայթել անհրաժեշտ միջոցներ և տրամադրել 7 հզ. հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման համար:
Նանսենի բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են հայ ժողովրդի պատմությանն ու Հայաստանին: 1927 թ-ին նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Ընդ որում, գրքի վրա կարմիր տառերով գրված է. «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»: 
Մարդասիրական գործունեության համար 1922 թ-ին Նանսենին շնորհվել է Նոբելյան մրցանակ: 1938 թ-ին նրա՝ Գաղթականների միջազգային գրասենյակը նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի` «Նանսենյան անձնագրերի» ստեղծման համար: 1954 թ-ին ՄԱԿ-ի Փախստականների գծով կոմիսարիատը սահմանել է Նանսենի մրցանակ (սկզբում կոչվել է «Նանսենի մեդալ»). տրվում է 1955 թ-ից: 
Նանսենի մասին նկարահանվել է «Աշխարհի խիղճը» (2009 թ.) ֆիլմը: 
Երևանում գործում են «Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը» (նախագահ` Ֆելիքս Բախչինյան), Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատունը:
Նանսենի անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Սպիտակում, Ստեփանավանում: Երկրաշարժից հետո  Սպիտակ քաղաքում նորվեգացիները  Նանսենի թոռան` ճարտարապետ Էյգիլ Նանսենի նախագծով 1989 թ-ին կառուցել են հիվանդանոց, որի բակում տեղադրվել է Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին, Երևանի Նոր Նորք թաղամասի զբոսայգում`  «Նանսենյան անձնագրի» արձանը:

   «Ֆրիտյոֆ Նանսենի գործն Ավետարանի մարդկային 
թարգմանությունն է»: 
 Գարեգին Ա, 
Ամենայն հայոց կաթողիկոս
   «Նանսենի «Խաբված ժողովուրդ» գիրքը կարիճի պես իր պոչի մեջ խայթոց ունի, որը վիրավորում է հաճկատարությունը բոլոր նրանց, ովքեր խոստացան ավելին, քան կատարեցին»:
 «Թայմս» օրաթերթ,
Անգլիա
«...Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում իր հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում և սպասում է, շարունակ սպասում: 
Նա սպասում է մինչ օրս»:
 Ֆրիտյոֆ Նանսեն

   «Այս մարդը (Նանսենը) իր ուսերին առավ մի գործ, որը չհամարձակվեց վերցնել խոշոր պետությունների ոչ մի ներկայացուցիչ: Մենք` հայերս, միշտ կսիրենք և կհարգենք նրան և խորին երախտագիտությամբ կխոնարհվենք նրա` մի մարդու անվան առջև, որին ինքը` Բարձրյալն էր ուղարկել պաշտպանելու և ներկայացնելու մեր դատը»:
Լոնդոնահայ համայնք, 1930 թ.