Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Նիկոլայ II
1868 թ., ք. Ցարսկոյե 
Սելո (այժմ` ք. Պուշկին՝ Լենինգրադի մարզում)
1918 թ., ք. Եկատերինբուրգ, Ռուսաստան [1999 թ-ին վերաթաղվել է (նաև ընտանիքի անդամները) Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան տաճարում]
Նիկոլայ II-ի հուշարձանը ՌԴ Մոսկվայի մարզի 
Տայնինսկոյե գյուղում (1997/2007 թ., քանդակագործ՝ Վյաչեսլավ Կլիկով)
Նիկոլայ II-ը Ռուսաստանի վերջին կայսրն է (1894–1917 թթ.) 
Ռոմանովների արքայատոհմից. հաջորդել է հորը` Ալեքսանդր III կայսրին:

Նիկոլայ II-ը հայտնի իրավաբան, պրոֆեսոր Կոնստանտին Պոբեդոնոսցևի դաստիարակությամբ տանը գիմնազիայի դասընթացին համապատասխան կրթություն ստանալուց հետո 1885–90 թթ-ին հատուկ ծրագրով մասնագիտացել է իրավաբանության և տնտեսագիտության մեջ, անցել Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացը, դարձել է գնդապետ (1892 թ.), անգլիական բանակի ծովակալ (1908 թ.) և ֆելդմարշալ (1915 թ.):
1889 թ-ից մասնակցել է Պետական խորհրդի աշխատանքներին, Ռուսաստանում ուղևորությունների ժամանակ ուղեկցել է հորը: 1890 թ-ին ձեռնարկել է ծովային ճանապարհորդություն դեպի Հեռավոր Արևելք: 1894 թ-ին դարձել է կայսր: 1896 թ-ին տիկնոջ` կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ ճանապարհորդել է Եվրոպայում. Ֆրանսիայում մասնակցել է «Ռուսական շաբաթին», Մեծ Բրիտանիայում` Բալմորալի բանակցություններին, որտեղ շոշափվել է նաև արևմտահայության խնդիրը: 
1905 թ-ի հունվարի 9-ին բռնկված հեղափոխական ցույցը զենքով ճնշելուց հետո, որը հայտնի է Արյունոտ կիրակի անվամբ, հոկտեմբերի 17-ին ստիպված ընդունել է մանիֆեստ «քաղաքական ազատությունների» մասին, որով թույլատրել է ստեղծել քաղաքական կուսակցություններ և Պետդուման ճանաչել է օրենսդիր մարմին: Սկսվել է Ստոլիպինյան հողային բարեփոխումը (1906 թ.): 1907 թ-ին Ռուսաստանը դարձել է Անտանտի անդամ, որի կազմում էլ մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.): 
Նիկոլայ II-ի կառավարման տարիները Ռուսաստանի համար նշանավորվել են տնտեսության վերելքով ու սոցիալ-քաղաքական հակասությունների սրմամբ:
1914 թ-ի հուլիսի 19-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 1-ին) Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Հոկտեմբերի 20-ին (նոյեմբերի 2-ին) Ռուսաստանն իր հերթին պատերազմ է հայտարարել օսմանյան Թուրքիային: 1915 թ-ից կայսրն ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարությունը, սակայն չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները: Ռազմաճակատում կրած պարտությունների հետևանքով տեղի է ունեցել  Փետրվարյան հեղափոխությունը (1917 թ.): Աշխարհամարտն ավարտվել է Ռուսաստանի պարտությամբ և Ռոմանովների` ավելի քան 300-ամյա արքայատան անկումով. միապետությունը փրկելու հույսով Նիկոլայ II-ը հրաժարվել է գահից` հօգուտ եղբոր` Միխայիլի, որը, սակայն, չի ընդունել այն:
Ժամանակավոր կառավարության հրամանով Նիկոլայ II-ը և նրա ընտանիքը ձերբակալվել են, իսկ 1918 թ-ի հուլիսի 17-ին բոլշևիկները նրանց գնդակահարել են:
Նիկոլայ II-ի օրոք ռուսական արտաքին քաղաքականության մեջ որոշակի տեղ է ունեցել Հայկական հարցը: Կայսրը, սակայն, անտարբեր էր Օսմանյան կայսրությունում 1894–96 թթ-ի հայերի կոտորածների նկատմամբ: Նա Արևմտյան Հայաստանի գրավումը Ռուսաստանի համար համարել է անշահավետ, «շատ թանկ ձեռնարկում»: 1908 թ-ին Սանկտ Պետերբուրգում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն (1858–65 թթ.) և հասարակական գործիչ Մինաս Չերազին. նրանք խնդրում էին Ռուսաստանի օգնությամբ վերարծարծել Հայկական հարցը: Սակայն կայսրը խուսափել է որոշակի խոստումից` սահմանափակվելով Թուրքիայի քրիստոնյաների հանդեպ Ռուսաստանի համակրանքի մասին ընդհանուր դատողություններով:
1914 թ-ի նոյեմբերին Թիֆլիս ժամանած Նիկոլայ II-ը Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքներում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը: Սակայն պատերազմի ժամանակ Նիկոլայ II-ը հրաժարվել է Արևմտյան Հայաստանին ինքնավարություն տալու իր խոստումից, իսկ 1915 թ-ի օգոստոսին ցրել է հայկական կամավորական գնդերը և դրանց հենքի վրա ստեղծել միացյալ գումարտակ: 1916 թ-ի Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով Արևմտյան Հայաստանը ճանաչվել է ռուսական ազդեցության գոտի, իսկ ավելի ուշ` պատերազմի իրավունքով գրավված տարածք: 
Նիկոլայ II-ի ներքին քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունեցել հայ իրականության համար. 1903 թ-ին ընդունվել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, փակվել են հայկական դպրոցները: Սակայն համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության (1905–07 թթ.) ազդեցությամբ 1905 թ-ի օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ն ստիպված ստորագրել է Հայ եկեղեցու գույքի վերադարձման և հայկական դպրոցների վերաբացման մասին որոշումը: 
Նիկոլայ II-ն արժանացել է Սբ Անդրեյ Նախավկայի (1868 թ.), Սբ Ալեքսանդր Նևսկու (1868 թ.), Սբ Վլադիմիրի IV աստիճանի (1890 թ.), Սբ Գեորգիի IV աստիճանի (1915 թ.) և այլ շքանշանների:
2000 թ-ին Ռուսական ուղղափառ եկեղեցին Նիկոլայ II-ին և նրա ընտանիքին դասել է սրբերի կարգը և դեկտեմբերի 19-ը սահմանել նրանց հիշատակի օր:
Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ավարտից և ավստրո-հունգարական զորքերից Սերբիայի ազատագրումից հետո Բելգրադում տեղադրվել է Նիկոլայ II-ի հուշարձանը: 
Նկարահանվել են կայսրին և նրա ընտանիքին նվիրված ֆիլմեր («Նիկոլայ և Ալեքսանդրա», 1971 թ., «Հոգեվարք», 1981 թ., «Արքայասպանը», 1991 թ., «Ռոմանովներ. Թագակիր ընտանիքը», 2000 թ., և այլն):