Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վերֆել Ֆրանց
1890 թ., Պրահա
1945 թ., ք. Բևեռլի  Հիլզ, ԱՄՆ
Ֆ. Վերֆելի դիմաքանդակը Վիեննայում (1998 թ., քանդակագործ՝ 
Վլադիմիր Պետրոսյան)
Ֆ. Վերֆելի շիրմաքարը Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը
Ավստրիացի գրող, հումանիստ, ազգությամբ հրեա Ֆրանց Վերֆելը 
էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից է  գերմանալեզու գրականության մեջ, «Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակը:

Ֆրանց Վերֆելը սովորել է Լայպցիգում, Համբուրգում, Պրահայում: Ծառայել է  ավստրիական բանակում: Մասնակցել է 1918 թ-ի հեղափոխական իրադարձություններին: 1938 թ-ին Ավստրիայի՝ ֆաշիստական  բռնազավթումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա, 1940 թ-ին՝ ԱՄՆ (Կալիֆոռնիա): Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ. լույս է ընծայել «Աշխարհի բարեկամը» (1911 թ.), «Մենք կանք» (1913 թ.), «Բարեկամը բարեկամի համար» (1915 թ.), «Դատաստանի օրը» (1919 թ.) բանաստեղծությունների ժողովածուները, որտեղ պատկերել է պատերազմի սարսափները: 
Վերֆելի բանաստեղծություններում արտահայտված են հավատը բարու և մարդու նկատմամբ, մարդկությանը ծառայելու ցանկությունը, եղբայրության ու հավասարության գաղափարները: Պատերազմի դեմ է նրա «Հեղափոխական կոչ» (1917 թ.) հայտնի բանաստեղծությունը: Ադոլֆ Հիտլերի 1938 թ-ի  ելույթներից մեկին Վերֆելն անդրադարձել է քաղաքական սուր պամֆլետով. քննադատել է գերմանական ֆաշիզմը: «Լավ տեղ Վիեննայում» (1938 թ.) բանաստեղծության մեջ մերկացրել է անարդարությունն ու չարիքը:
Վերֆելը «Վերդի» (1923 թ.) վեպում անդրադարձել է Իտալիայի մեծ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը, ներկայացրել արևմտաեվրոպական 2 մեծ կոմպոզիտորների՝ Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների աշխարհայացքների բախումը:
Տագնապն անհատի ճակատագրի համար  խորացել է և հետագայում  մարմնավորվել «Մուսա լեռան 40 օրը» (1933 թ., 1934 թ-ին արժանացել է «Տարվա լավագույն վեպ» միջազգային մրցանակի) վեպում: Այն գրելու համար  գրողը 3 տարի Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը, ծանոթացել նաև Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.) վերաբերող փաստաթղթերի և զրուցել թուրքական կոտորածներից փրկված հայերի հետ: Վեպի հավաքական հերոսը հայ ժողովուրդն է, հատկապես մտավորականությունը, որի ներկայացուցիչները՝ Գաբրիել Բագրատյանը, Տեր Հայկազունը, Հաբեթ Իսկենդերյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ, տառապել, պայքարել և զոհվել են հայրենիքի համար: Վեպի հիմքում Մուսա լեռան հերոսամարտն է. լեռան բարձունքներում ապաստանած փոքրաթիվ հայեր պաշտպանում էին իրենց կյանքն ու պատիվը: Դատապարտելով հայերի ցեղասպանությունը՝ Վերֆելն աշխարհին ահազանգում է Գերմանիայի ռազմամոլ քաղաքականության արյունալի հետևանքների մասին, մուսալեռցիների հերոսական պայքարի օրինակով մարդկությանը կոչում անձնազոհ պայքարի: 
«Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանն սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է  և հրապարակավ այրվել: 
Վեպը հայերեն հրատարակվել է 1935 թ-ին՝ Ե. Անդրեասյանի  թարգմանությամբ, 1982 թ-ին նկարահանվել է կինոնկար (ռեժիսոր՝ Ջոն Քյուրքչյան), բեմադրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում և հեռուստաթատրոնում: Վեպի հիման վրա 1957 թ-ին չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը գրել է համանուն օպերան:
Վերֆելը գրել է նաև պիեսներ («Տրոյացի կանայք», 1914 թ., «Մարդը հայելու միջից», 1920 թ.), որտեղ պատկերել է մարդկության տառապանքը, իրականությունից փախչող հերոսին: «Ոչ թե սպանողը, այլ սպանվածն է մեղավոր» (1920 թ.) վեպի թեման հայրերի դեմ երիտասարդ սերնդի ընդվզումն է. հերոսը խստորեն դատապարտում է համաշխարհային պատերազմը սանձազերծողներին: «Համադասարանցիներ» վեպում (1928 թ.) Վերֆելը սոցիալական անարդարության աշխարհում փնտրում է մարդկայինն ու բարին: Նրա վերջին գործը «Յակոբովսկին և գնդապետը» (1944 թ.) հակաֆաշիստական պիեսն է: Հետմահու հրատարակվել է «Դեռ չծնվածների աստղը» (1946 թ.) վեպը: 
Նրա ստեղծագործությունն զգալի ազդեցություն է ունեցել Ֆրանց Կաֆկայի վրա: 
Վերֆելն արժանացել է Չեխոսլովակիայի Պետական (1927 թ.), Ֆրանց Գրիլպարցերի (1926 թ., Ավստրիա) և Ֆրիդրիխ Շիլլերի անվան (1930 թ., Գերմանիա) գրական մրցանակների:
Երախտագետ  հայերը գրողի աճյունը Կալիֆոռնիայից տեղափոխել են Վիեննա և  նրա պատվին կանգնեցրել խաչքար: 
Երևանում Ֆրանց Վերֆելի անունով կոչվել է փողոց: Մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ-ում թողարկվել է նամականիշ՝ Ֆրանց Վերֆելի դիմանկարով: Մեծ եղեռնի հուշահամալիրի Հուշապատին փակցված է հուշատախտակ, որի տակ ամփոփված է Վերֆելի գերեզմանից բերված հողով սափորը:
 Տես նաև Մեծ եղեռն:

   «Կարդալով եվրոպական թերթերը՝ ես ծանոթացա հայ ժողովրդի ողբերգությանը: Ես այնպես էի ցնցված, որ որոշեցի այդ բոլորը ներկայացնել պատմական վեպով: Սիրիայում ես տեսա հայ երեխաների, պատանիների, քշված ժողովրդի դժբախտ բեկորների, որոնց աչքերում դրոշմվել էին անցյալի փառքն ու սարսափները»:
Ֆրանց  Վերֆել
   «Ես միշտ սիրել եմ Ֆրանց Վերֆելին, հիացել նրանով՝ որպես ոգեշունչ քնարերգուի, և բարձր եմ գնահատել նրա հետաքրքիր արձակը»:
Թոմաս Ման, 
գերմանացի գրող