Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շոստակովիչ Դմիտրի
1906 թ., Սանկտ 
Պետերբուրգ
1975 թ., Մոսկվա
Դ. Շոստակովիչի 
կիսանդրին Սանկտ 
Պետերբուրգում 
(1997 թ., քանդակագործներ` 
Ալեքսանդր և Սերգեյ 
Չեռնիցկիներ)
Ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունը XX դարի երաժշտարվեստի գագաթներից է: 

Դմիտրի Շոստակովիչը 1923 թ-ին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիայի դաշնամուրի, 1925 թ-ին՝ ստեղծագործական բաժինները: Ավարտական քննությանը ներկայացրել է իր Առաջին սիմֆոնիան, որը հեղինակի հազվագյուտ տաղանդի և վարպետության վկայությունն է: 1927 թ-ին Վարշավայում դաշնակահարների՝ Շոպենի անվան միջազգային 1-ին մրցույթում ստացել է պատվավոր դիպլոմ: 1937 թ-ից դասավանդել է Լենինգրադի, 1943–48 թթ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում (պրոֆեսոր՝ 1939 թ-ից): 1957 թ-ից՝ ԽՍՀՄ, 1960 թ-ից ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միությունների քարտուղարն էր (1960–68 թթ-ին՝ առաջին քարտուղար):
Վաղ շրջանում նրա գրած «Քիթ» օպերային, «Ոսկե դար» և «Երկաթյա նիգ» բալետներին բնորոշ է երաժշտական կերպարի (հաճախ՝ գրոտեսկային) սուր արտահայտչականությունը: «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» օպերայում կոմպոզիտորը ռեալիստական մեծ ուժով է արտահայտել ռուս կնոջ ողբերգական ճակատագիրը: Շոստակովիչը գրել է 15 սիմֆոնիա, որտեղ արտացոլված են ժամանակի սոցիալական խնդիրները, համամարդկային բարոյական արժեքները:
4-րդ և հատկապես 5-րդ սիմֆոնիաները պայմանավորել են նրա ստեղծագործության վերելքը: 5-րդ սիմֆոնիայի թեման մարդու անհատականության ձևավորումն է:
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Շոստակովիչը գրել է պայքարով և հաղթանակի բերկրանքով լեցուն 7-րդ՝ «Լենինգրադյան սիմֆոնիան», որը 1942 թ-ին կատարվել է նաև Երևանում՝ դիրիժոր Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ: Պատմահեղափոխական թեման արտացոլվել է 11-րդ՝ «1905 թվական», և 12-րդ՝ «1917 թվական» (նվիրված է Վլադիմիր Լենինի հիշատակին), սիմֆոնիաներում: Վերջին՝ 14-րդ և 15-րդ սիմֆոնիաների հիմքում աշխարհի, կյանքի ու մահվան վերաբերյալ կոմպոզիտորի մտորումներն են: Շոստակովիչի էպիկական վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների գլխավոր հերոսը ժողովուրդն է. հանրահայտ են «Երգ անտառների մասին» օրատորիան, «Ստեփան Ռազինի մահապատիժը» վոկալ-սիմֆոնիկ պոեմը:
Շոստակովիչը գրել է նաև 15 լարային կվարտետ, դաշնամուրային կվինտետ, տրիո, 24 պրելյուդ և ֆուգա՝ դաշնամուրի համար, օրատորիաներ, կանտատներ, օպերաներ, բալետներ, երգչախմբային պոեմներ, ջութակի և դաշնամուրի կոնցերտներ՝ նվագախմբի հետ: Հիշարժան են Ալեքսանդր Բլոկի, Մարինա Ցվետաևայի, Միքելանջելոյի խոսքերով գրած կամերային վոկալ շարքերը: Շոստակովիչը հանդես է եկել նաև իր ստեղծագործությունների կատարմամբ: Գրել է երաժշտություն թատրոնի [Օնորե դը Բալզակի «Մարդկային կատակերգություն» (1934 թ., Եվգենի Վախթանգովի անվան թատրոն), Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» (1941 թ., Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոն) և այլն] ու կինոյի («Մաքսիմի պատանեկությունը», 1935 թ., «Մաքսիմի վերադարձը», 1939 թ., «Երիտասարդ գվարդիա», 1948 թ., «Բոռը», 1955 թ., «Համլետ», 1964 թ., և այլն) համար:
Շոստակովիչը բազմիցս եղել է Հայաստանում. 9-րդ և 10-րդ կվարտետները, «Համլետ» ֆիլմի երաժշտությունը գրել է Դիլիջանում՝ կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Իր հոդվածներում հաճախ է անդրադարձել հայկական երաժշտության զարգացման խնդիրներին և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին: Շոստակովիչին աշակերտել են կոմպոզիտորներ Կարեն Խաչատրյանը և Ղազարոս Սարյանը:
Շոստակովիչը եղել է արվեստի և երաժշտության բազմաթիվ ակադեմիաների ու ընկերությունների անդամ, պատվավոր անդամ: Արժանացել է ԽՍՀՄ Պետական (1941, 1942, 1946, 1950, 1952 և 1968 թթ.), Լենինյան (1958 թ.), Խաղաղության միջազգային (1954 թ.) մրցանակների, Սոցիալիստական աշխատանքի հերոսի (1966 թ.) կոչման:

   «Շոստակովիչի երաժշտությունը կարծես վերածնում է մարդուն, նրան լիցքավորում նոր ուժով ու եռանդով»:
Մարիետա Շահինյան, 
գրող