 | Շոթա Ռուսթավելի 1166 թ., գ. Ռուսթավի, Վրաստան 1216 թ., Երուսաղեմ (թաղված է վրացական Սբ Խաչ վանքի բակում)
Դիմանկարը` Ալեքսանդր Ռոյնիշվիլու (1875 թ.) |
 | Շ. Ռուսթավելու քանդակը (1937 թ., քանդակագործ` Երվանդ Քոչար) |
Բանաստեղծ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» («Վագրենավորը») պոեմը վրացական Վերածննդի գրականության բարձրակետն է: Շոթա Ռուսթավելու կյանքի ու գործունեության մասին հավաստի տեղեկություններ մեզ չեն հասել: «Ընձենավորը» պոեմի նախերգանքի VII և VIII քառատողերում ընդամենն ասվում է, որ հեղինակը Ռուսթվելին է՝ ծագումով` մեսխ:
Շոթա Ռուսթավելու անունը վկայված է XVII դարի գրավոր աղբյուրներում: Ենթադրվում է, որ նա Թամար թագուհու արքունիքում վարել է բարձր պաշտոն. եղել է գանձապահ: Ծերության տարիներին հեռացել է Վրաստանից. կյանքի վերջին շրջանն անցկացրել է Երուսաղեմի վրացական Սբ Խաչ վանքում: Վերականգնել և նկարազարդել է վանքը: Սյուներից մեկի վրա հայտնաբերված որմնանկարում, գիտնականների կարծիքով, պատկերված է Ռուսթավելին: «Ընձենավորը» գրել է 1189–1207 թթ-ին և նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է XII դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը: Պոեմը հիմն է ազատ, անկեղծ ու երկրային սիրո: Բանաստեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը, հնարավոր համարել տղամարդու և կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը: Պոեմում զարգացրել է նաև եղբայրության, ընկերության ու բարեկամության թեման: Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը: Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ: Հեղինակը դատապարտել է ստրկամտությունը և անհաշտ պայքարի կոչել չարիքի ու բռնության դեմ: Պոեմի գլխավոր հերոսուհին՝ Նեստան-Դարեջանը, իմանալով որ հայրը՝ Հնդկաստանի տիրակալ Փարսադանը, ցանկանում է իրեն ամուսնացնել Պարսկաստանի թագաժառանգի հետ, ըմբոստանում է, խնդրում սիրած տղային՝ երկրի ամիրբար (իշխան) Տարիելին, կանխել դիվանագիտական այդ նվաստացուցիչ առևտուրը: Նեստանին նետում են Քաջեթի ամրոց, որը խորհրդանշում էր ստրկությունն ու բռնությունը: Եղբայրացած Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը գրոհում են ամրոցը: Պոեմն ավարտվում է արդարության հաղթանակով: Ռուսթավելու քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը: Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են: Նա դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից: Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը: «Ընձենավորը» աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, ռիթմով, որոնք պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող: Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով: «Ընձենավորը» սյուժետային և կառուցվածքային որոշ նմանություններ ունի արևմտաեվրոպական ասպետական վեպերի ու միջնադարյան արևելյան էպիկառոմանտիկական պոեմների հետ: Այն աչքի է ընկնում ազատախոհությամբ, զերծ է կրոնական կապանքներից: Պոեմի առանձին հատվածներ հայերեն թարգմանվել են XIX դարում, իսկ ամբողջությամբ լույս է տեսել 1937 թ-ին՝ Գևորգ Ասատուրի թարգմանությամբ: Ռուսթավելու գործերից թարգմանել են նաև Վահան Տերյանը, Հարություն Միրիմյանը, Հովհաննես Կարայանը և ուրիշներ: Ռուսթավելու կերպարին անդրադարձել է Հովհաննես Շիրազը «Ռուսթավցի Շոթան և Թամարը» (1957 թ.) պոեմում: Ռուսթավելու անունով կոչվել են Թբիլիսիի պետական ակադեմիական թատրոնը, թատերական և գրականության ինստիտուտները, պողոտա: Նրա անունով սահմանվել է Վրաստանի պետական գրական բարձրագույն մրցանակ: Ծննդյան 800-ամյակի առթիվ` 1966 թ-ին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ: Ռուսթավելու հուշարձանները կանգնեցված են Վրաստանի տարբեր վայրերում, նաև Ախալքալաքում (կիսանդրի): Երևանում Ռուսթավելու անունով կոչվել են դպրոց, փողոց, Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության գիտահետազոտական կաբինետը:
«Ով բարեկամ չի որոնում, նա ինքն է հենց իր թշնամին»: «Պիտի եղբայրը եղբոր համար չխնայի ո՜չ կյանք, ո՜չ շունչ, Սիրտը սրտին ընծա բերի և իր սերը դարձնի կամուրջ»: Շոթա Ռուսթավելի
«Վրացու անմիջական և սրտաբաց բնավորությունը .... ազատության և գեղեցկության սերը .... զարմանալիորեն երևան են եկել Շոթա Ռուսթավելու մեջ, և նա ամբողջ էությամբ վրացի բանաստեղծ է»: Հովհաննես Թումանյան, բանաստեղծ
|