Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պապ թագավոր
Մոտ 353 թ.
374 թ.
Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, 
չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: 
Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:
Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: 
Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: 
Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:
Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:
Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: 
V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:
Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

   «Այսպիսի անարգ նենգությամբ դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի (Պապ թագավորի) արյունը փրփրելով թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա` դեմ հանդիման աստուծո հյուրընկալության ժամանակ .... այնուհետև ճաշկերույթի մասնակիցները՝ չափից դուրս հագեցած, բոլորովին սարսափահար եղան և փախան»:
Ամիանոս Մարկելինոս,  
հռոմեացի պատմիչ