Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռեմբրանդ Հարմենս
1606/1607 թ., ք. Լեյդեն, Նիդեռլանդներ
1669 թ., Ամստերդամ, Նիդեռլանդներ

«Ինքնանկար» (1640 թ.)
Ռեմբրանդ. «Գիշերային պահակազոր» (1642 թ.), «Պետրոս առաքյալի ուրացումը» (1660 թ.) և 
«Գանիմեդեսի առևանգումը» (1635 թ.)
Ռեմբրանդ. «Անառակ 
որդու վերադարձը» (1668–69 թթ.)
Նկարիչ և փորագրիչ Ռեմբրանդը հոլանդական գեղանկարչության 
ոսկեդարի ամենախոշոր ներկայացուցիչն է: Նա իր ստեղծագործության մեջ վարպետորեն մարմնավորել է հուզականությամբ հագեցած 
մարդկային ապրումների ողջ լուսապատկերը:

Ռեմբրանդը սովորել է Լեյդենի լատինական դպրոցում, 13 տարեկանից աշակերտել է նկարիչ Յակոբ վան Սվանենբուրխին, 1623 թ-ից՝ Պիտեր Լաստմանին՝ Ամստերդամում: 1627 թ-ին վերադարձել է Լեյդեն և նկարիչ Յան Լիվենի հետ բացել արվեստանոց, հավաքել աշակերտներ: Երիտասարդ նկարչի առաջին ստեղծագործությունները («Համերգ», 1626 թ., «Դավիթը Սավուղի առջև», 1627 թ.) կրում են Լաստմանի ազդեցությունը և աչքի են ընկնում գույների խայտաբղետությամբ:
1631 թ-ին Ռեմբրանդը տեղափոխվել է Ամստերդամ. առաջին տարիներին առավելապես հակվել է ինքնանկարի ժանրին, ստեղծել է նաև կանանց ու տղամարդկանց գլուխների բազմաթիվ էտյուդներ: Սակայն Ռեմբրանդը ճանաչվել է «Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը» (1632 թ.) նկարով: Այդ շրջանում ստեղծված նրա դիմանկարներին բնորոշ են դիմագծերի և հագուստի մանրամասն պատկերումը («Քարոզիչ Անսլոն և իր կինը», 1641 թ.), իսկ ինքնանկարներին («Ինքնանկար Սասկիայի հետ», մոտ 1635 թ.)՝ թատերական էֆեկտները:
1630-ական թվականների ստեղծագործության մեջ Ռեմբրանդը հաճախ տուրք է տվել բարոկկո ոճին բնորոշ պաթոսին ու դինամիկային («Սամսոնի կուրացումը», 1636 թ.), սակայն ստեղծել է նաև դրամատիզմով լի ռեալիստական կերպարներ («Խաչից իջեցնելը», 1634 թ., «Դանայա», 1636 թ.): Այս շրջանի գործերից են նաև նկարչի առաջին բնանկարները («Բնանկար՝ քարե կամրջով», մոտ 1638 թ.) և բարձրարվեստ փորագրությունները («Անառակ որդու վերադարձը», 1636 թ., «Բերետով ինքնանկար», 1639 թ., և այլն): 
1640-ական թվականները բեկումնային էին Ռեմբրանդի համար. նա հասել է նյութական անկախության և փառքի, նկարել է ըստ իր նախասիրությունների: 
1642 թ-ին Ամստերդամում Ռեմբրանդը հրաձիգների միության պատվերով ստեղծել է սպաների խմբային դիմանկարը՝ «Գիշերային պահակազորը». խախտելով սովորական դիմանկարի կանոնները՝ նա պատկերել է հրաձիգների ելույթի պահը, որը հիշեցնում է հոլանդացիների ազատագրական պայքարը. այդ նկարի պատճառով խորացել է հասունացող բախումը Ռեմբրանդի և հոլանդական բուրժուազիայի միջև. նվազել են պատվերները: Այդ շրջանի գործերում այլևս չկա նկարչի արվեստին բնորոշ կենսուրախությունը. նա առավելապես ստեղծել է հանդարտ, ջերմությամբ համակված աստվածաշնչային կերպարներ («Սուրբ ընտանիք», 1645 թ., «Քրիստոսը և իր աշակերտները Էմմաուսում», 1648 թ., և այլն): Հետևելով իտալացի նկարիչ Կառավաջոյի ավանդույթներին՝ Ռեմբրանդը վարպետորեն է օգտագործել լույսի և ստվերի հակադրությունը՝ որպես հոգեբանական բախումների հզոր միջոց: 
1650-ական թվականներին նա ստեղծել է խոշոր ֆիգուրներով հորինվածքներ. «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու առջև» (1653 թ.), «Հակոբն օրհնում է Հովսեփի որդիներին» (1656 թ.) և այլ գործեր աչքի են ընկնում կառուցվածքի պարզությամբ ու մոնումենտալությամբ: 1650– 1660-ական թվականների առավել նշանակալի աշխատանքներից են «Նկարչի որդի Տիտուսը կարդալիս» (մոտ 1657 թ.), Նիկոլաս Բրեյնինգի (1655 թ.), Հերարդ դե Լետեսի (1665 թ.), նաև ծերունիների («Կարմիր հագած ծերունին», մոտ 1652–54 թթ.) դիմանկարները, որոնց բնորոշ է հոգևոր պայծառությունը:
1650-ական թվականների գրաֆիկան հիմնական գծերով հոգեհարազատ է գեղանկարչական գործերին («Ֆաուստ», մոտ 1652 թ., «Քրիստոսը Էմմաուսում», 1654 թ., երկուսն էլ՝ օֆորտ, և այլն): 
1657–58 թթ-ին Ռեմբրանդի` որպես անվճարունակի, ունեցվածքն աճուրդի է հանվել: Նա տեղափոխվել է Ամստերդամ և կյանքի մնացած մասն անցկացրել կարիքի մեջ:
Նկարիչն իր ստեղծագործության վերջին տասնամյակի աշխատանքներում համադրել է նախորդ բոլոր ստեղծագործական որոնումները՝ հասնելով կատարելության: 1661 թ-ին Ամստերդամի քաղաքապետարանի համար պատվիրել են պատմական թեմայով մեծ կտավ՝ «Հուլիոս Ցիվիլիոսի դավադրությունը». մոնումենտալությամբ ու հերոսականությամբ, դաժան ռեալիզմով աչքի ընկնող աշխատանքը պատվիրատուն չի ընդունել: 
Ռեմբրանդի ուշ շրջանի կտավները  կրոնական թեմաներով հորինվածքներ են («Ասուրը, Ամանը և Եսթերը», 1660 թ., «Անառակ որդու վերադարձը», մոտ 1668– 1669 թթ., և այլն):
1911 թ-ից Ամստերդամում  գործում է Ռեմբրանդի տուն-թանգարանը: 
Ռեմբրանդի գործերից պահվում են Բեռլինի, Հաագայի, Դրեզդենի պատկերասրահներում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, ամենահարուստ հավաքածուն է), Լուվրում (Փարիզ), Ալեքսանդր Պուշկինի անվան արվեստի (Մոսկվա) և այլ թանգարաններում:

   «Նկարչին խոշոր է դարձնում ոչ թե այն, ինչ նա պատկերում է, այլ այն, թե որքան ճշմարտացի է վերարտադրում բնությունն իր արվեստում»:
Ռեմբրանդ