Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սազանդարյան Տաթևիկ
1916 թ., գ. Խնձորեսկ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)
1999 թ., Երևան
Տ. Սազանդարյանը 
Ալմաստի (Ալեքսանդր Սպենդիարյանի 
«Ալմաստ») և Թամարի (Արմեն Տիգրանյանի 
«Դավիթ Բեկ», օպերաներ) դերերում
Երգչուհի (մեցցո-սոպրանո), ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 
Տաթևիկ Սազանդարյանը հայկական օպերային արվեստի ականավոր 
ներկայացուցիչներից է: Նա մեծ ավանդ ունի վոկալ կատարողական 
արվեստի զարգացման մեջ:

Տաթևիկ Սազանդարյանի մանկությունն անցել է Բաքվում. 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար, որի ղեկավար Անտոն Մայիլյանը երգչուհուն փայլուն ապագա է կանխորոշել: 1929 թ-ին նա տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում, 1933 թ-ից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով: Սազանդարյանը սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական (դասատու՝ Սարգիս Բարխուդարյան) և դրամատիկական (ղեկավար՝ Ռուբեն Սիմոնով) ստուդիաներում: 
Սազանդարյանը մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը: 1937 թ-ին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան: Նույն թվականից Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի էր: 1960 թ-ին էքստեռն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1961 թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թ-ից՝ պրոֆեսոր, 1977–99 թթ-ին՝ ամբիոնի վարիչ), 1972–77 թթ-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 
1939 թ-ին Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակին երգչուհին հանդես է եկել Ալմաստի (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման: Նրա ելույթն աչքի է ընկել երգեցողության և դրամատիկական խաղի օրգանական միասնությամբ: Ալմաստի դերակատարումը դարձել է ժամանակի երաժշտական կյանքի բացառիկ երևույթներից:
Նշանակալի է Սազանդարյանի դերը ազգային օպերային և կատարողական արվեստի զարգացման մեջ: Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»),  Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են: Հատուկ Սազանդարյանի համար են գրվել Թամարի, Շուշանի (Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ»), Նազելիի (Հարո Ստեփանյանի «Հերոսուհին»), Բերբերոյի (Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում») դերերգերը:
Սազանդարյանի լավագույն կատարումներից են նաև Կարմենի (Ժորժ Բիզեի «Կարմեն»), Ամներիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»), Իոկաստեի (Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա»), Լյուբաշայի (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Օլգայի (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին») և
Տ. Սազանդարյանը Լյուբաշայի դերում (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի 
հարսնացուն»)
այլ դերերգեր: Հնչեղ և արտահայտիչ ձայնը, բեմական հրաշալի կեցվածքը նրա մարմնավորած կերպարներին հաղորդել են դրամատիկ հնչողություն: 
Սազանդարյանը հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի. կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից (շուրջ 450): Արամ Սաթյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ստեփան Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողն է: Կոմիտասի երգերի («Ալագյազ», «Ծիրանի ծառ» և այլն) նրա կատարումներն աչքի են ընկել պարզությամբ, իսկ Ռոմանոս Մելիքյանի ռոմանսները՝ քնարականությամբ:
Սազանդարյանը կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից:
Երգչուհին հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում:
Սազանդարյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1951 թ.), պարգևատրվել ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1997 թ.):

   «Ի երջանկություն ինչպես հայ կոմպոզիտորների, այնպես էլ նրա մեծ տաղանդի երկրպագուների, Տաթևիկ Սազանդարյանը չսահմանափակվեց օպերային բեմով. նա հայ կոմպոզիտորների երգերի ու ռոմանսների առաջին և անկրկնելի կատարողն էր»:
Ալեքսանդր Հարությունյան, 
կոմպոզիտոր
   «Տաթևիկ Սազանդարյանը հայ օպերային բեմի զարդերից է: Ձայնային և դրամատիկական հիանալի տվյալները, բեմական գերազանց կուլտուրան ու ճաշակը, բարձր պրոֆեսիոնալիզմն իրավունք են տալիս նրան կոչել Վարպետ՝ բառի իսկական իմաստով:
Տաթևիկ Սազանդարյանի փայլուն արվեստը վաղուց արդեն դարձել է մեր մշակույթի տարեգրության գեղեցիկ էջերից մեկը»:
Մարտիրոս Սարյան, 
նկարիչ