Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բ. Սալթանով.   
«Ֆեոդոր Ալեքսեևիչ ցարը Անձեռակերտ Փրկչի 
պատկերի առջև» 
(1670–80-ական թթ.)

Սալթանով Բոգդան
Մոտ 1630 թ., 
ք. Նոր Ջուղա
1703 թ., Մոսկվա
Բ. Սալթանով. 
«Սիբիլլա» (1672–73 թթ.) 
(սրբապատկեր, 1649 թ.)
Բոգդան Սալթանովը Ռուսաստանում առաջին հաղթակամարի 
ստեղծողն ու ձևավորողն է, «կերպասե գեղանկարչության» 
հիմնադիրը ռուսական արվեստում:

Բոգդան Սալթանովին (Աստվածատուր Սալթանյան, իսկական անունը՝ Թանրի Վերա, պարսկերեն է. նշանակում է Աստվածատուր, ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը Սալթան է, որից և ազգանունը՝ Սալթանով. ընդունելով ուղղափառ դավանանք՝ անվանակոչվել է Իվան Իևլիևիչ Սալթանով) 1666 թ-ին Ռուսաստանի Ալեքսեյ Միխայլովիչ ցարը խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ Նոր Ջուղայից հրավիրել է Մոսկվա, 1674 թ-ին շնորհել է ազնվականի կոչում, իսկ 1685 թ-ին նշանակել Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար: 
XVII դարի վերջին նա կարևոր դեր է խաղացել Մոսկվայի գեղարվեստական կյանքում: Սալթանովը ձեռք է բերել շնորհալի ասեղնագործի համբավ: Ստեղծել է նաև թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, սրբապատկերներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերականգնել է մի շարք պալատների ու եկեղեցիների ներքին հարդարանքը: Նրա էսքիզներով պատրաստել են կիրառական արվեստի բազմաթիվ իրեր՝ ափսեներ, անոթներ, սեղաններ, սնդուկներ, մահճակալներ, խաղալիքներ և այլն: Նա ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ռուսական իրականության մեջ առաջին հաղթակամարի կառուցումն ու ձևավորումը, որը նվիրված էր Պետրոս I-ի՝ 1696 թ-ին Ազովի գրավմանը: 
Պահպանվել են Սալթանովի «Կենսահաստատ խաչը» (1677 թ.), «Տիրամայրը», «Հովհաննես ավետարանիչը», «Տիրամայրը երկու հրեշտակների հետ», «Խաչից իջեցնելը», «Հարություն», «Համբարձում», «Ահեղ դատաստան» (բոլորը՝ 1679 թ.), «Ալեքսեյ Միխայլովիչ ցարի դիմանկարը» (1682 թ.), «Ֆեոդոր Ալեքսեևիչ ցարի դիմանկարը» (1685 թ.) գործերը: Ռուսական արվեստում նրա հիմնադրած «կերպասե գեղանկարչության» մեջ թեմատիկ ֆիգուրների զգեստներն ասեղնագործված կերպասից են: Նկարիչը ձևավորել է «Սիբիլլաների գիրքը»
Բ. Սալթանով.  «Կիյի խաչը` ընդառաջ ելածների հետ»  (սրբապատկեր, 1649 թ.)
(1672– 1673 թթ.), «Վասիլիոլոգիոն» (1674 թ.) ձեռագրերը, կերտել «Խաչելություն» (1679 թ.) գունազարդ փայտե քանդակը: Նրա պատրաստած կիրառական իրերից պահպանվել են 4 դրոշ և Ալեքսեյ Միխայլովիչ ցարի ճանապարհորդական վրանի վերնամասը: 
Սալթանովն իր գործերում արտահայտել է ռուսական ազնվականության գեղագիտական ճաշակը. XVII–XVIII դարերի ռուսական գեղանկարչության տարբեր միտումներ զուգորդել է եվրոպական գեղանկարչության ձեռքբերումներին և Նոր Ջուղայի գեղարվեստական դպրոցի ավանդույթներին: Նա «Խաչից իջեցնելը» նկարում պատկերել է Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի որմնանկարի քերովբեներին (հրեշտակ): 
Ռուսական կերպարվեստում ունեցած նշանակալի ներդրման համար Ֆեոդոր Ալեքսեևիչ ցարը Սալթանովին նվիրել է արծաթե գուշ (1682 թ.): Նրա ստեղծագործությունն արժանի տեղ ունի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստում: Սալթանովի մասին է Հովհաննես Ղուկասյանի «Բոգդան Սալթանով» վեպը (2 հատոր, 1980–85 թթ.): Պահպանվել է նկարչի հայերեն ինքնագիրը:
Սալթանովի գործերից պահվում են Մոսկվայի պատմության պետական թանգարանում, Մոսկվայի Հին ակտերի պետական կենտրոնական արխիվում, Ռուսաստանի պետական գրադարանում (Մոսկվա), Կրեմլի Զինապալատում և Խաչելություն եկեղեցում: