Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Սիբելիուս Յան
1865 թ., 
ք. Հյամենլիննա, 
Ֆինլանդիայի 
մեծ իշխանություն
1957 թ., ք. Յարվենպիայա, Ֆինլանդիա
Սիբելիուսի հուշարձանը Հելսինկիում 
(1967 թ., քանդակագործ՝ 
Էյլա Հիլտունեն)
Կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր Յան Սիբելիուսը ուշ ռոմանտիզմի ամենանշանավոր ներկայացուցիչներից է և երաժշտաձևերի նորարար ֆիննական երաժշտության մեջ: Նրան համարել են ազգային 
երաժշտության հույսը, Ֆինլանդիայի վեհության խորհրդանիշը:

Յան (իսկական անունը՝ Յուհան) Սիբելիուսը սովորել է ծննդավայրի ֆիննալեզու միջնակարգ դպրոցում (չնայած տանը խոսում էին շվեդերեն, հետևում շվեդական մշակույթի ավանդույթներին), 1876–85 թթ-ին՝ լիցեյում: 1885 թ-ին ընդունվել է Հելսինկիի թագավորական ինստիտուտի իրավաբանության բաժինը, սակայն շատ չանցած՝ տեղափոխվել է երաժշտական ինստիտուտ, աշակերտել Մարտին Վեգելիուսին: 1889 թ-ին պետական կրթաթոշակով սովորել է Բեռլինում (ստեղծագործություն և տեսություն, դասատու՝ Ալբերտ Բեքեր), իսկ մեկ տարի անց Վիեննայում դասեր է առել Կարլ Գոլդմարկից և Ռոբերտ Ֆուքսից: 1890 թ-ին Ֆինլանդիայում մեծ հաջողությամբ կատարվել է նրա առաջին նշանավոր ստեղծագործությունը՝ «Կուլլերվո» սիմֆոնիկ պոեմը (ըստ ֆիննական «Կալևալա» էպոսի), այնուհետև` «Կարելիա», «Գարնանային երգ», «Լյեմինկյայնեն» սյուիտները, «Հեքիաթ» սիմֆոնիկ պոեմը և այլ գործեր: 
Սիբելիուսի վաղ շրջանի ստեղծագործության վրա ազդել են դիրիժոր Ռոբերտ Կայանուսը (գործիքավորման արվեստ) և երաժշտական քննադատ Կառլ Ֆլոդինը (սիմֆոնիկ երաժշտություն): Սիբելիուսը ստեղծել է 7 սիմֆոնիա, որոնցով արժանացել է միջազգային ճանաչման: Հանրահայտ են նաև նրա Ջութակի կոնցերտը և սիմֆոնիկ պոեմները («Հյուսիսի դուստրը», «Տուոնելայի կարապը», «Տապիոլյա» և այլն): 
Իմպրեսիոնիստական երանգավորում ունեն նրա ծրագրային երկերը («Սագա», «Գարուն», «Գիշերային ձիարշավ և արևածագ», 4-րդ սիմֆոնիա և այլն):
Սիբելիուսը գրել է երաժշտություն թատրոնի համար՝ շուրջ 16 գործ [Արվիդ Յարնեֆելտի «Մահը» («Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և «Տխուր վալսը»), Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» և այլ պիեսների համար], բազմաթիվ պիեսներ՝ դաշնամուրի, ջութակի, սյուիտներ՝ նվագախմբի համար, քնարական ռոմանսներ («Եղեգը», «Սև վարդեր» և այլն):  
1903–21 թթ-ին Սիբելիուսը շրջագայել է արտասահմանում (5 անգամ եղել է Անգլիայում. որպես դիրիժոր ղեկավարել է իր ստեղծագործությունները, 1914 թ-ին՝ ԱՄՆ-ում. Քոննեքթիքութի երաժշտական փառատոնում առաջին անգամ ներկայացրել է իր «Օվկիանոսուհիներ» սիմֆոնիկ պոեմը): 
1930-ական թվականներից նրա երաժշտությունը ճանաչվել է հատկապես անգլո-սաքսոնական երկրներում:
Սիբելիուսն իր ստեղծագործության մեջ մարմնավորել է ֆիննական ժողովրդական երաժշտության ինքնատիպ հյուսիսային կոլորիտը և հնչերանգի ու ռիթմի առանձնահատկությունները: Նրա վաղ և միջին շրջանի գործերը հարուստ են տրամադրությունների բազմազանությամբ, ռիթմին հատուկ է բեկվածությունը, իսկ ուշ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում ձևի և արտահայտչամիջոցների դասական պարզությամբ: Սիբելիուսն այն եզակի արվեստագետներից է, որին մեծարել են դեռևս կենդանության օրոք. նրա անունով են կոչել բազմաթիվ փողոցներ, զբոսայգիներ, Ֆինլանդիայի երաժշտական ակադեմիան: 
1950 թ-ից Հելսինկիում անցկացվում է «Սիբելիուսի շաբաթ» ամենամյա երաժշտական փառատոնը:

   «Երաժշտությունն ինձ համար Աստծու ստեղծած գեղեցիկ խճանկար է: Նա հավաքում է նկարի բոլոր հատվածներն ու տարածում աշխարհով մեկ: Իսկ մենք այդ հատվածներից պետք է նոր նկար ստեղծենք»:
   Յան Սիբելիուս
   «Սիբելիուսը ջուրեն, խոտեն, ծառեն մյուզիք կշիներ»:
   Վիլյամ Սարոյան, 
   գրող