Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սկաուտի նշանաբանն է՝ «Մի՜շտ պատրաստ», 
հայ սկաուտինը՝ 
«Բարձրացի՜ր, 
բարձրացրո՜ւ»:

Ապրիլի 18-ը Հայ սկաուտի օրն է:
Դրվագներ ՀՀ-ում ՀԱՍԿ-ի 2010 թ-ի բանակումից (Երևան, Բյուրական) և ԱՄՆ Արևելյան շրջանի սկաուտների 23-րդ տարեկան ժողովի մասնակիցները (Մերիլենդ)
Սկաուտությունն արտադպրոցական կրթադաստիարակչական համակարգ է, որի նպատակը պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր և ազատասեր սերունդ պատրաստելն է:

Սկաուտական շարժումը XX դարի սկզբին հիմնադրել է գնդապետ Ռոբերտ Բեյդըն-Փաուելը (1857–1941 թթ.) Մեծ Բրիտանիայում՝ երեխաներին փողոցից կտրելու նպատակով: 1907 թ-ին ստեղծվել են տղաների (բոյսկաուտ), 1909–10 թթ-ին՝ աղջիկների (գըրլսկաուտ) առաջին կազմակերպությունները: Սկաուտական շարժումն արագորեն տարածվել է ողջ աշխարհում: Դրան նպաստել է նաև 1908 թ-ին Բեյդըն-Փաուելի լույս ընծայած «Սկաուտ» գիրքը, որը մեծ հաջողություն է ունեցել և թարգմանվել է 35 լեզվով: 1921 թ-ին սկաուտական կազմակերպություններ կային շուրջ 63 երկրում (Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Շվեդիա, Ռուսաստան, Հնդկաստան և այլն):
Ներկայումս (2010 թ.) Համաշխարհային սկաուտական շարժումը (ՀՍՇ) միավորում է 160 երկրի սկաուտական կազմակերպություններ՝ շուրջ 29 միլիոն սկաուտներով: Գրասենյակը Ժնևում է:
Հայկական առաջին սկաուտական խմբերն ստեղծվել են 1908 թ-ին, Հնդկաստանի Մադրաս և Բոմբեյ քաղաքներում, 1910 թ-ին՝ Վանի ամերիկյան որբանոցում և Կոստանդնուպոլսում: 
Մեծ եղեռնի տարիներին հայ սկաուտական կազմակերպությունների ղեկավարներից շատերը զոհվել են: 1917–18 թթ-ին շարժումը վերականգնվել է Կոստանդնուպոլսում. ստեղծվել է Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ, գոյատևել է մինչև 1922 թ.): Այնուհետև շարժումը տարածվել է Սփյուռքում՝ ստանալով կուսակցական հովանավորություն (ՀՄԸՄ-ին` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայ մարմնակրթական միությանը՝ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, Հայ երիտասարդաց ընկերակցությանը՝ Ռամկավար ազատական կուսակցությունը): Այս 3 սկաուտական կազմակերպությունները մեծապես նպաստել են հայապահպանմանը Սփյուռքում և հայրենադարձությանը:
Հայաստանի առաջին հանրապետության օրոք` 1919 թ-ին, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի նախաձեռնությամբ Կոստանդնուպոլսից Հայաստան են հրավիրվել սկաուտական շարժման նվիրյալներ Վահան Չերազը, Տիգրան Խոյյանը, Օնիկ Յազմաճյանը և ուրիշներ. հիմնադրվել է ՀՄԸՄ-ի սկաուտական միությունը:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Վահան Չերազը մի քանի համախոհների հետ գործունեությունը շարունակել է ամերիկյան որբանոցում: Բոլշևիկյան կուսակցության հրամանով, սակայն, ազգային սկաուտական շարժումն արգելվել է: Պահպանվել է միայն սփյուռքահայ գաղթավայրերում և մշտապես համագործակցել է ՀՍՇ-ի հետ:
Սկաուտական խմբերը Հայաստանում վերսկսել են գործել 1989 թ-ից: Հանրապետության ՀՄԸՄ-ի կառույցը 1995 թ-ին պաշտոնապես գրանցվել է որպես Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն (ՀԱՍԿ), որը 1997 թ-ից անդամակցում է ՀՍՇ-ին: ՀԱՍԿ-ը մասնաճյուղեր, ստորաբաժանումներ և խմբեր ունի ՀՀ գրեթե բոլոր մարզերում:
Սկաուտական շարժման անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք՝ անկախ կրոնական և ռասայական պատկանելությունից: Անդամակցելով սկաուտական շարժմանը՝ երեխաները ձեռք են բերում ինքնուրույնություն, պատասխանատվության զգացում, դժվարությունները միասին հաղթահարելու ունակություն, կոփվում են ֆիզիկապես և հոգեպես, ավագ սկաուտներն իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում են կրտսերներին: Հաճախակի կազմակերպվող արշավների ու բանակումների ժամանակ սկաուտները ճանաչում են իրենց երկիրը, հայրենի բնությունը, հարստացնում պատմաաշխարհագրական և բնագիտական գիտելիքները, լսում կամ էլ իրենք են կարդում դասախոսություններ տարբեր թեմաների շուրջ, անցկացնում են մարզական և ինտելեկտուալ մրցույթներ:
Սկաուտական շարժման գործունեության հիմնական օղակը 7–8-հոգանոց խմբակներն են, որոնք ղեկավարում են առաջնորդներն ու փոխառաջնորդները: 4–5 խմբակ միավորվում են 1 խմբի մեջ, որը ղեկավարում են խմբապետը և փոխխմբապետը: 
Սկաուտներն ունեն իրենց համազգեստը, որը կրում են արարողությունների, երթերի և այլ հանդիսությունների ժամանակ: Համազգեստի տարբերանշանները ցույց են տալիս սկաուտի կարգը, աստիճանը, խումբը, մասնակցած բանակումների թիվը:
Սկաուտական յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր դրոշը, քայլերգը, խորհրդանշանը, նշանաբանը:

Հայ սկաուտի դավանանքը
Սկաուտի խոսքը նվիրական է:
Սկաուտը հնազանդ է:
Սկաուտը հավատարիմ է և ուղղամիտ:
Սկաուտը միշտ օգնում է ուրիշներին:
Սկաուտը բարեկամ է բոլորին և եղբայր (քույր)՝ բոլոր սկաուտներին:
Սկաուտը բոլորի հետ և ամեն տեղ խոսում է գրական հայերենով:
Սկաուտը սիրում ու պաշտպանում է կենդանական և բուսական աշխարհները:
Սկաուտը բարեկիրթ է:
Սկաուտը միշտ զվարթ է ու խանդավառ:
Սկաուտն աշխատասեր է ու կորովի:
Սկաուտը տնտեսող է:
Սկաուտը մաքուր է իր մտքով, խոսքով ու գործով:

   «Եղեք հավատարիմ սկաուտի ձեր կոչմանը նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս եք եկել պատանեկան տարիքից, իսկ Աստված կօգնի ձեզ ամեն ինչում:    Դեպի երջանկություն տանող իրական ճանապարհը ուրիշներին երջանկություն պարգևելն է»:
Ռոբերտ Բեյդըն-Փաուել
Հայ սկաուտի խոստումը
Պատվովս խոստանում եմ՝
– լինել հավատարիմ Աստծուս և ծառայել հայրենիքիս ու ազգիս, 
– միշտ օգնել ուրիշին և գործել իբրև պարտականության գիտակից, արի և վեհանձն մարդ,
– հնազանդվել հայ սկաուտի դավանանքին: