Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սոլժենիցին Ալեքսանդր
1918 թ., ք. Կիսլովոդսկ, Ռուսաստան
2008 թ., Մոսկվա
Ա. Սոլժենիցինի «Բեկվածքների վրա» գրքի (1996 թ.) կազմը
Ա. Սոլժենիցինը ԱՄՆ-ի նախագահ 
Ջիմի Քարտերի (ձախից) հետ (1975  թ.)
Ռուս գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ 
Ալեքսանդր Սոլժենիցինի ստեղծագործությանը բնորոշ են 
քաղաքացիական խիզախությունն ու այլախոհությունը 
և պայքարը համայնատիրական համակարգի դեմ:

Ալեքսանդր Սոլժենիցինը 1924 թ-ին մոր հետ (հայրը զոհվել էր նրա ծննդից առաջ) Կիսլովոդսկից տեղափոխվել է Դոնի Ռոստով: 1941 թ-ին ավարտել է տեղի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը: Ուսմանը զուգընթաց՝ 1939 թ-ին ընդունվել է նաև Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի հեռակա բաժինը, որը կիսատ է թողել Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) պատճառով: 1939 թ-ին Վոլգա գետով ընկերների հետ ճամփորդել է բայդարկայով, որը պատկերել է «Ճամփա» (1948–52 թթ.) պոեմում: Մասնակցել է պատերազմին և շարունակել է ստեղծագործելը: 
Քննադատել է ԽՍՀՄ առաջնորդ (1922–53 թթ.) Իոսիֆ Ստալինին՝ լենինիզմը խեղաթյուրելու համար, և ստալինյան «կարգ ու կանոնը» համեմատել է ճորտատիրական իրավունքի հետ, որի համար 1945 թ-ին ձերբակալվել է և բանտարկվել: Մինչև 1953 թ. եղել է ստալինյան ճամբարներում: Բանտարկության տարիներին հիասթափվել է մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունից և դարձել է հավատացյալ: Այդ տարիներին գրել է բանաստեղծություններ, պոեմներ («Պրուսական գիշերներ»), պիեսներ («Գերիներ», «Հաղթողների խնջույքը»):
1953 թ-ին ազատվել է բանտարկությունից և աքսորվել Ղազախստան: Այստեղ հիվանդացել է քաղցկեղով, տեղափոխվել Տաշքենդ, վիրահատվել: Այդ շրջանի ապրումները նա ներկայացրել է «Քաղցկեղի մասնաշենք» (1955 թ.) հանրահայտ վեպում: 1956 թ-ին արդարացվել է և 1957 թ-ին տեղափոխվել Ռյազան, որտեղ աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
«մ-854» (1959 թ.) պատմվածքը ԽՍՀՄ առաջնորդ (1953–64 թթ.) Նիկիտա Խրուշչովի հատուկ թույլտվությամբ 1962-ին տպագրվել է «Նովի միր» (խմբագիր՝ Ալեքսանդր Տվարդովսկի) հանրահայտ ամսագրում՝ «Իվան Դենիսովիչի մեկ օրը» վերնագրով (համանուն կինոնկար՝ 1970 թ.), որտեղ պատկերված է բանտարկյալների ողբերգական վիճակը համակենտրոնացման ճամբարում: «Մատրյոնայի բակը» (1963 թ.) վեպում անդրադարձել է անհատի պաշտամունքի տարիներին բռնադատված ռուսական գյուղի պատմությանը, «Առաջին շրջագծում» (1963 թ.) վեպում՝ հետպատերազմյան տարիների մոսկովյան մտավորականության կյանքին:
Սոլժենիցինը 1964 թ-ին հրատարակել է արձակ բանաստեղծությունների «Փշրանքներ» ժողովածուն, 1965 թ-ին՝ «Ա՛խ, ափսոս», «Զախար Կալիտա» պատմվածքները, ԱՄՆ-ում՝ «Հատընտիրը»: 1965 թ-ին Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները բռնագրավել են գրողի արխիվը և արգելել նրա գործերի տպագրությունը: Այդուհետ նրա գործերը գաղտնի ճանապարհով դուրս են բերվել երկրից և հրատարակվել արտասահմանում: 1966 թ-ին Սոլժենիցինը ծավալել է ակտիվ հասարակական գործունեություն. հայտնի են նրա ելույթները, հարցազրույցները արտերկրի մամուլում: 1968 թ-ին ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում լույս են տեսել «Առաջին շրջագծում» (կինոնկար՝ 2006 թ.), «Քաղցկեղի մասնաշենք», 1971 թ-ին՝ «14 թ-ի օգոստոսը» վեպերը, որոնցով գրողն արժանացել է համաշխարհային ճանաչման: 
1969 թ-ին Սոլժենիցինին հեռացրել են ԽՍՀՄ գրողների միությունից: 1970 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:
1973 թ-ին Սոլժենիցինը լույս է ընծայել «Արշիպելագ Գուլագ» (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1990 թ.) վեպը, որտեղ բացահայտել է 1918–56 թթ-ի խորհրդային բանտային-ճամբարային համակարգի դաժան իրականությունը: «Նամակ Խորհրդային Միության առաջնորդներին» (1974 թ.) ուղերձում կոչ է արել հրաժարվել համայնատիրական գաղափարախոսությունից, լուծարել ԽՍՀՄ-ը և Ռուսաստանի,   Ուկրաինայի և Բելառուսի տարածքներում ստեղծել միացյալ սլավոնական պետություն: 1974 թ-ին Սոլժենիցինին ձերբակալել են, մեղադրել դավաճանության համար, զրկել խորհրդային քաղաքացիությունից և արտաքսել: Նա ժամանակավորապես հանգրվանել է Ցյուրիխում: 
1974–75 թթ-ին նյութեր է հավաքել Վլադիմիր Լենինի տարագրության տարիների վերաբերյալ, որոնց հիման վրա գրել է «Կարմիր անիվ» (1976 թ.) վեպը: 1975 թ-ին ընտանիքի հետ շրջագայել է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում, 1976 թ-ին եղել է Անգլիայում, Ֆրանսիայում: 1976 թ-ին ընտանիքով հաստատվել է Կանադայում:
ԽՍՀՄ վերակառուցման տարիներին (1985–90 թթ.) փոխվել է իշխանությունների վերաբերմունքը Սոլժենիցինի նկատմամբ. հրատարակվել են նրա մի շարք ստեղծագործություններ: 1990 թ-ին վերականգնվել է նրա քաղաքացիությունը, 1994 թ-ին վերադարձել է հայրենիք:
Սոլժենիցինն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1997 թ.), պարգևատրվել է Միխայիլ Լոմոնոսովի անվան Մեծ ոսկե մեդալով (1998 թ.), արժանացել ՌԴ Պետական մրցանակի (2006 թ.):
2007 թ-ին Սոլժենիցինն իր անունով սահմանել է գրական մրցանակ: 
Ստեղծվել է Ալեքսանդր Սոլժենիցինի հիմնադրամ, 2009 թ-ին՝ կրթաթոշակ:

   «Սոլժենիցինը Ռուսաստանի հզոր անհատներից է և՜ գրականության մեջ, և՜ հասարակական կյանքում»:
Վալենտին Ռասպուտին, 
ռուս գրող

   «Սոլժենիցինը մեծ գրող է... Նրա «Արշիպելագ Գուլագ» վեպը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում»:
Գլեբ Յակունին, 
ռուս իրավապաշտպան