Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սպենդիարյան 
Ալեքսանդր
1871 թ., ք. Կախովկա, Խերսոնի մարզ, 
Ուկրաինա 
1928 թ., Երևան 
(թաղված է օպերայի և բալետի թատրոնի 
մերձակա պուրակում)
«Ալմաստ» օպերայի բեմադրության  ձևավորման էսքիզ (1932 թ., նկարիչ` Մարտիրոս Սարյան)
Ա. Սպենդիարյանի հուշարձանը Երևանում (1957 թ., քանդակագործներ՝ 
Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան)
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցասյունը
Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, 
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը 
հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է:

Ալեքսանդր Սպենդիարյանը երաժշտական ունակությունները ժառանգել է դաշնակահար մորից. 7 տարեկանից ստեղծագործել է, 9 տարեկանից նվագել է դաշնամուր, իսկ ավելի ուշ՝ ջութակ: 1890 թ-ին ավարտել է Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ, միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:
1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը և ուրիշներ: 
Որպես կոմպոզիտոր՝ Սպենդիարյանը ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ: 1894 թ-ին գրել է «Այ վարդ» (ըստ Ալեքսանդր Ծատուրյանի) ռոմանսը, 1902 թ-ին՝ «Ձկնորսն ու փերին» բալլադը՝ ձայնի (բաս) և նվագախմբի համար, 1911 թ-ին՝ «Էդելվեյս» մելոդեկլամացիան (համերգային-էստրադային ժանր, գրական երկի ընթերցումը՝ նվագակցությամբ)՝ Մ. Գորկու տեքստերով: Կոմպոզիտորը մտերիմ է եղել Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Սուրենյանցի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Թամանյանի հետ:
1905 թ-ին բաց նամակով բողոքել է  Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից Ն. Ռիմսկի-Կորսակովին հեռացնելու համար:
Ժողովրդական ստեղծագործության հիմքի վրա Սպենդիարյանն ստեղծել է ծրագրային երաժշտություն: Նրա գործերն աչքի են ընկնում մեղեդայնությամբ, հարմոնիկ ու նվագախմբային արտահայտչամիջոցների ցայտունությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Նրա «Այնտեղ, այնտեղ, դեպի վեր այն դաշտը» հերոսական երգը՝ ձայնի (տենոր) և նվագախմբի համար (Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) տոգորված են ազատության համար պայքարի կոչով: «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (ըստ Միխայիլ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի (Յակով Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի (ըստ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի Սոնյայի մենախոսության) համար Սպենդիարյանն արժանացել է Գլինկայի անվան մրցանակների (1908, 1910 և 1912 թթ.): Ռուս բալետմայստեր Միխայիլ Ֆոկինը «Երեք արմավենու» երաժշտությամբ ստեղծել է բալետ, որի առաջին ներկայացումը տեղի է ունեցել Բեռլինում (1911 թ.):
1917 թ-ից Սպենդիարյանը Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական և հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր...», «Կարմիր դրոշ» և այլն): Մոսկվայում, Պետրոգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և այլ քաղաքներում հանդես է եկել հեղինակային համերգներով: 1924 թ-ին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով կոմպոզիտորը տեղափոխվել է Երևան, մասնակցել կոնսերվատորիայում օպերային դասարանի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Հայաստանի շրջաններում լսել և ձայնագրել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ, մշակել է նաև Սայաթ-Նովայի «Ղարիբ բլբուլ» երգը: Սպենդիարյանը գրել է խորհրդահայ առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ): «Ալմաստը» հայկական օպերային արվեստի բացառիկ նմուշներից է. աչքի է ընկնում ազգային ինքնատիպությամբ, ծավալուն զանգվածային տեսարաններով՝ խմբերգեր, պարեր, դրամատիկական դրվագներ: Օպերայի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1930 թ-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում, ապա՝ Օդեսայում և Թիֆլիսում: Երևանի օպերայի և բալետի թատրոնը 1933 թ-ին բացվել է «Ալմաստ» օպերայի ներկայացումով:
Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայկական կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ), «Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներից են:
Երևանում գործում է Սպենդիարյանի տուն-թանգարանը, նրա անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց, որի առջև կանգնեցված է նրա կիսանդրին: 
Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն՝ 11 հատորով:

   «Ալեքսանդր Սպենդիարյանը մեծատաղանդ, ինքնատիպ, անթերի ու բազմակողմանի տեխնիկա ունեցող կոմպոզիտոր է: Նրա երաժշտության մեջ զգացվում է ներշնչման թարմություն, կոլորիտի բուրմունք, մտքի անվերջություն և նրբագեղություն, մշակման կատարելություն»:
Ալեքսանդր Գլազունով, 
կոմպոզիտոր
   «Այն, ինչ նա (Սպենդիարյանը) թողեց մեզ՝ անմահ է, անկորնչելի, և իր հեռազդեցությամբ ապագա սերունդների վրա՝ անգնահատելի: Նրա ներշնչող մեծ անունը երբե՜ք չի մոռանալու հայ ժողովուրդը, որին միշտ պիտի հուզե, ոգևորե նրա նվիրական անկրկնելի քնարը»:
Ավետիք Իսահակյան, 
գրող