Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սուրենյանց Վարդգես
1860 թ., ք. Ախալցխա
1921 թ., ք. Յալթա, Ղրիմ (այժմ՝ Ուկրաինայում, թաղված է հայկական եկեղեցու բակում)
«Վիշտ» (1913 թ.)
Վ. Սուրենյանց. «Տիրամայրը մանկան հետ» (1906 թ.) 
Ակադեմիական նատյուրմորտ 
(1880-ական թթ.) 
Նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը 
պատմական ժանրի հիմնադիրն է հայ գեղանկարչության մեջ, 
զգալիորեն նպաստել է գրաֆիկայի և գրքարվեստի զարգացմանը:

Վարդգես Սուրենյանցը նկարել է մանկուց: 1868 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Սիմֆերոպոլ: 1870–75 թթ-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1875–78 թթ-ին՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1879 թ-ին՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության, 1880–85 թթ-ին՝ գեղանկարչության բաժիններում: 1881 թ-ին ճամփորդել է Իտալիայում. Սբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ գրչարվեստը և մանրանկարչությունը:
1885–87 թթ-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ժուկովսկու արշավախմբի հետ շրջագայել է Պարսկաստանի Թավրիզ, Թեհրան, Շիրազ և Մազանդարան քաղաքներում, մի քանի ամիս եղել է Սպահանում, ստեղծել է մի շարք կտավներ արևելյան թեմաներով: 1890–91 թթ-ին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է գեղանկարչություն և արվեստի պատմություն: Էջմիածնում ընդօրինակել է Մայր տաճարի որմնանկարներ ու մանրանկարներ: 
1892 թ-ից մասնակցել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի ու Բաքվի հասարակական և մշակութային կյանքին, նաև նկարիչների մոսկովյան, Լեոնարդո դա Վինչիի, Կուինջիի անվան ընկերությունների ցուցահանդեսներին, մտերիմ էր ռուս նշանավոր արվեստագետների (նկարիչներ Իլյա Ռեպին, Ալեքսանդր Գոլովին, քանդակագործ Ալեքսանդր Մատվեև և ուրիշներ) հետ: 1894 թ-ին «Լքյալը» նկարով մասնակցել է Պերեդվիժնիկների ընկերության ցուցահանդեսին: Այդ շրջանում եղել է Անիում, Սևանում և այլուր, ծանոթացել պատմական հուշարձաններին, Էջմիածնի մատենադարանում՝ հայկական նկարազարդ ձեռագրերին: 
1897–98 թթ-ին ճամփորդել է Ֆրանսիայում և Իսպանիայում, ստեղծել գեղարվեստական հրաշալի էտյուդներ [«Մզկիթի բակը Ալհամբրայում» («Ալհամբրա»), «Փարիզի Սեն-Ժերմեն եկեղեցին» և այլն]:
Սուրենյանցը 1890-ական թվականներին ստեղծել է Հայաստանի պատմությունն ու ներկան, XIX դարի հայ ազգային գեղարվեստական-գաղափարական մտածելակերպն արտացոլող կտավներ: «Շամիրամը Արա Գեղեցիկի
Վ. Սուրենյանց. «Սալոմե» (1907 թ.)
դիակի մոտ» (1899 թ.) նկարում նկարիչն արտահայտել է իր մտորումները հայ ժողովրդի անցյալի մասին: 1905–15 թթ-ին Սուրենյանցն ապրել է Սանկտ Պետերբուրգում: 1915 թ-ին, ցնցված Մեծ եղեռնից, մեկնել է Թիֆլիս և Էջմիածին, ստեղծել է փախստական-գաղթականների բազմաթիվ էտյուդ-դիմանկարներ: 
1916 թ-ին Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի և ուրիշների հետ Թիֆլիսում հիմնադրել է Հայ արվեստագետների միությունը: Մ. Սարյանի հետ նկարազարդել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն (ռուսերեն, 1916 թ., Մոսկվա): 1917 թ-ից աշխատել է Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների էսքիզների վրա, որոնք, սակայն, չի ավարտել: 
Սուրենյանցն ստեղծել է XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք: «Ոտնահարված սրբություն» (1895 թ.) կտավում արտահայտել է թուրք իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի և նրա մշակույթի նկատմամբ: Հայոց ճակատագրի և անցյալի մասին իր մտորումները նկարիչը մարմնավորել է «Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ» (1897 թ.), «Կանանց ելքը Անիի եկեղեցուց» (1905 թ.), «Մկրտիչ Խրիմյան» (1906 թ.), «Սալոմե» (1907 թ.), «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը» (երկուսն էլ՝ 1909 թ.), «Ֆիրդուսին կարդում է «Շահնամե» պոեմը Մահմուդ Ղազնևիին» (1913 թ.) կտավներում: 
Սուրենյանցը նաև փայլուն դիմանկարիչ և բնանկարիչ է, խոշորագույն գրաֆիկն ու բեմանկարիչը արևելահայ կերպարվեստում:
1899 թ-ին Սուրենյանցի ձևավորումով լույս է տեսել Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը: Արժեքավոր են նաև Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» (1909 թ.), հայկական հեքիաթների [«Օձամանուկ և Արևհատ», «Գառնիկ ախպեր», «Իմաստուն օձը» (1906–14 թթ.)] և այլ գրքերի ձևավորումները: 1901 թ-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում ձևավորել է Անտոն Ռուբինշտեյնի «Դև» օպերայի, 1904 թ-ին` Մոսկվայի գեղարվեստական թատրոնում՝ Մորիս Մետեռլինկի «Կույրերը», «Այնտեղ՝ ներսում», «Անկոչը», 1905 թ-ին՝ Անտոն Չեխովի «Ճայ» պիեսների բեմադրությունները և այլն: 
Սուրենյանցը բնագրերից թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»-ը (1889 թ-ին ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ դերասան Պետրոս Ադամյանին), «Ամառային գիշերվա երազը», սոնետների մի մասը, Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի բանաստեղծություններից և այլ գործեր: Հայկական թերթերում և ամսագրերում հրապարակած հոդվածաշարերով Սուրենյանցը ներկայանում է որպես պատմաբան, ազգագրագետ, ճարտարապետության և արվեստի տեսաբան. նա մշակել է հայ ճարտարապետական կոթողները վերականգնելու մեթոդներ: 
Սուրենյանցի ստեղծագործության շնորհիվ հայկական արվեստը շփվել է գեղանկարչության եվրոպական հոսանքներին. նա հետևել է պլաստիկական ձևի նորագույն արտահայտություններին՝ չկորցնելով իր ստեղծագործության
Վ. Սուրենյանց.  «Զաբել թագուհու վերադարձը գահին» (1909 թ.)
ազգային նկարագիրը: Ակադեմիական հիմնավոր կրթությամբ, հայկական և համաշխարհային մշակույթների խոր իմացությամբ նա ժամանակի նշանավոր մտավորականներից էր: Սուրենյանցի «Սալոմե» կտավը ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված (1912 թ.) և Վենետիկի համաշխարհային (1914 թ.) ցուցահանդեսներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բաքվում (1901 թ.) և Երևանում (1931 թ., 1960 թ.` հետմահու):
Նրա «Աստվածամայրը գահի վրա» (1895 թ.) նկարը գտնվում է Էջմիածնի Մայր տաճարում:
Ախալցխայում Սուրենյանցի տան պատին տեղադրվել է նրա հարթաքանդակը (2009 թ., քանդակագործ` Լևոն Գրիգորյան): 

   «Սուրենյանցի կտավներում գերազանց ներկայացված է արևելյան ճարտարապետությունը՝ անթիվ զարդանախշերի հետ, որոնք քարին քանդակված ժանյակի նման են»:
Վլադիմիր Ստասով, 
ռուս արվեստաբան

   Մի անգամ, երբ ընտանիքով Բախչիսարայում էին, փոքրիկ Վարդգեսը կլանված նայել է «Արցունքի շատրվանի» խաչքար հիշեցնող պատվանդանին, քարի վրայով հոսող վճիտ ջրի շիթերին: Տանը մատիտով այնքան ճշգրիտ է նկարել տեսածը, որ զարմացրել է նույնիսկ ընտանիքի բարեկամին՝ Հովհաննես Այվազովսկուն. աշխարհահռչակ ծովանկարիչը յուղաներկերի մի տուփ է նվիրել շնորհալի երեխային...
  «Նկարը պետք է արտահայտի կյանքն այնպես, ինչպես այն երևում է մեր աչքին»:
   Վարդգես Սուրենյանց