Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աշխարհում հայերի 
բաշխվածության սխեմատիկ քարտեզ 
Ժնևի Սբ Հակոբ հայկական եկեղեցին (1969 թ.)
Հայոց ցեղասպանության  հուշարձան (1965 թ.) 
Բեկֆայայում (Լիբանան)
Բեյրութի Հայկազյան համալսարանը
Երուսաղեմի հայկական թաղամասը
Ախալցխայի Սբ Նշան հայկական եկեղեցին (1863 թ.)
Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի  կաթողիկեն և զանգակատունը (1655–64 թթ.) 
Բաղդադի Սբ Աստվածածին հայկական եկեղեցին (1840 թ.)
Լվովի Սբ Աստվածածնի վերափոխման հայկական եկեղեցին (1663–70 թթ.)
Բաքվի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին (1903 թ.)
Սփյուռքը ժողովրդի (էթնիկ հանրության) այն մասն է, որը քաղաքական, սոցիալական, տնտեսական և հատկապես բռնի արտաքսման պատճառներով բնակվում է հայրենիքից` բնօրրանից դուրս և ունի համայնքի պահպանման ու զարգացման սոցիալական հաստատություններ:

«Սփյուռք» (հունարեն՝ դիասպորա, նշանակում է սփռում, տարածում) հասկացությունն առաջացել է Հին Հունաստանում, մ. թ. ա. մոտ VIII դարում: 
Նախապես «դիասպորա» են անվանել հին հունական քաղաք-պետությունների այն քաղաքացիների համայնքները, որոնց գաղութացման և ուծացման նպատակով բնակեցրել են նոր գրաված տարածքներում: «Դիասպորա» են անվանել նաև Պաղեստինի այն հրեաների համայնքները, որոնց մ. թ. ա. 586 թ-ին արտաքսել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II (մ. թ. ա. 605–562 թթ.) թագավորը, 
մ . թ. ա. II–I դարերում՝ հռոմեացիները: 
Հայ իրականության մեջ առաջին զանգվածային բռնագաղթերը եղել են  III–IV դարերում՝ Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք. տեղի է ունեցել հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան: 
IV–XIII դարերում Բյուզանդիայի կայսրերը հայերին պարբերաբար բռնագաղթեցրել են Թրակիա, Մակեդոնիա և Բալկանյան թերակղզու այլ շրջաններ: Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի պատճառով նրանք հայտնվել են նաև բյուզանդական պետական կառույցների ամենաբարձր օղակներում. անգամ հիմնադրել են Մակեդոնական կամ Հայկական հարստությունը (867–1057 թթ.):
Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափերի է հասել VII–XIV դարերում, երբ տարբեր ժողովուրդների (արաբ, սելջուկ, մոնղոլ) ասպատակությունների պատճառով ստիպված գաղթել են Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ:
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375 թ.) հետո մեծ թվով հայեր գաղթել են Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: 
XI–XV դարերում հայկական գաղութներ են ստեղծվել Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Մոլդովայում և այլուր: Թուրքերի՝ 1453 թ-ին Կոստանդնուպոլսի  գրավման ժամանակ տեղի հայ համայնքը մեծ կորուստներ է ունեցել: 
Միջին դարերում տարբեր երկրներում հայերի տարածմանը  մեծապես նպաստել է նաև այն, որ XVI դարից հայ վաճառականների գործունեության շառավիղը Հնդկաստանից ու Պարսկաստանից ձգվել է մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա: Ռուսաստանի հարավային շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան և այլն) նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց շուրջ ձևավորվել են հայկական նոր համայնքներ:
XVI–XVII դարերում Պարսկաստանի արքաները, հատկապես Աբբաս I շահը, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուրհազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնադրել են նոր քաղաքներ (օրինակ՝ Նոր Ջուղան) կամ ստվարացրել հայկական հին համայնքները: Մի շարք երկրներից հայերն արտագաղթել են այլ վայրեր, մասնավորապես` Իրանից՝ Իրաք, Հնդկաստան, նաև Ռուսաստան ու Եվրոպա:
1828–29 թթ-ին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո Պարսկաստանից և Թուրքիայից Արևելյան Հայաստանում վերաբնակեցվել է շուրջ 150 հզ. հայ: 
1894–96 թթ-ին Օսմանյան կայսրությունում կազմակերպված ջարդերից հետո բազում հայեր արտագաղթել են նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկա: 
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) նախօրեին տարբեր երկրներում (Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլն) ապրող հայության ազգային կենսագործունեությունը կազմակերպել ու կարգավորել է համայնքային հաստատությունների համակարգը՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական, մարզական և զանազան այլ կազմակերպություններ: Հատկապես կարևորվում էին Կոստանդնուպոլիսն ու Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական ու ֆինանսական կենտրոնները: Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաև Զմյուռնիան (այժմ՝ Իզմիր), Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան:
Հայ գաղթաշխարհի պատմության մեջ նոր փուլ է սկսվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ Թուրքիայի իշխանությունները 1915–23 թթ-ին իրագործեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ ոճրագործությունից ողջ մնացածների հիմնական մասը բռնագաղթել է տարբեր երկրներ: 
1920-ական թվականներից հայկական գաղթաշխարհն անվանվել է Սփյուռք, ընդլայնվել է նրա աշխարհագրությունը:
Սփյուռքի ընդհանուր կառուցվածքում ներկայումս առանձնացվում են հետևյալ հիմնական խմբերը` Միջին և Մերձավոր Արևելքի երկրների (Իրան, Իրաք, Լիբանան, Սիրիա, Հորդանան և այլն), Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա), Հարավային Ամերիկայի երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ և այլն), Արևելյան Եվրոպայի երկրների (Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա և այլն) ու նախկին ԽՍՀՄ տարածքի հայ համայնքներ: Վերջիններս խորհրդային շրջանում կոչվում էին ներքին Սփյուռք: 
1988–92 թթ-ին Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի հետևանքով բռնի տեղահանվել է ավելի քան 400 հզ. հայ, որոնք ապաստանել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
2010 թ-ի տվյալներով՝ սփյուռքահայության թիվը շուրջ 8 միլիոն է: Ավելի քան 70 երկրներում կան կազմակերպված հայկական համայնքներ:
Սփյուռքահայության կյանքում մեծ դեր և ազդեցություն ունի Հայ առաքելական եկեղեցին: Որոշ գաղթօջախներում կան նաև կաթոլիկ և ավետարանական հայ համայնքներ: 
Զգալի դեր են կատարում նաև համասփյուռքյան քաղաքական ու մշակութային կազմակերպությունները` Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները, Համազգային, Թեքեյան, Նոր սերունդ մշակութային միությունները և այլն: Սփյուռքում կենսական նշանակություն ունեն բարեգործական կազմակերպություններն ու հիմնադրամները` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, Հայ օգնության ֆոնդը, Հովարդ Կարագյոզյան հաստատությունը: Մեծ ներդրում ունի  Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը: 
Սփյուռքի հետ կապեր հաստատելու և զարգացնելու համար ՀԽՍՀ-ում 1921 թ-ին ստեղծվել է Հայաստանի օգնության կոմիտեն (գործել է մինչև 1937 թ.), որի առաջին նախագահը Հովհաննես Թումանյանն էր:
Սփյուռքի խնդիրներով հետագայում զբաղվել են ՀԽՍՀ Ժողկոմխորհի ներգաղթի հանձնաժողովը (1931 թ.), ներգաղթի կոմիտեն (1931–37 թթ.), Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերությունը (1944 թ-ից), իսկ 1964–91 թթ-ին` Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն:
Սփյուռքի գրեթե բոլոր կազմակերպությունները հետամուտ են Հայկական հարցի լուծմանը: 1960-ական թվականներից հիմնվել են նաև հատուկ կազմակերպություններ, որոնցից առավել ազդեցիկ են Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը: Այդ կազմակերպությունների երկարամյա և հետևողական գործունեությունը մեծապես նպաստել է մի շարք երկրների և միջազգային որոշ կազմակերպությունների՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը:
1920 թ-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1921–36 և 1946– 1948 թթ-ին ՀԽՍՀ և ԽՍՀՄ կառավարությունները կազմակերպել են զանգվածային հայրենադարձություն:
ՀՀ-ի և Սփյուռքի միջև հարաբերությունները որակապես փոխվել են Հայաստանի անկախացումից (1991 թ.) հետո: ՀՀ ծանր սոցիալ-տնտեսական վիճակի հետևանքով 1990-ական թվականներին սկիզբ առած և իր չափերով աննախադեպ զանգվածային արտագաղթի պատճառով հայ բնակչությունն զգալիորեն աճել է հատկապես Ռուսաստանի Դաշնության տարածքում (շուրջ 1,5 մլն՝ ըստ ՌԴ մարդահամարի) և ԱՄՆ-ում (ավելի քան 1 մլն): 
Ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմնական միջոցները կուտակվում են սփյուռքահայ բարերարների ներդրումներից և ուղղվում ՀՀ-ի վերաշինությանը:
Հայ ժողովրդի 2 հատվածների միջև հարաբերություններն առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնելու նպատակով 1962–90 թթ-ին, որոշ ընդհատումներով, Երևանում կազմակերպվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք վերսկսվել են ՀՀ անկախությունից հետո: Հանրապետության իշխանությունների նախաձեռնությամբ 1999, 2002 և 2006 թթ-ին Երևանում հրավիրվել են «Հայաստան-Սփյուռք» համահայկական խորհրդաժողովներ, իսկ 1999 թ-ից, 2 տարվա պարբերությամբ, անցկացվում են Համահայկական խաղեր (6-րդը նախատեսվում է 2011 թ-ին), որոնց մասնակցում են Սփյուռքի գրեթե բոլոր համայնքների մարզական պատվիրակությունները: 2002 թ-ից, ամեն տարի ամռանը, կազմակերպվում են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքները: 2004 թ-ից, 2 տարին մեկ, ՀՀ-ում տեղի է ունենում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնը: 
Սփյուռքի խնդիրների լուծմանն առավել աջակցելու, հայրենադարձությունը կազմակերպված դարձնելու, ինչպես նաև Սփյուռքի ներուժը ՀՀ-ի զարգացման համար ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով 2008 թ-ին ՀՀ-ում ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: