Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վագներ Վիլհելմ
1813 թ., Լայպցիգ, Գերմանիա
1883 թ., Վենետիկ 
(թաղված է ք. Բայրոյթում, Գերմանիա)

Դիմանկարը՝ Ֆրանց Հանֆշտանգլի (1871 թ.)
Ռ. Վագների կիսանդրին Լայպցիգում 
(1910-ական թթ., ըստ Մաքս Կլինգերի էսքիզի )
Գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, դրամատուրգ և փիլիսոփա 
Ռիխարդ Վագները ժամանակակից դիրիժորական արվեստի հիմնադիրներից է և օպերային արվեստի խոշորագույն բարեփոխիչ:

Ռիխարդ Վագները երաժշտությամբ զբաղվել է 15 տարեկանից. դաշնամուրի առաջին ուսուցիչները եղել են նրա քույրերը: 1828 թ-ին ընդունվել է Լայպցիգի գիմնազիան, 1831 թ-ից սովորել է Լայպցիգի համալսարանի երաժշտության բաժնում: Որպես խմբավար, ապա նաև դիրիժոր՝ 1830-ական թվականներին աշխատել է Վյուրցբուրգի, Մագդեբուրգի, Քյոնիգսբերգի և Ռիգայի երաժշտական թատրոններում: 
1839–42 թթ-ին կոմպոզիտորն ապրել է Փարիզում, ստեղծել իր առաջին նշանավոր երկերը՝ «Ֆաուստ» (ըստ Վոլֆգանգ Գյոթեի)  նախերգանքը և «Թռչող հոլանդացին» (ըստ ժողովրդական լեգենդների և Հայնրիխ Հայնեի) օպերան: 1843–49 թթ-ին Վագները եղել է Դրեզդենի պալատական թատրոնի դիրիժորը, գրել է «Տանհոյզեր» (ըստ միջնադարյան լեգենդների) և «Լոենգրին» օպերաները: 1849 թ-ին մասնակցել է Դրեզդենի ապստամբությանը, որի պարտությունից հետո տարագրվել է Շվեյցարիա: 
Վագների գրական-երաժշտական մտահղացումների ամբողջական մարմնավորումը «Նիբելունգի մատանին» օպերային քառերգությունն է (1856–74 թթ.): Լավագույն գործերից են նաև «Տրիստան և Իզոլդա» (ըստ Գոտֆրիդ Ստրասբուրգցու, 1859 թ.), «Նյուրնբերգցի մայստերզինգերներ» (1872 թ.) օպերաները: 
1872 թ-ից կոմպոզիտորը հաստատվել է Բայրոյթում, որտեղ 1876 թ-ին հիմնել է օպերային թատրոն՝ հատկապես իր երաժշտական դրամաները բեմադրելու նպատակով: Նրա վերջին երաժշտադրամատիկական ստեղծագործությունը «Պարսիֆալ» (1882 թ., ըստ միջնադարյան քրիստոնեական լեգենդի) միստերիա-օպերան է: Վագներն իր գործունեությամբ հաստատել է գեղարվեստական նոր սկզբունքներ (արվեստների միավորման անհրաժեշտություն), ստեղծել է մոնումենտալ-երաժշտական դրամա, ընդարձակել և նորովի է մեկնաբանել նվագախմբի հնարավորություններն ու գործիքների առանձին խմբերի (հատկապես պղնձափողայինների) դերը:
«Ռիենցի» օպերայում արտահայտվել են Վագների ազատասիրական տրամադրությունները, դրամատուրգի և սիմֆոնիստի վառ տաղանդը, «Տանհոյզերում»՝ բողոքը բուրժուական երեսպաշտ բարոյականության դեմ, «Տրիստան և Իզոլդա» օպերայում բացահայտվել է գլխավոր հերոսների սիրո և մահվան ողբերգականությունը, «Նյուրնբերգցի մայստերզինգերներ» կոմիկական օպերայում ժողովրդական արվեստը հակադրվել է հնացած կանոններին, իսկ «Նիբելունգի մատանին» օպերային քառերգության մեջ ոսկու իշխող գաղափարը՝ սիրո ուժին ու սխրանքին: Նրա ստեղծագործության լավագույն էջերից են նաև «Վալկիրիաների թռիչքը», «Վոտանի հրաժեշտը և կրակի նզովումը», «Սգո քայլերգը» սիմֆոնիկ պատկերները:
Վագները գրել է լիբրետոներ, դրամաներ, բանաստեղծություններ, ակնարկներ, ուսումնասիրություններ արվեստի պատմության վերաբերյալ, գրախոսություններ, երաժշտական տեսական աշխատություններ («Արվեստը և հեղափոխությունը», 1849 թ., «Ապագայի գեղարվեստական ստեղծագործությունը», 1850 թ., «Օպերան և դրաման», 1851 թ., «Դիմում իմ բարեկամներին», 1851 թ.) և այլն: 
Հայ իրականության մեջ հայտնի է Կոմիտասի հոդվածը Վագների մասին: Նրա օպերաների («Տանհոյզեր», «Վալկիրիա», «Լոենգրին» և «Զիգֆրիդ») կանանց դերերգերի հայտնի կատարողներից էր հայազգի երգչուհի Սոֆյա Ակիմովան: 1965 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Վագների «Տանհոյզեր» օպերան:
Վագների անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

   «Վագները Գերմանիային ազգային երաժշտություն տվավ, իսկ օտարներին՝ դաս»:
Կոմիտաս, 
կոմպոզիտոր
   Ըստ գերմանացիների՝ Վագներին վերապահված էր աշխարհը ֆրանսիական մատերիալիստական քաղաքակրթությունից ազատելու մեծ առաքելություն, որը նաև գերմանացիների «ազգային առաքելությունն» էր:
   Վագների փիլիսոփայական հայացքներին ժամանակին անդրադարձել է նաև գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն:

   «Շատ ցավալի է .... Այդ անունը մեծ հետք է թողել արվեստի պատմության մեջ»,–   Վագների մահվան կապակցությամբ ասել է Ջուզեպպե Վերդին: