Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վարուժան Դանիել
1884 թ., գ. Բրգնիք 
(Սեբաստիայի նահանգ, Արևմտյան Հայաստան)
1915 թ., Մեծ եղեռնի զոհ
Դ. Վարուժանի ձեռագիրը
Դ. Վարուժանի 
կիսանդրին Երևանում` նրա անվան դպրոցի առջև 
(1972 թ., քանդակագործ`  Թորգոմ Չորեքչյան)
Դանիել Վարուժանն արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը:

 Դանիել Վարուժանը (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը,  որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից:
1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:
1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել  Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր: 
1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը:
Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված վիշտն է և ամոքման բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և այլն):
«Ցեղին սիրտը» (1909 թ.) ժողովածուի մեջ գերիշխողը հայրենասիրական ոգին է. մեկտեղվել են ցեղի մորմոքն ու արյան ընդվզումը, ապրելու հավատն ու մարդասիրությունը: Բաղկացած է «Ձոն» (որպես բնաբան) և «Նեմեսիս» (նախերգանք) բանաստեղծություններից, 2 բաժնից և «Հովիվը», «Արմենուհին», «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպերից: Առաջին՝ «Բագինին վրա» բաժնում պատկերված է զոհաբերվող ժողովրդի տառապանքն ու ողբերգությունը («Ջարդը», «Կիլիկյան մոխիրներուն», «Մարած օջախ»), պանդխտության ցավերը («Կարոտի նամակ», «Ծեր կռունկը»), սոցիալ-քաղաքական ճնշումները («Հորս բանտին մեջ», «Լվացարարուհին», «Օձը»), երկրորդ՝ «Կրկեսին մեջ» բաժնում հեղինակը ներկայացրել է պայքարող հայորդիներին («Առևանգիչը», «Դյուցազնի մը սուրին», «Հաղթողը» և  այլն), նրանց փառաբանող պոետի կերպարը: Ատելությամբ խոսելով թուրքական բռնակալության և Աբդուլ Համիդ II սուլթանի մասին՝ բանաստեղծը բացահայտել է նաև եվրոպական տերությունների կեղծ մարդասիրությամբ քողարկված խարդախ դիվանագիտությունը.

Աղվո՜ր աղջիկ, ուրիշներու արցունքին
Գիտե՞ս, թե որչափ աշխարհս է անտարբեր...

Վարուժանի «Ձոնը» վշտի և կարոտի, ծանր ապրումների և զորեղ զգացումների ամբողջություն է: Բանաստեղծությունն ամփոփվում է խոր հավատով ու պայքարի ոգեշունչ խոսքերով.

Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի.
– Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գրչով վրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ:

1912 թ-ին լույս է տեսել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն՝ կազմված «Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ» շարքերից ու «Հարճը» պոեմից:
Առաջին շարքում հեթանոս կյանքի հեռապատկերի վրա բանաստեղծն ստեղծել է իր երազած աշխարհը. նա նպատակ չի ունեցել հեռավոր անցյալի մեջ փնտրելու մարդու երջանկությունը, այլ ծեսերի, դիցաբանական ավանդապատումների միջոցով ներկայացրել է ուժեղ ու կատարյալ մարդու, նաև ազատ, ներդաշնակ աշխարհի մասին իր իդեալները («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Օ՛ Տալիթա», «Հեթանոսական» և այլն): 
«Գողգոթայի ծաղիկներ» շարքում Վարուժանը պատկերել է բանվորների ծանր կացությունը, որոնց ապրելու երջանկությունը վերածվել է գոյության դրամայի («Բանվորուհին», «Սպասում», «Մեռնող բանվոր»): Այստեղ առավել ցայտուն է դրսևորվել նախորդ շարքում արծարծված մաքառման և ազատության գաղափարը:
«Հարճը» պոեմի նյութը հեղինակը քաղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից». ստեղծել է հզոր մարդկանց զգացմունքերի ու կրքերի պատմություն՝ ի հակադրություն XX դարի քաղքենի կյանքի, մանր ու ծախու բարքերի: Տրդատը՝ քաջարի ու առնական մի տղամարդ, խիզախորեն կռվում է չքնաղ Նազենիկի՝ Սյունաց Բակուր նահապետի հարճի համար և  նվաճում նրան: Եվ չնայած մեռնում է Նազենիկը՝ «զարնված աղվոր աղավնու» պես, բայց չի մեռնում սերը: Նազենիկի սիրտը վերապրում է բնության մեջ, իր «լույս մարմնույն ավիշներով կենսահորդ» խառնվում հավերժ նորոգվող բնությանը:
Վերջին՝ «Հացին երգը» (1921 թ., հետմահու) ժողովածուի մեջ բանաստեղծը գովերգել է գյուղական կյանքն ու բնությունը, աշխատանքի ու հացի արարման խորհուրդը  («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հունձք կը ժողվեմ», «Հասուն արտ» և այլն).

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
– Լուսնակը յարս է –
Ակոս-ակոս ման գալով:
– Սիրածըս հարս է: –
Արտըս ոսկու՛ն է...  Նըման բոցերու.
Ցորենն է բռընկեր՝ Առանց այրելու:

Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել նաև «Գինիին երգը» շարքը, հայ առասպելների ու ավանդությունների նյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգը, որոնք, սակայն, ընդհատվեցին արյունալի աղետով.

Անդի՛ն, անդի՛ն կը մորթեն
Կյանքն արտին մեջ և գաղափարը՝ 
գանկին...

Վարուժանի ժողովածուները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Երևանում նրա անունով կոչվել են փողոց, դպրոց, որի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

   «Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց»:
   «Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային»:
Դանիել Վարուժան
   «Դանիել Վարուժանի ....«Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց»:
Սերգեյ Գորոդեցկի, 
ռուս բանաստեղծ, թարգմանիչ

   «Վարուժանի հայերենը բազմակողմանի հարստություն ունի և ճկուն է, կարող՝ արտահայտելու ամեն գաղափար ու զգացում և պատկերացնելու ամեն տեսարան. հնչուն է ու զորավոր և իր արտահայտության կերպին պես բազմազան ու գունեղ»:
Մեսրոպ Ճանաշյան, 
գրականագետ
   «Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»:
Հակոբ Օշական, 
գրող

   «Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով ....
Դանիել Վարուժանը .... ի՛նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են...»:
Սեն Ժոն Պերս, 
ֆրանսիացի բանաստեղծ
   1958 թ-ին Գենտի համալսարանի մեծ սրահի պատին ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ նա 1905–09 թթ-ին սովորել է այդ համալսարանում: