Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տերտերյան Ավետ
1920 թ., Բաքու 
1994 թ., ք. Եկատերինբուրգ (թաղված է Երևանում)
Ա. Տերտերյանի դիմաքանդակը 
(1978 թ., քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան)
Կոմպոզիտոր, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը 
XX դարի հայկական երաժշտության վառ ու ինքնատիպ անհատականություններից է: Նրա անվան հետ է կապվում հայկական սիմֆոնիզմի զարգացման նոր շրջանը:

Ավետ (Ալֆրեդ) Տերտերյանը 1948– 1951 թթ-ին սովորել է Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1957 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (դասատու՝ Էդվարդ Միրզոյան), 1967 թ-ին՝ ասպիրանտուրան: 1970–94 թթ-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1985 թ-ից): 1960–63 թթ-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության քարտուղար: 
Տերտերյանը միահյուսել է ազգային երաժշտության հնագույն ավանդույթները և արևմտաեվրոպական երաժշտության նորագույն տեխնիկական հնարքները: Նրա երաժշտության մեջ նշանակալի տեղ են գրավում «Կրակե օղակ», «Երկրաշարժ» (ըստ  Հայնրիխ ֆոն Կլայստի, առաջին բեմադրությունը Մյունխենում՝ 2003 թ-ին, Վոլֆ Էբերմանի մրցանակ՝ 2004 թ.) օպերաները, «Ռիչարդ III-ի մենախոսությունները» բալետը, «Հայրենիք» և «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերը, 2 լարային կվարտետները, Թավջութակի և դաշնամուրի սոնատը: Առավել հայտնի են նրա 8 սիմֆոնիաները, որոնք աչքի են ընկնում ձևի, բովանդակության, երաժշտական լեզվի, շարականների ավանդույթների փոխակերպման նորարարական հնարքներով: Սիմֆոնիաներում ինքնատիպ արտահայտչամիջոցներով արծարծված են տիեզերական ներդաշնակության, մարդու և բնության փոխհարաբերության հավիտենական խնդիրները: Հեղինակ է նաև բազմաթիվ ռոմանսների («Սոխակ և վարդ»՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի, «Ամեն գիշեր իմ պարտեզում», «Գետակի վրա»՝ ըստ Ավետիք Իսահակյանի, և այլն) ու երգերի («Օրորոցային իմ քաղաքի», «Աշնանային բլյուզ»՝ ըստ Անդրեյ Վերդյանի, և այլն):  Նրա գործերը ղեկավարել են ճանաչված դիրիժորներ Գենադի Ռոժդեստվենսկին, Ալեքսանդր Լազարևը, Ջանսուղ Կախիձեն, Դավիթ Խանջյանը, Ռուբեն Ասատրյանը և ուրիշներ: 
Տերտերյանը գրել է երաժշտություն կինոյի (գեղարվեստական՝ «Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ., «Քամին ունայնության», 1989 թ., «Հին աստվածներ»՝ ըստ Լևոն Շանթի, 1993 թ., «Վերջին կայարան», 1994 թ., մուլտիպլիկացիոն՝ «Երազահան», 1989 թ., բոլորը՝ Հայֆիլմ, վավերագրական՝ «Անվերջ ձգվող դասամիջոց», «Հայր մեր», «Ցասման հացը», երեքն էլ՝ 1996 թ., «Երևան» ստուդիա) և թատրոնի («Յոթ կայարան»՝ ըստ Սիլվա Կապուտիկյանի, 1971 թ., Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III», 1972 թ., «Ավերված քաղաքի առասպելը», 1975 թ.՝ ըստ Պերճ Զեյթունցյանի «Արշակ Բ» վեպի) համար: 
Եկատերինբուրգում (1994, 1995, 1999, 2002 և 2005 թթ.) և Նիժնի Նովգորոդում (1999 թ.) անցկացվել են Տերտերյանի երաժշտության փառատոներ:
 Տերտերյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական (1977 թ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993 թ.) մրցանակների, պարգևատրվել  ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (1998 թ., հետմահու):
Տերտերյանի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց:

   2004 թ-ի հուլիսի 25-ին Երևանի Կասկադում բացօթյա կատարվել է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ: