Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տիցիան Վեչելլիո
1476/1477/1480-ական թթ., գ. Պիևե դի Կադորե, Վենետոյի մարզ, Իտալիա 
 1576 թ., ք. Վենետիկ

«Ինքնանկար» 
(1550-ական թթ.)
Տիցիան. «Երկրային և երկնային սեր» (1515–16 թթ.), «Վեներան և Ադոնիսը» (1550-ական թթ.)
«Սուրբ Սեբաստիանոս» (1570 թ.)
Իտալացի նկարիչ Վեչելլիո Տիցիանը Բարձր և Ուշ Վերածննդի 
դարաշրջանների վենետիկյան դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է: Մշակել է նոր տեխնիկա, որը մեծապես նպաստել է համաշխարհային 
գեղանկարչության զարգացմանը: 

Տիցիանը 10 տարեկանում Վենետիկում խճանկարչության դասեր է առել Սեբաստիան Ձուկատոյից, մի քանի տարի անց աշակերտել է նկարիչ Ջովաննի Բելլինիին՝ Ջորջոնեի և ապագա նշանավոր այլ նկարիչների հետ: Մոտ 1508 թ-ին Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմանական իջևանատան որմնանկարները, իսկ վերջինիս մահից (1510 թ.) հետո ավարտել է նրա «Քնած Վեներան» կտավը: 
Տիցիանն աշխատել է հիմնականում Վենետիկում, նաև Պադուայում (1506 թ.), Ֆեռարայում (1516 և 1523 թթ.), Մանտուայում (1536–37 թթ.), Ուրբինոյում (1542–44 թթ.), Հռոմում (1545–46 թթ.) և Աուգսբուրգում (Գերմանիա, 1548 և 1550– 1551 թթ.): Ստեղծել է աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով նկարներ, հայտնի է նաև որպես դիմանկարիչ: 
Տիցիանը 30 տարեկանում Վենետիկի լավագույն նկարիչն էր: Նրա արվեստն աչքի է ընկնում կյանքի բազմակողմանի ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ:
1510-ական թվականների կեսից Տիցիանը մշակել է ուրույն ոճ. նրա կերպարներին բնորոշ է հանգստությունը, իսկ կտավներին՝ մաքուր գույների ներդաշնակությունը: 1510–30-ական թվականներին նկարիչն առավելապես ստեղծել է պաթոսով և դինամիկայով օժտված գործեր՝ «Սալոմե» (1515 թ.), «Ֆլորա» (մոտ 1515 թ.), «Երկնային և երկրային սեր» (մոտ 1515–16 թթ.), «Աստվածամոր համբարձվելը» (1518 թ.), «Կեսարի դինարը» (1518 թ.), կենսալի կերպարներ, սլացիկ շարժումներով հորինվածքներ («Բաքոսը և Արիադնան», 1523 թ.): Տիցիանը կրոնական և դիցաբանական թեմայով նկարներում հաճախ ներմուծել է ճարտարապետական ֆոն և կենցաղային մանրամասեր («Պեզարո ընտանիքի տիրամայրը», 1526 թ., և այլն):
1519–26 թթ-ին որմնանկարել է մի շարք Ավագ խորաններ: 
Տիցիանի դիմանկարչական արվեստը ծաղկել է 1530–40-ական թվականներին. ժամանակակիցների կերպարներում ընդգծել է նրանց բնավորության գծերը, յուրաքանչյուրի համար գտել հորինվածքային հնարամիտ, գունային յուրօրինակ լուծումներ («Հիպպոլիտո Մեդիչի», 1532–33 թթ., «Վեներա», 1538 թ., «Պիետրո Արետինո», 1545 թ., «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ», 1545–46 թթ., և այլն):
XVI դարի կեսից՝ ստեղծագործության ուշ շրջանում, Տիցիանը հասել է կատարյալ գեղանկարչականության և կրոնական ու դիցաբանական թեմաների մեկնաբանման բացառիկ խորության: Մարդու մարմնի գեղեցկությունը նկարչի գործերի առանձնահատուկ թեմաներից է  («Դանայա», մոտ 1554 թ., «Վեներան հայելու առջև», 1550-ական թվականներ, «Եվրոպայի առևանգումը», մոտ 1559 թ., և այլն):
Այդ շրջանի կրոնական թեմայով նկարներին («Սուրբ Հիերոնիմոս», մոտ 1552 թ., «Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին», 1560-ական թթ., «Սուրբ Սեբաստիանոս», 1570 թ., և այլն) բնորոշ են գունային նուրբ ելևէջներն ու ազատ կերպավորումը: 
Տիցիանը գեղանկարչության մեջ մշակել է նոր տեխնիկա. ներկերը կտավին քսել է և՜ վրձնով, և՜ մատներով, և՜ քսաթիակով: Նա ստեղծել է  նաև գծանկարներ:
Տիցիանի նկարներն ուսումնասիրել են տարբեր երկրների ու դարաշրջանների նկարիչներ (Տինտորետո, Էլ Գրեկո, Ռեմբրանդ, Էդուարդ Մանե, Դիեգո Վելասկեզ, Պիտեր Ռուբենս և ուրիշներ): Նրան անվանել են Աստվածային Տիցիան:
Տիցիանի գործերից պահվում են Լոնդոնի ազգային, Բեռլինի, Հռոմի Բորգեզե, Ֆլորենցիայի Պալատին պատկերասրահներում, Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ և այլ թանգարաններում:
Նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: 


   Իսպանիայի Կառլոս V թագավորը Տիցիանին հրավիրել է իր մոտ և արժանացրել հատուկ պատվի ու հարգանքի: «Ես կարող եմ ունենալ հերցոգ, սակայն չեմ կարող գտնել երկրորդ Տիցիան»,– ասել է նա:
   Մի անգամ նկարելու ժամանակ Տիցիանի ձեռքից վրձինն ընկել է: Կառլոս V-ը բարձրացրել է այն և ասել. «Տիցիանին ծառայելը պատիվ է նույնիսկ թագավորի համար»: