Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տոկիո պրեֆեկտուրայի խորհրդանշանը 

Բուն Տոկիոյի տարածքը 615,8 կմ2 է, պրեֆեկտուրայինը՝  2187 կմ2
բնակչությունը՝ 8,4 մլն, պրեֆեկտուրայինը՝ 15, 6 մլն (2010 թ.):
Տոկիոյի համայնապատկերը
«Մազդա» ավտոմեքենայի խանութ-սրահ Տոկիոյում
Տոկիոյի հեռուստաաշտարակը (1958 թ.)

«Կեյո» համալսարանի համալիրը և բուդդայական տաճար Ձոձոձին շրջանում
Տոկիոն Ճապոնիայի ու համանուն պրեֆեկտուրայի մայրաքաղաքն է, 
աշխարհի առավել խոշոր և արագ աճող քաղաքներից: 
Հիմնադրվել է XII դարի կեսին: 

Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևելքում՝ Էդոգավա, Արագավա, Սումիդա, Տամա գետերի գետաբերանում՝ Խաղաղ օվկիանոսի՝ Տոկիոյի ծոցի ափին՝ Կանտո հարթավայրում: Կլիման մերձարևադարձային, մուսոնային է: 
Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1 օC է, օգոստոսինը՝ 25,6 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1343 մմ: Հաճախակի են թայֆուններն ու երկրաշարժերը. վերջինը (1923 թ.)՝ 8,3 բալլ ուժգնությամբ, խլել է 142 հզ. մարդու կյանք:
Մեծ Տոկիոն (Տոկիո-տո) Ճապոնիայի վարչական պրեֆեկտուրաներից է՝ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան, և բացի Հոնսյու կղզու հարավարևելյան մասից՝ կազմված է 23 վարչական շրջաններից, 26 առանձին քաղաքներից, 7 ավանային համայնքներից, 8 գյուղից, Իձու և Օգասավարա կղզիներից:
Մայրաքաղաքը ղեկավարում է համաժողովրդական քվեարկությամբ ընտրված պրեֆեկտային խորհուրդը՝ նահանգապետի գլխավորությամբ: Տոկիոյում են երկրի կառավարությունը և կայսրի պալատական համալիրը՝ ճապոնական կայսրերի գլխավոր նստավայրը:
Տոկիոն հիմնադրվել է XII դարում, երբ զինվոր Էդո Տարո Սիգեդան այնտեղ կառուցել է ամրոց (էդո՝ բառացի նշանակում է ծովափ): 1457 թ-ին այդ վայրում կառուցվել է Էդո սամուրայական դղյակը, որի շուրջ տարածվել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր: 1590 թ-ին ամրոցին տիրել է ավատ և պետական գործիչ Հեյասու Տոկուգավան, իսկ 1603–1867 թթ-ին Էդոն եղել է Տոկուգավա տան սյոգունների (զինվորական առաջնորդներ, ավատատիրական խոշոր տների ներկայացուցիչներ) նստավայրը (մինչև 1868 թ. Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը): 1720 թ-ին Էդոյի բնակչությունը 1 մլն էր (աշխարհի ամենախոշոր քաղաքն էր): 1869 թ-ին՝ սյոգունության վերացումից հետո, կայսրի նստավայրը տեղափոխվել է Էդո, որը 1896 թ-ին վերանվանվել է Տոկիո (Արևելյան մայրաքաղաք) և դարձել մայրաքաղաք: 
Տոկիոն Ճապոնիայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է, աշխարհի 3 ֆինանսական կենտրոններից (Նյու Յորքի ու Լոնդոնի հետ): Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն):
Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ:
Տոկիոն Ճապոնիայի հիմնական տրանսպորտային հանգույցն է. քաղաքում գործում են Հանեդա և Նարետա միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտենը: Տոկիոն բազմաթիվ ճեպընթաց ավտոմայրուղիներով ու երկաթուղիներով կապված է երկրի այլ քաղաքներին: Երկրի արտաքին առևտրի շրջանառության կեսից ավելին կատարվում է քաղաքամերձ Յոկոհամա, Կավասակի, Յոկոսովա, Տիբա նավահանգիստներով: 
Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում  են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թ-ին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ: 
Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով: Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր):
Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ. 1923 թ-ի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–45 թթ.) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին:  
Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թ., վերականգնվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (XVII դարի
Գիշերային Տոկիոն
վերջ – XVIII դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է XVII դարում) և Մեյգի (XIX դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է XVII դարում, վերականգնվել՝ XX դարում) տաճարները և ճարտարապետական այլ  հուշարձաններ:
XX դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–36 թթ.), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960– 1961 թթ.), Օլիմպիական մարզահամալիրը (1963–64 թթ.), Սբ Մարիամի տաճարը (1964 թ.) և այլն:
Տոկիոյում են անցկացվել XVIII օլիմպիական խաղերը (1964 թ.):
Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար: