Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Տոսկանինի Արտուրո
1867 թ., ք. Պարմ, 
Իտալիա
1957 թ., Նյու Յորք
Ա. Տոսկանինիի դամբարանը Միլանի Մոնումենտալ  գերեզմանատանը
Արտուրո Տոսկանինին XX դարի իտալացի խոշորագույն դիրիժորներից է: 
Նրան անվանել են դիրիժորական փայտիկի արքա:

Արտուրո Տոսկանինին 9 տարեկանից սովորել է Պարմի արքայական երաժշտական դպրոցում՝ թավջութակի, դաշնամուրի և տեսության դասարաններում: 13 տարեկանում հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ թավջութակահար: 1885 թ-ին ավարտել է Պարմի կոնսերվատորիայի թավջութակի դասարանը, ընդունվել է իտալական օպերային շրջիկ թատերախումբ՝ որպես թավջութակահար, խմբավարի օգնական, և հյուրախաղերով հանդես եկել Բրազիլիայում: 
Դիրիժորական առաջին ելույթը 1886 թ-ին էր, Ռիո դե Ժանեյրոյում. ղեկավարել է (առանց նոտաների՝ անգիր) Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան: 
1887–98 թթ-ին Տոսկանինին եղել է Իտալիայի մի շարք քաղաքների օպերային թատրոնների և սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժոր: 1892 թ-ին Միլանում ղեկավարել է Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ», 1896 թ-ին Տուրինում՝ Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերաները, արժանացել է ճանաչման և փառքի: 1898 թ-ին Իտալիայում նրա ղեկավարությամբ առաջին անգամ կատարվել է Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան: 1898–1929 թթ-ին (ընդհատումներով) Տոսկանինին եղել է Միլանի «Լա Սկալա», միաժամանակ, 1898–1903 թթ-ին՝  Բուենոս Այրեսի (ձմեռային թատերաշրջանների), 1908–15 թթ-ին՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնների գլխավոր դիրիժոր: Տոսկանինին ելույթներ է ունեցել աշխարհահռչակ երգիչներ Էնրիկո Կառուզոյի, Ջերալդինա Ֆառարի և ուրիշների հետ: 
1910 թ-ին Տոսկանինիի ղեկավարությամբ և Կառուզոյի մասնակցությամբ «Մետրոպոլիտենում» մեծ հաջողություն է ունեցել Ջ. Պուչչինիի «Աղջիկն Արևմուտքից» օպերայի բեմադրությունը (հանդիսատեսը Պուչչինիին 55 անգամ բեմ է հրավիրել): 1913 թ-ին Տոսկանինիի ղեկավարությամբ ԱՄՆ-ում բեմադրվել է Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերան: Նույն թվականին Տոսկանինին Իտալիայում մասնակցել է Ջուզեպպե Վերդիի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին, «Լա Սկալա» օպերային թատրոնում բեմադրել է նրա «Տրավիատա», «Ֆալստաֆ» օպերաները: 
1926–36 թթ-ին ղեկավարել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, 1937–54 թթ-ին՝ ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը, 1946–49 թթ-ին միաժամանակ ստեղծագործել է Իտալիայում: Տոսկանինին ղեկավարել է նաև Բայրոյթի (1930–31 թթ.), Զալցբուրգի (1934–37 թթ.), Լոնդոնի (1935– 1939 թթ., իր հիմնած), Լյուցեռնի (1938–39 թթ.) երաժշտական փառատոները: 1936 թ-ին մասնակցել է Պաղեստինի սիմֆոնիկ նվագախմբի (այժմ՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբ) ստեղծմանը:
Դիրիժորն աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ հաջողությամբ ներկայացրել է Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Ժոզեֆ Հայդնի, Յոհաննես Բրամսի, Ջ. Վերդիի, Ռիխարդ Վագների, Դմիտրի Շոստակովիչի (1942 թ-ին առաջին անգամ ԱՄՆ-ում՝ 7-րդ սիմֆոնիան, որը հեռարձակվել է ռադիոյով և ձայնագրվել. Տոսկանինին ձայնապնակն ուղարկել է Շոստակովիչին) և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Ջ. Վերդիի թաղման արարողության ժամանակ ղեկավարել է 900-հոգանոց նվագախումբ: 
Տոսկանինիի դիրիժորական գործունեությունը տևել է շուրջ 70 տարի: Նրան բնորոշ էին կատարողական հախուռն խառնվածքը, բարձր վարպետությունը, երաժշտական երկի հստակ մատուցումը:

   Արտուրո Տոսկանինին սիրում էր կրկնել, որ նվագախումբը չհեծած ձի է, որին պետք է սանձահարել: Եթե ձին զգում է, որ հեծյալ-դիրիժորը բարեսիրտ է, ապա նրան պարզապես գցում է իր վրայից: Նվագախումբը հենց առաջին տակտից հասկանում է՝ դիրիժորն իր գործի գիտակն է, թե ոչ:
   Տոսկանինին օժտված էր երաժշտական բացառիկ հիշողությամբ. մոտ 30 տարեկանում նրա երկացանկն ընդգրկում էր 165 օպերային ստեղծագործություններ, որոնք ղեկավարում էր անգիր: